ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու Վերաքննիչ դատարանի որոշման շուրջ կրքերը չեն հանդարտվում. Քոչարյանի պաշտպաններն ուզում են ապացուցել, որ նա անձեռնմխելի է ու չի կարող քրեական հետապնդման ենթարկվել: Forrights.am-ի հետ զրուցած փաստաբաններն ու սահմանադրագետներն այլ կարծիք ունեն:

Միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Արա Ղազարյանի համոզմամբ՝ անձեռնմխելիությունը չպետք է տարածվի Ռոբերտ Քոչարյանի վրա: «Որովհետև 1-5րդ հոդվածները Սահմանադրության հիմքն են և Սահմանադրությունը չի կարող անձեռնմխելիության իրավունք տալ անձի, ով ենթադրաբար տապալել է Սահմանադրությունը»,- Forrights.am-ին ասաց փաստաբանը՝ մանրամասնելով.

«Եթե մեղադրանքը՝ անձի գործողություններն ուղղված են հենց Սահմանադրական կարգի տապալմանը, ապա Սահմանադրությունը չի կարող թույլ տալ, որ որևէ մեկը տապալի Սահմանադրությունը: Նշանակում է՝ որևէ մեկը չի կարող ունենալ արտոնություն՝ Սահմանադրությունը տապալելու համար: Այսինքն՝ Ռոբերտ Քոչարյանի վրա չպետք է տարածվի անձեռնմխելիությունը»:

Ըստ Ղազարյանի՝ մյուս կողմից, տվյալ դրույթը կարիք ունի մեկնաբանման Սահմանադրական դատարանի կողմից, որովհետև անորոշ է ձևակերպված:

«Միջազգային իրավունքում կա երկու տարբեր ինստիտուտ անձեռմխելիության, որոնք պետք է միշտ գտնվեն երկու առանձին արկղերում: Մեր իրավագետները վերցրել, էդ երկուսը միացրել են, արդյունքում ստեղծվել է այս անորոշ ձևակերպումը»,-նկատեց փաստաբանը: Ուստի նա առաջարկում է, որ կողմերը, ինչպես նաև կամ դատարանը, կամ օբուդսմենը դիմեն Սահմանադրական դատարան՝ ակնկալելով ՍԴ մեկնաբանությունը՝ բացահայտելու համար 140 հոդվածի սահմանադրաիրավական բովանդակությունը:

Հարցին, թե մեր ներկա ՍԴ-ն ի վիճակի՞ է նորմալ ու չեզոք մեկնաբանություն տալ՝ հաշվի առնելով հատկապես Վիքիլիկսի հայտնի բացահայտումներն ու նախկին փորձը, Ղազարյանն ասաց. «Ներկա իշխանությունների պայմաններում կաշկանդվածության որևէ խնդիր չպետք է լինի: ՍԴ-ն կարող է որոշում կայացնել դրա վերաբերյալ»:

Սահմանադրագետ, Հագենի Համալսարանի Գերմանական և եվրոպական սահմանադրական և վարչական իրավունքի, ինչպես նաև միջազգային իրավունքի ամբիոնի դոցենտ Գոռ Հովհաննիսյանի կարծիքով՝ եթե Վերաքննիչ քրեական դատարանն իրոք Քոչարյանին ազատել է անձեռնմխելիության հիմքով, ապա սխալ է մեկնաբանել ու սխալ է կիրառել 2008 թ-ին գործող Սահմանադրության 56․1-րդ հոդվածը։

«Սահմանադրության 56․1-րդ հոդվածը սահմանադիրը սահմանել է ոչ թե նախագահի պաշտոնն զբաղեցնող կոնկրետ անձի մասնավոր շահը, այլ նրա զբաղեցրած պաշտոնի բնականոն գործունեությունը, այսինքն՝ հանրային շահը պաշտպանելու նպատակով, ուստի, եթե նախագահը կատարում է հանցագործություն, ապա ոչ մի ողջամիտ բացատրություն չեմ տեսնում այն մոտեցման համար, թե ինչու նա չպիտի պատասխան տա իր կատարած հանցագործության համար պաշտոնից հեռանալուց հետո։ Չէ որ հանրապետության նախագահի պաշտոնի բնականոն գործունեության շահի պաշտպանության հարց այդ ժամանակ այլևս չկա»,-նշեց սահմանադրագետը

