Ժամկետային զինծառայող Մհեր Երզնկյանի նկարի մոտ ծաղիկները միշտ թարմ են։ Վիշտը նույնպես: «Շատ էր սիրում ձյուն, անձրև, ձյան եղանակ», — վերհիշում է Մհերի հայրը՝ Մայիս Երզնկյանը: Հենց ձյան վրա էլ ընկավ 21 տարեկան տղան՝ 2016 թվականի ապրիլի 6-ին, Ճամբարակի զորամասում: Այդ օրը առատ ձյուն էր եկել։

Մհերը սպանվել է գիշերով, խորհրդավոր հանգամանքներում, պահակակետի մոտ, որտեղ նա ժամապահի պարտականություններ էր կատարում: Հանգամանքներն այդ մինչ օրս էլ մինչև վերջ պարզաբանված չեն: Տարատեսակ վարկածներ են առաջ քաշվել, ապա մեկ տարի քննելուց հետո գործի վարույթը կասեցվել է:

Մհեր Երզնյկանի հարազատներին որդու մահվան գույժը պաշտոնապես ոչ զորամասը, ոչ ՊՆ-ն չեն հայտնել, ինչը նրանց ևս կասկածելի է թվում: Այն հասցրել են Մհերի ավագ եղբոր՝ Դավիթի միջոցով, որն այն ժամանակ պայմանագրային զինծառայության էր խաղաղապահ զորքում:

«Էնքան երես չունեին ինձ ասեն: Ես մսավաճառ եմ, միս էի կանգնած ջարդում: Իմ մոտիկ ընկերներն եկան, զինվորականներ, մտան խանութ, ասեցի՝ երևի, միս են ոզում առնեն: Բայց մի տեսակ էին: Ասեցի՝ ի՞նչ ա եղել, հո Դավիթիս բա ն չ՞ի պատահել: Նոր իմացա, որ Մհերիս են խփել», — պատմում է Մհերի հայրը՝ Արամայիս Երզնկյանը:

Մհեր Երզնկյանի գլխին, ըստ դատաբժշկական եզրակացության, հրազենի երեք վերք է եղել՝ պարանոցի հատվածում, ականջի հետևը և այտի ու ծոնտի շրջանում:
Միաժամանակ տղայի գլխին դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն, հայտնաբերվել է բութ առարկայով հասցված հարվածի հետք, նրա մարմին եղել են ծեծի հետքեր, ինչը կարող է վկայել, որ նա զորամասում է սպանվել հենց յուրայինների կողմից: Մհերի հայրը հերքում է այս վարկածը. «Գլխին բութ առարկայով հարված չի եղել, ուղղակի քերծվածքներ կան ձախ ձեռքի,այտի շրջանում, դա էլ ընկնելու հետևանքն է»: .
Այուամենայնիվ «մահ յուրայինի կողմից» վարկածը քննիչները չեն մշակել:

Քննչական մարմինը փորձել է կատարվածը ներկայացնել նախ, որպես ինքնասպանություն, ապա դիտարկել է զենքի հետ անզգույշ վարվելու վարկածը, իսկ վերջին որոշմամբ ինքնասպանությունը հերքվել է և առաջ է քաշվել անհայտ անձի կրակոցից մահվան վարկածը:

«Քրեական գործի նախաքննությունը չի հիմնավորել … ՊՆ զորամասի նախկին ժամկետային զինծառայող շարքային Մհեր Արամայիսի Երզնկյանի ինքնասպանություն գործելու, հետևապես նաև նրան այդ քայլին հասցնելու հանգամանքը…Մհեր Արամայիսի Երզնկյանը 06.04.2016թ.՝ ժամը 04:15-ի սահմաններում՝ ընդգրկված լինելով պահակային ծառայությունում որպես 2-րդ պահակակետի ժամապահ, նույն պահակատան տարածքում նկատելով անծանոթ անձնավորության, իր ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում փորձել է կանգնեցնել նրան, սակայն չի հաջողվել և այդ անձնավորության կողմից արձակված կրակոցների հետևանքով գլխի շրջանում ստացած վիրավորումներից զոհվել է», — ասված է Զինվորական քննչական գլխավոր վարչության 5-րդ կայազորային քննչական բաժնի քննիչի 2017 թվականի մայիսին ընդունված որոշման մեջ: Այս փոփոխությունը տեղի է ունեցել Մհերի հոր բողոքներից հետո:

Արամայիս Երզնկյանը բողոքել է այն ժամանակվա պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, հայտնել է, որ գործի քննությունը ձգձգվում է, որ քննիչները ուզում են կոծկեն գործը: Սեյրան Օհանյանն անձամբ է ընդունել Մայիս Երզնկյանին՝ վարք, որը ներկայիս նախարար Դավիթ Տոնոյանը երբեք չի ցուցաբերում:

Պատմում է Արամայիս Երզնկյանը. «Ես բողոք գրեցի Սեյրան Օհանյանինին, հայտնեցի, որ քննիչներն ուզում են կոծկեն տղայիս սպանությունը, ինքնասպան են նրան դարձնում: Նա ինձ կանչեց իր մոտ, ասեց՝ գիտեմ, գործին ծանոթ եմ: Նա նաև կանչել էր քննչական կոմիտեից մի քննիչի: Նա ներկա էր մեր զրույցին: Սա տեղից վեր կացավ, ասեց՝ գիտե՞ք, մեր մյուս վարկածն էլ էն ա, որ ինքը զենքի հետ անզգույշ ա վարվել ու ինքն իր վրա կրակել է: Պատկերացնո՞ւմ եք: Զենքը ուսին գցած, մենահատ կրակոցների ռեժիմի վրա դրած, ծանր բուշլատը վրան, սվին դանակը կողքին, ու ինքը սկսում ա իր վրա անզգույշ կրակոցներ արձակել: Մի հատ կրակում է, լավ չի կպչում, մի հատ էլ է կրակում: Հետագայում արդեն, իմ բողոքներից հետո նորից էդ գործը քննեցին ու լրիվ ուրիշ բաներ բացվեցին»:

Թե ո՞վ էր անծանոթը, որը եկել է զորամաս գիշերով ու սպանել է ժամապահին, մինչ օրս հայտնի չէ: Վարույթը կասեցվել է գործով որպես մեղադրյալ ներգրավվող անձը հայտնի չլինելու հիմքով:

Երզնկյանի հարազատներին զորամասում զինվորականներն ասել են, որ հարձակվողը թշնամու բանակային է եղել: Ապացույց, որ եկողը թշնամու զինվոր է, Մհերի հարազատներին չեն տրամադրել: Նրանք համոզված են, որ իրենց որդու վրա առնվազն երեք-չորս հոգի են հարձակվել:

Ըստ դատաբժշկական եզրակացության, Մհեր Երզնկյանի մարմնին առկա վնասվածքներն անհնար է պատճառված լինեն մեկ կրակահերթով։ Դեպքի վայրում առկա տուֆե պատի վրա հայտնաբերվել են հրազենային փորվածքներ:

«Դրանք ադրբեջանցի դիվերսանտներ են եղել, — համոզված է Արամայիսը, — երեխես նկատել է, զանգել, ասել է հրամանատարին, որ մեկը կանգնած իրեն է նայում: Հետո զանգել, ասել է՝ շարժ եմ նկատում: Էդ ընթացքում, երբ որ ինքը հեռախոսով խոսել է հերթապահի հետ, այդ հերթապահը լսել է կապով, որ երեխես ասում է՝ կանգնի, կանգնի, տեսել է, որ արդեն մտնում են զորամաս: Ասել է՝ կանգնի, կանգնի, կրակոցներ է լսվել ու կապը անջատվել է: Ընդամենը երկու-երեք րոպե է տևել այդ ամենը: իրենից հետո մյուս զինվորներն էլ են շարժ նկատել ու էլի զեկուցել են հրամանատարին, էդ ցուցմունքները կան»: Նա համոզված է, որ որդին միայնակ պայքարել է մի քանի հոգու հետ զոհվել է նրանց կրակոցներից:

Մհեր Երզնկյանի մահը ապրիլյան պատերազմի ամենամութ դրվագներից է: Պաշտպանության նախարարությունը երկար ժամանակ ՊՆ թաքցնում էր տղայի մահվան համգամանքները:

Եթե անգամ ենթադրենք, որ Երզնկյանի վրա հարձակվել են թշնամու 3-4 զինվոր, նշանակում է, որ մի անհայտ դիվերսիոն խումբ ապրիլյան պատերազմի վերջին օրերին հեշտությամբ կարողացել են ճեղքել սահմանը, ներթափանցել է Հայաստան և աննկատ մնալով, անխափան հասել է մինչև Ճամբարակի զորամաս: Ո՞րն է եղել այդ խմբի նպատակը: Ինչո՞ւ պետք է խումբը հատուկ մտներ մեր տարածք, սպաներ Ճամբարակի զորամասի ժամապահին ու հեռանար, այլևս ոչ մեկին վնաս չպատճառելով: Եւ վերջապես, եթե այդպիսի խումբ է եղել, ինչո՞ւ ՊՆ-ն, որը պարտադիր հայտնում է բոլոր ներթափանցումների մասին, այդ խմբի դեպքում որրևէ հայտարարությամբ հանդես չի եկել: Հարցերի պատասխաններն ուղղակի չկան: Ավելի տրամաբանական է կարծել, որ Երզնկյանին սպանողները մերոնք են եղել:

Մահից երկու տարի անց միայն ՝ 2018 թ հունվարին Մհեր Երզնկյանին պարգևատրեցին մարտական ծառայության մեդալով: Արամայիս Երզնկյանը գտնում է, որ իր որդին իր սխրանքին համապատասխան գնահատական չի ստացել:«Դա ինձ չի բավարարում, — ասում է նա, — իմ որդին կանխել է հարձակումը զորամասի վրա: Դա այն չէ, ինչի իմ որդին արժանի էր»:

Մհեր Երզնկյանի ծնողները նրա մահից հետո 25 հազար դոլար աջակցություն ստացան պետությունից բնակարան գնելու համար: Տեղափոխվեցին նոր տուն: Նաև անվճար բուժհետազոտություններ անցնելու իրավունք ստացան:

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամից ամսական 200 հազարական դրամների օգնություն ստանալու իրավունքից Մհեր Երզնկյանի ընտանիքը չունի պատճառաբանությամբ, որ Մհերը զոհվել է ոչ թե մարտական հերթապահության ժամանակ, այլ զորամասում:

«Իմ տղան իր կյանքի գնով, գուցե, շատերին է փրկել մահից», — ասում է Արամայիսի հայրը: Բայց օրենքը դնում են նրա առաջ, ասում են՝ նա սխալ տեղ է մահացել: Այ, եթե զորամասից դուրս զոհված լիներ, «1000 դրամների» շահառուների ցանկում էր լինելու:

Սյուզան Սիմոնյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest