Երևանի Ավան և Նոր Նորք շրջանների ընդհանուր իրավասության դատարան օգոստոսի 1-ի նիստում աննախադեպ որոշում կայացրեց: Բավարարելով ցմահ դատապարտյալ Արթուր Մկրտչյանի բողոքը՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանն ապօրինի ճանաչեց Տեղաբաշխման հանձնաժողովի որոշումը, որով մերժվել էր փոխել նրա պատժի կրման ռեժիմը փակից կիսափակ:

Դատարանը պարտավորեցրեց Քրեակատարողական ծառայության Տեղաբաշխման հանձնաժողովին՝ վերականգնել Արթուր Մկրտչյանի խախտված իրավունքները: Սա նշանակում է, որ ցմահ դատապարտյալի պատժի կրման ռեժիմը Հանձնաժողովի նոր որոշմամբ պետք է փակից փոխվի կիսափակի: Բողոքի քննությունն ուղեկցվեց դատավոր Արտուշ Գաբրիելյանի սուր հարցերով Տեղաբաշխման հանձնաժողովի և «Նուբարաշեն» ՔԿՀ-ի ներկայացուցիչներին:

Նշենք, որ Տեղաբաշխման հանձնաժողովն այս տարվա մայիսին մերժել է Արթուր Մկրտչյանին տեղափոխել պատժի կրման կիսափակ ռեժիմ՝ հիմնվելով «Նուբարաշեն» ՔԿՀ-ի ներկայացրած բնութագրի վրա: Մերժման համար հիմք են ծառայել հիմնականում 3 գործոններ: Քրեակատարողական հիմնարկը նշել է, թե Արթուր Մկրտչյանի հետ ուղղման աշխատանքները շարունակվում են: Բացասական երկրորդ հատկանիշը ազատազրկման 23 տարիներին 9 անգամ տույժի ենթարկված լինելն է: Ընդ որում՝ բոլոր տույժերը մարվել են: Նկատենք, որ Մկրտչյանը 9 տույժերի գերակշիռ մասն ստացել է ոչ թե պայմանավորված վարքագծով, այլ՝ հեռախոս պահելով:

Երրորդ գործոնը Մկրտչյանի՝ չմարված 10 000 դոլար քաղհայց ունենալն է: Դատարանում ցմահ դատապարտյալ Արթուր Մկրտչյանի շահերի ներկայացուցիչ փաստաբան Ռոբերտ Ռևազյանը կասկածի տակ դրվեց Տեղաբաշխման հանձնաժողովի դիտարկումը, թե Մկրտչյանի հետ ուղղման աշխատանքներ շարունակելը կարող է հիմք դառնալ նրա պատժի կրման ռեժիմը չփոխելու. «Անձի հետ ուղղման աշխատանքները կարող են շարունակվել մինչև պատժի կրման ավարտը: Տարբերություն չկա՝ դատապարտյալը գտնվում է փակ, թե կիսափակ ռեժիմում, այդ աշխատանքները նույն կերպ շարունակվում են: Կիսափակ ռեժիմում ուղղման գործընթացն ավելի արդյունավետ կարող է լինել»,- ասաց պարոն Ռևազյանը: Ըստ նրա՝ չվճարված քաղհայց ունենալը ևս չի կարող խոչընդոտել ռեժիմ փոխելուն. «Օրենքը չի նախատեսել, որ անձը պարտադիր պիտի չունենա իր դեմ ներկայացված քաղհայց»:

Փաստաբանը ոչ համաչափ գնահատեց Տեղաբաշխման հանձնաժողովի դիրքորոշումը՝ 9 մարված տույժերը դնել ռեժիմի փոփոխությունը մերժելու հիմքում: Սա այն դեպքում, երբ վերջին 5 տարում ցմահ դատապարտյալը որևէ տույժ չի ստացել. «Ինքն այլևս ուղղման պրոցեսի մեջ է, քանի որ այլևս տույժ չի ստանում»,- շեշտեց Ռևազյանը:

Արթուր Մկրտչյանի բողոքի քննությունն անսպասելի շրջադարձ ստացավ, երբ փաստաբանը ծանոթացավ «Նուբարաշեն» ՔԿՀ-ից Տեղաբաշխման հանձնաժողով ուղարկված փաստաթղթին: Պարզ դարձավ, որ քրեակատարողական հիմնարկը Արթուր Մկրտչյանին դրական բնութագրող բազմաթիվ հատկանիշներ չի ներառել բնութագրում: Այդպիսով՝ կազմվել է դատապարտյալի մասին թերի և աղճատված բնութագիր, ինչի վրա հիմնվելով՝ Հանձնաժողովը մերժել է Մկրտչյանին:

23 տարիների ընթացքում Արթուր Մկրտչյանը երբևէ չի առնչվել քրեական ենթամշակույթի հետ: Որոշակի հակումներ ու հնարավոր կախվածություններ չի ունեցել: Մասնակցել է զարգացման միջոցառումներին: Ունի միջնակարգ կրթություն, մարզվում է ՔԿՀ-ի մարզասրահում: Ինչպես նաև՝ հարազատների հետ կայուն կապ է պահպանում երկարատև ու կարճատև տեսակցությունների միջոցով: Պատիժը կրելու ընթացքում Արթուրը պահպանել է սոցիալապես օգտակար կապերը, և ամենակարևորը՝ դատապարտյալի կողմից նոր հանցագործություն կատարելու հավանականություն գոյություն չունի.