։Ըստ նրա՝ նորմի նման մեկնաբանությունը հաստատվում է նաև Սահմանադրության 57-րդ հոդվածի առաջին մասով։ «Նախագահի անձեռնմխելիության մասին դրույթը նրան ամենևին չի պաշտպանում 57-րդ հոդվածի հիման վրա իրականացվող հետապնդումից։ Օրինակ՝ եթե նախագահը մեկ այլ պետության ղեկավարի հետ հանդիպման ժամանակ նրան հաղորդում է գաղտնի տեղեկություններ, որպիսի արարքը Քրօր-ով նախատեսված պետական դավաճանություն է, ապա նա կարող է հանգիստ հետապնդվել անգամ պաշտոնավարման ընթացքում, ու անձեռնմխելիության մասին դրույթը նրան դրանից ամենևին չի պաշտպանում»,-մանրամասնեց Հովհաննսիյանը՝ հիշեցնելով, որ Քոչարյանը մեղադրվում է երկրի սահմանադրական կարգը տապալելու համար։

«Դա ծանր հանցագործություն է, ուստի Սահմանադրության 57-րդ հոդվածի հիման վրա անձեռնմխելիությունն այդ արարքի վրա չի տարածվում»,-շեշտեց սահմանադրագետը։

«Անձեռմխելիությունը չի կարող մեր տղաների կյանքի իրավունքից առավել լինի»

Մարտի մեկին սպանվածների հարազատները դատապարտում են Վերաքննիչ դատարանի դատավորի գործողությունները ու պահանջում, որ դատախազությունն անմիջապես դիմի Վճռաբեկ դատարան: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց Մարտի մեկին սպանված Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը:

«Անձեռմխելիությունը չի կարող մեր տղաների կյանքի իրավունքից առավել լինի: Եթե ինքն է հրաման տվել կրակել, պետք է պատասխան տա»ասաց Քլոյանը՝ շարունակելով. «Շոկի մեջ էնք, որ իմացանք, բաց են թողել: Քոչարյանենք երևի մի միլիոն դոլար տարել, դրել են դատավորի առաջ ու դատարանը վերցրել ա: Քոչարյանի համար մի մեշոկ դոլարը երևի կոպեկներ ա, երևի տվել ա դատավորին, դատավորն էլ ազատ ա արձակել»:

Մարտի մեկի գործով մի շարք նախկին դատապարտյալների պաշտպան, փաստաբան Մուշեղ Շուշանյանի համոզմամբ՝ Հայաստանում դատական իշխանության հարցը հրատապ լուծում է պահանջում։ «Դատավորների գոնե 2/3-րդի լիազորությունները պիտի դադարեցվեն, իսկ նրանց մի մասի նկատմամբ պիտի հարուցվի քրեական հետապնդում (խոսքը վերաբերում է առաջին հերթին քրեական գործեր քննած դատավորներին, ովքեր քաղաքական պատվերի շրջանակում մասնակից են եղել ապօրինի քրեական հետապնդումների իրականացմանը)»,-նշեց Շուշանյանը:

Ըստ նրա՝ Վերաքննիչ դատարանի երեկվա որոշումը «վերջնականապես հաստատեց, որ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի կողմից նշանակված դատավորներին «անկախություն» շնորհելու մտահղացումը, մեղմ ասած, մեծագույն սխալ և արկածախնդրություն էր»։

Ըստ փաստաբանի՝ կոռուպցիայի մեջ թաթախված, հանցավոր ռեժիմի շահերի սպասարկու, բազմաթիվ մարդկանց ճակատագրեր խեղած դատավորներից ժամ առաջ ազատվել էր պետք, նրանց փոխարինելով թեկուզ անփորձ, երիտասարդ, բայց չարատավորված կադրերով, կամ՝ անցումային այս փուլում, պետք էր նրանց (հին կադրերին) ուղիղ կառավարել, մինչև դատական ռեֆորմի իրականացումը և անկախ դատական իշխանության ձևավորումը։ «Այժմ մենք ունենք մի իրավիճակ, երբ դատական իշխանությունը վերածվել է հակահեղափոխության և ռևանշիզմի հիմնական բաստիոնի, Վահե Գրիգորյանի խոսքերով՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգի նկատմամբ վտանգ է ինքն իրենով, իր գոյության փաստով»,-շեշտեց փաստաբանը՝ շարունակելով.

«Հակահեղափոխության այս որջը պետք է կազմաքանդվի․ դատական իշխանությունը չի պատկանում ժողովրդին, այն շարունակում է յուրացված մնալ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի կողմից և սպասարկում է նրանց շահերը։ Այս վտանգի չեզոքացումը հրատապ լուծում է պահանջում»։

Մարինե Խառատյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest