Դատաիրավական համակարգի ապօրինի որոշումները ճակատագրական հետք են թողնում դատապարտյալների վրա: Forrights.am-ը տուժած հերթական դատապարտյալից ահազանգն է ստացել: Շուրջ 3 ամիս առաջ «Արմավիր» Քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Գարիկ Ստեփանյանը պետք է ազատության մեջ լիներ: Մայիսի 18-ին լրացել է 36-ամյա Գարիկի՝ պատժի կրման ժամկետը, բայց ԱՆ Քրեակատարողական վարչությունը դատապարտյալին չի վերադարձնում ազատություն:

Պատմությունն այսպիսին է: Գարիկ Ստեփանյանը քրեական մի գործով ձերբակալվել է 2004 թվականի մարտի 1-ին, իսկ ամիս 2-ին դատարանի որոշմամբ կալանավորվել է: Դատարանը 21-ամյա Գարիկին դատապարտել է 15 տարվա ազատազրկման և արդեն 14 տարի 5 ամիս նա գտնվում է ճաղերի հետևում: 2013 թվականին Վերաքննիչ դատարանը վերահաշվարկել է Ստեփանյանի պատժաչափը՝ 15 տարուց այն նվազեցվել է 14 տարի 2 ամիս 16 օրվա:

Նախկին Քրեական օրենսգրքով կալանքի ամեն 1 օրը հաշվարկվել է 1 ու կես օրվա չափով, և ըստ այդմ՝ պատժաչափից հանվել է 9 ու կես ամիս: Մեկուկես տասնամյակ արևի երես չտեսած Գարիկ Ստեփանյանն ամենայն ուրախությամբ պատրաստվում էր մայիսի 18-ին վերադառնալ ազատություն: Բայց այդ օրը բանտի դռները նրա առաջ չեն բացվել: Ինչո՞ւ ազատ չի արձակվում և որն է իրեն քրեակատարողական հիմնարկում պահելու հիմքը: Գարիկը փորձել է նամակով ճշտել անձամբ վարչապետից ու նախագահից: Պատասխան է եկել Արդարադատության նախարարությունից:

Ստացված գրությամբ դատապարտյալը տեղեկացվել է, որ 2013 թվականին Վերաքննիչ դատարանը վրիպակ է թույլ տվել: Մասնավորապես, Վերաքննիչը փոփոխել է Գարիկ Ստեփանյանի պատժի կրման սկիզբը: Սահմանվել է, որ Գարիկ Ստեփանյանը կալանավորվել է ոչ թե 2004 թվականի մարտի 2-ին, այլ՝ սեպտեմբերի 11-ին: Այսպիսով՝ մեխանիկորեն երկարացվել է պատժի կրման ժամկետը 6 ամիս 9 օրով: Դատապարտյալը սա իր դեմ ապօրինություն է համարում:

«Սա իրականության հետ որևէ աղերս չունեցող որոշում է: Դատարանն ինձ որևէ փաստաթղթով չի հիմնավորել, որ սեպտեմբերի 11-ին եմ կալանավորվել: Որտեղի՞ց են վերցրել, որ այդ օրն եմ կալանավորվել, և ոչ մարտի 2-ին: Շատ լավ հիշում եմ՝ 2004 թվականի մարտի 1-ին ինձ ձերբակալեցին, իսկ երկուսին՝ կալանավորեցին»,- Forrights.am-ին ասում է Գարիկ Ստեփանյանը:

Գարիկի խոսքով՝ իր ձեռքի տակ կա 2004 թվականի մարտի 2-ին իրեն կալանավորելու մասին դատարանի որոշում, փաստաթուղթ, որն ամբողջությամբ հերքում է Վերաքննիչի փաստարկը: Խնդրելով պարզաբանել, թե ինչ փաստաղթերի հղմամբ է փոխվել իր կալանավորման սկզբնաթիվը, Գարիկ Ստեփանյանը գրությամբ դիմել է Վերաքննիչ դատարանի նախագահ Վազգեն Ռշտունուն.

«Ես չեմ հասկանում էդ ինչ վրիպակ ա, ինձ ոչ մի բան չեն բացատրել, ոչ մի փաստաթուղ չեն տրամադրել: Էդ սխալ որոշման պատճառով ես արդեն 3 ամիս բանտում եմ»,- բողոքում է Գարիկը:

Փաստորեն՝ ՔԿՎ անգործության արդյունքում Գարիկ Ստեփանյանը բաց է թողել դատարանի որոշումը բողոքարկելու ժամկետը: Պետք է նրան ժամանակին ծանուցվեր իրեն վերաբերող որոշման մեջ Վերաքննիչ քրեական դատարանի կատարած շտկման մասին: Գարիկ Ստեփանյանն այսօր գրությամբ դիմել է Վերաքննիչ դատարանի նախագահ Վազգեն Ռշտունուն՝ խնդրելով պարզաբանել, թե ինչ հիմքով է փոխվել իր կալանավորման ամսաթիվը:

Ավելի վաղ Գարիկ Ստեփանյանի դեմ դատական համակարգը երկրորդ անգամ է անարդար որոշում կայացրել: Այս տարվա փետրվարին նա դատարան է դիմել՝ խնդրելով վաղաժամկետ ազատ արձակել: Առաջին ատյանի դատարանը մերժել է: Դատապարտյալը բողոքել է տարել Վերաքննիչ՝ խնդրելով վերացնել Առաջին ատյանի որոշումն ու իրեն վաղաժամկետ ազատել:

Հուլիսի 26-ին կայացած նիստում Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Սևակ Համբարձումյանը ոչ միայն մերժել է բողոքը, այլև ծաղրել դատապարտյալին. «Ասում եմ՝ հարգելի դատավոր, ինչի՞ համար ես մերժում: Պատասխանում ա՝ 4 ամիս ժամանակ ա մնացել, գնա նստի էլի, ուղղակի ապշել էի դատավորի վարքից: Ասի՝ Դուք ի՞նչ արժեհամակարգով ես որոշումներ կայացնում, դատավորն էլ թե՝ տարեք, տարեք…»,- պատմում է Գարիկը:

Հավելենք, որ Forrights.am-ը հարցում է ուղարկել Արդարադատության նախարարություն՝ խնդրելով հայտնել, թե իրավական ինչ հիմքեր կան Արմավիր Քրեակատարողական հիմարկի դատապարտյալ Գարիկ Հրաչիկի Ստեփանյանին անազատության մեջ պահելու համար:

Ինչո՞ւ 2018 թվականի մայիսի 18-ին Ստեփանյանն ազատ չի արձակվել: Խնդրել են նաև պարզաբանել՝ Արդարադատության նախարարությունը Գարիկ Ստեփանյանին Վերաքննիչ քրեական դատարանի կողմից թույլ տված ինչ վրիպակի մասին է հայտնել: Արդարադատության նախարարությունից հարցում ստանալուն պես կհրապարակենք:

Ռոբերտ Անանյան

Pin It on Pinterest