«Հարգելի դատարան, թվարկված փաստերը ենթադրում են, որ իմ վստահորդի կողմից որոշակի դրական վարքագիծ է դրսևորվել: Եվ այս դրական բնութագրիչները բավարար են Արթուր Մկրտչյանի ռեժիմը փոխելու համար»,- ասաց փաստաբան Ռևազյանը:«Նուբարաշեն» ՔԿՀ-ի ներկայացուցիչ փոխգնդապետ Թովմասյանն արձանագրեց, որ Արթուր Մկրտչյանի բնութագիրը դրական է: Հենց այդ հիմքով են դիմել Տեղաբաշխման հաձնաժողով:

Եթե Մկրտչյանը դրական է բնութագրվում և 20 տարուց ավելի անցկացրել է բանտում, ինչո՞ւ է Տեղաբաշխման հանձնաժողովը բացասական որոշում կայացնում՝ հիմնվելով բնութագրում ներառված այլ հանգամանքների վրա՝ 9 տույժ, չմարված քաղհայց, աշխատանքների շարունակականություն: Դատավոր Գաբրիելյանի հարցին Հանձնաժողովի նախագահի տեղակալ Մանուկյանը պատասխանեց, թե Քրեակատարողական հիմնարկը պետք է տառացիորեն ֆիքսեր, որ Արթուր Մկրտչյանը դրական է բնութագրվում.

«Ի՞նչ է նշանակում, որ պարտադիր պետք է գրվի դրական է: ՔԿՀ ներկայացուցիչն ասում է՝ եթե դրական չբնութագրվեր, իրենք Մկրտչյանի համար Տեղաբաշխման հանձնաժողով միջնորդագիր չէին ներկայացնի: Օրենքի կոպիտ խախտում է թույլ տրվել»,- արձագանքեց դատարանը:

Հանձնաժողովի մեկ այլ դիտարկում, թե ցմահ դատապարտյալը չի վճարել 10 000 դոլար քաղհայցը, զարմացրեց դատավորին. «Առավոտից իրիկուն Տեր Հայրի նման էս մարդու գլխին բան կարդացեք՝ գնա քաղհայցդ վճարի… է որ չունի որտեղի՞ց պիտի վճարի: Քաղհայցի առկայությունը հիմք չի մերժման, օրենքն այդպես է ասում»: Նուբարաշեն ՔԿՀ ներկայացուցիչ փոխգնդապետ Թովմասյանից դատավոր Գաբրիելյանը ճշտեց՝ փակ ռեժիմում ուղղման ի՞նչ աշխատանքներ են տարվում, որ կիսափակ ռեժիմում հնարավոր չէ շարունակել: Ըստ փոխգնդապետի՝ ուղղման աշխատանքները կիսափակ ռեժիմում ավելի արդյունավետ կիրականացվեն.

«Փաստորեն՝ դուք եք հիմնական արգելք հանդիսանում, որ էս մարդու հետ աշխատանքներ չտարվեն: Դուք դատարանում արձանագրում եք, որ ուղղման աշխատանքներն ավելի լավ հնարավոր է կիսափակ ռեժիմում անցկացնել, բայց միաժամանակ բնութագրի վերջին մասում գրում եք՝ աշխատանքները շարունակվում են: Դա էլ հիմք ընդունելով՝ Հանձնաժողովը մկերժում է ռեժիմի փոփոխությունը: Ձեր այս նախադասությամբ թյուրիմացության մեջ եք գցել Տեղաբաշխման հանձնաժողովին»,- ասաց Արտուշ Գաբրիելյանը:

Դատավորի աչքից աննկատ չմնաց փաստը, որ Արթուր Մկրտչյանը վերջին 5 տարում տույժ չի ստացել. «Փիլիսոփայությո՞ւն է պետք հասկանալու համար, որ մարդը դրական վարքագիծ է ունեցել: 5 տարի մարդը խելոք նստել ու ասել ա՝ էլ նարուշեննի պետք է չանեմ: Արթուր Մկրտչյանից լավ դատապարտյալ որտեղի՞ց պետք է ճարեք, էլ ո՞ւմ պետք է ուղարկեք կիսափակ, եթե ոչ Արթուրին»,- նկատեց դատավոր Գաբրիելյանը:

Արթուր Մկրտչյանը հանդես չեկավ երկարաշունչ ճառերով: Դատարանին խոստացավ, որ կիսափակ ռեժիմում շարունակելու է դրական վարքագիծ դրսևորել:Արթուր Մկրտչյանի բողոքի բավարարմամբ դատական նիստն ավարտվեց: Դատախազությունն ընդամենը 10 օր ունի բողոքարկելու դատական ակտը: Եթե դա տեղի չունենա, Տեղաբաշխման հանձնաժողովը պարտավորված կլինի կատարել դատարանի որոշումը՝ վերականգնել Արթուր Մկրտչյանի խախտված իրավունքները:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest