Կարծիքներ կան, որ ամերիկյան միլիոնատեր Դեն Բիլզերյանին հրավիրել է Ռոբերտ Քոչարյանը, քանի որ վերջինիս որդին՝ Լևոն Քոչարյանը, նրա կինը՝ երգչուհի Սիրուշոն, ուղեկցել են հայ և որդիներ Բիլզերյաններին և միլիոնատիրոջ սիրուհիներին զվարճանքի տարբեր վայրերում: Չի բացառվում, որ Մարտի 1-ի գործով գլխավոր մեղադրյալը խաղամոլ միլիոնատիրոջը Հայաստան բերելով, նպատակ է ունեցել ամրապնդելու իր հեղինակությունը, ի ցույց դնելով միջազգային կապերը զենքի և թմրամիջոցների սիրահարների շրջանում:

Այնպես որ վստահաբար կարելի է ասել, որ մերկ գեղեցկուհիների արքա Բիլզերյանի այցը իր քաղաքական և հոգեբարոյական ենթատեքստերով հանդերձ կայացավ հեղափոխության շնորհիվ: Քանի որ այդ այցի կարիքը չէր լինի, եթե Քոչարյանին մեղադրանք չառաջադրվեր, և նա առիթով ու անառիթ իրեն հանրության աչքը չգցեր:
Այս օրերին հայկական մեդիադաշտը տարված էր թմրամոլ միլիոնատիրոջ անցուդարձով, նրա անառողջ նախասիրություններով, ռազմատենչ լուսանկարներով, որոնք հիշեցնում են մարտի մեկի գործով գլխավոր մեղադրյալի աֆրիկյան որսի տեսարանները: Նրա շորտերն ու լայնաշուրթ ուղեկցորդուհիները, որոնց թվում բրազիլուհի մոդել Սուելին Մեդեյրոսն է, այլևս ճանաչելի են հայաստանցիներից շատերի համար: Ի դեպ, այդ շորտերով միլիոնատերը ներկայացել էր Ծիծեռնակաբերդ, դրանցով ՀՀ պետական օրհներրգի հնչյուների տակ հայկական անձնագիր է ստացել, նույն շորտերով նա մեկնել է զինկոմիսարիատ և հաշվառման կանգնել այնտեղ: Մի խոսքով, Դեն ԲԻլզերյանին հնարավորություն են տվել խաղալ մեր ամենաթանկարժեք «խաղալիքներով>, ամենասուր զգացողություններն են ապահովել հայրենիքում, ապա տարել են նրան Արցախ՝ կրակելու:

Փաստորեն, Արցախը ընկալվում է որպես հրաձգարան բաց երկնքի տակ, որպես փողով կրակելու տեղ: Մեզ որոշ մանրամասներ հայտնի դարձան Բիլզերյանի արցախյան այցից: Նրա կապը պաշտպանության նախարարության հետ ապահովել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիկնազորի պետ, հանգուցյալ Գրիշա Սարգսյանի որդին, որը աշխատում է պաշտպանության նախարարությունում: Նրա միջնորդությամբ Բիլզերյանին կրակելու համար տրամադրվել են տարբեր զինատեսակներ և զինամթերք: Ի՞նչ զենքով է կրակել Բիլզերյանը արցախում, ո՞վ է տրամադրել այդ զենքը և արդյոք այդ զենքը մասնավոր անձանց է պատկանում, թե ՊԲ զինանոցից է եղել: ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտնեց, որ իրեն հայտնի չեն այս հարցերի պատասխանները:

«Միայն կարող եմ ասել, որ պաշտպանության նախարարությունը ուղղաթիռն է տրամադրել: Արցախի պաշտպանության նախարարությունը դիմել է ՀՀ Պաշտպանության նախարարությանը Բիլզերյանի այցի համար ուղղաթիռ տրամադրելու խնդրանքով, և մենք դա տրամադրել ենք: Այլ մանրամասներից տեղյակ չեմ», — Forrigghts.am-ին հայտնեց Արծրուն Հովհաննիսյանը:

Արցախի նախագահ Բակո Սահակյանի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Արշավիր Ղարամանյանն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է կրակող միլիոնատիրոջ լուսանկարները հետևյալ վերտառությամբ. «Այսօր ԱՀ ԱԱԾ հզորների հյուրն է Դեն Բիլզերյանը»: Ովքե՞ր են Արցախի հզորները՝ Քոչարյանի որդի՞ն, Արցախի ԱԱԾ նախկին պե՞տը:

Արցախյան պատերազմի հրամանատար, նախկին պատգամավոր Վահան Բադասյանը գտնում է, որ Արցախի իշխանությունները հակված են հերոսացնելու Քոչարյանի «ղոնախին»:

«Անվտանգության ծառայության նախկին պետը մեծ հպարտությամբ ասում է «հզորը հզորների հետ»: Քոչարյանի ղոնախին նրանք լավ են ընդունում, պաշտամունքով են վերաբերվում <տուսիկով> ու հարեմով քաղաքացու հետ: Նրան ուղեկցել են պետական մակարդակով, ծանոթացրել են զինատեսակների արսենալի հետ, թույլատրել են նկարել, որտեղից ինչ է կրակում: Հասկանալի է, որ Քոչարյանի մատը խառն է: Բայց կրակելը մի կողմ, ես դրա մեջ վատ բան չեմ տեսնում: Այլ հարց կա: Ինչո՞ւ, որ արժանիքի համար է նա անմիջապես քաղաքացիություն ստացել: Իսկ Ժիրայր Սեֆիլյանը, որը 27 տարի է, ապրում է Հայաստանում, 7-8 տարի ծառայել է Արցախում, մի քանի զորամասերի հրամանատար է եղել, ինչու նրան քաղաքացիություն չեն տալիս, իսկ Դենոյին տալիս են: Սա զավեշտ է», — ասում է Վահան Բադասյանը:

Ըստ նրա, միլիոնատերը կրակել է հրաձգարանում, որտեղ հաճախ են արտասահմանցին երին բերում կրակելու: «Ես էլ եմ այդտեղ խմբեր բերել կրակելու, հարցը այլ հարթության վրա պետք է նայել՝ որքանով էր հարմար <տռուսիկով> և հարեմ ուղեկցությամբ Ծիծեռնակաբերդ գնալը: Գոնե պետք է հագնվեր, ի նշան հարգանքի մեր ազգի սրբավայրի նկատմամբ»,- նշում է Արցախի գործիչը:

Լևոն Քոչարյանը Դեն Բիզերյանին հրավիրել է Սամվել Ալեքսանյանին պատկանող «Փարվանա» ռեստորան: Ամերիկահայ միլիոնատերը ցնցված է եղել ուտեստների ճոխությամբ և «Ինստագրամի> իր էջում նա հրապարակել է մի կտոր Փարվանայի ընթրիքից:

«Նախկինում բոլորը գիտեին, թե ես հարուստ ապուշ եմ», — հայտարարել է հայազգի միլիոնատեր Դեն Բիլզերյանը ամերիկյան ամենահայտնի հեռուստաաստղ Լարի Քինգի շոուի եթերում: Հայաստանում ոչ առաջ՝ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի ժամանակներում, ոչ էլ հիմա՝ հեղափոխական փուլում, չեն մտածում, որ Բիլզերյանը հարուստ ապուշ է, որովհետև նա հայտնի հայ է: Իսկ հայտնի հայերի, և մանավանդ հայտնի ու հարուստ հայերի նկատմամբ Հայաստանում պաշտամունք կա:

Սյուզան Սիմոնյան

Pin It on Pinterest