Հացադուլ Նուբարաշեն ՔԿՀ-ում․դատավոր Գագիկ Պողոսյանի զոհերը, ԲԴԽ-ն չի արձագանքում բողոքներին

0
731

Արդեն 5 օր է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում հացադուլ է հայտարարել կալանավոր Արթուր Հարությունյանը։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին ու 2-րդ մասերով (գողություն)։ Վերջինս արդեն երկու տարի յոթ ամիս է գտնվում է անազատության մեջ։

«Դատական նիստերն ամիսներով հետաձգվում են, գրավի միջնորդությունները մերժվում են, իրենց ասելով ես ագրեսիվ եմ, կարող եմ խոչընդոտել քննությանը: Ինչի մասին ուզում եմ խոսել Պողոսյան Գագիկն ասում ա` նստի, չի կարելի։ Վերջին երեք նիստերն իր պատճառով են հետաձգվել, կինը վատ է, դրանից առաջ երկու նիստ հետաձգվել է, քանի որ դատախազը չի ներկայացել, դրանից առաջ մոտ 8 նիստ հետաձգվել է քանի որ տուժողները չեն ներկայացել։ Ու էդպես արհեստական հետաձգում են։ Ես լինում եմ դատարանի բոքսերում ասում ա՝ ամբաստանյալը չի ներկայացել, կարծում եմ, որ ինձ բանտում երկար պահելու համար դիտավորյալ ձգձգում են նիստերը, ուրիշ բան չեմ տեսնում»,- Արթուրի խոսքը փոխանցում են հարազատները։

Հացադուլ հայտարարելու պատճառներից մեկը դատական նիստերի ձգձգումն է, երկրորդ պատճառն այն է, որ իբրև թե փորձել է արգելված իր ներս բերել։ Արթուր Հարությունյանը տասը օր առաջ է դուրս գրվել «Դատապարտյալների հիվանդանոցից», նա վերջերս քթի վիրահատություն է տարել, իսկ դրանից առաջ՝ աջ ուսի վիրահատություն։ Նա վեց ամիս գտնվել է «Դատապարտյալների հիվանդանոցում»։

«Ես թոքերի երկու վիրահատություն եմ տարել, ինձ դրա համար փակ ռեժիմ չի հասնում, իմ վրա գործ դրեցին ՑԲ-ում դրա պատճառով ես մտա հացադուլ։ Հացադուլի մեջ գտնվելով հանդերձ ինձ էտապ արեցին 10 օր առաջ բերեցին բերդ։ Իմ վրա տարածվում է համաներումը, բայց դա չի քննարկվում և Պողոսյան Գագիկը անընդհատ հետաձգում է նիստերը, գրավն էլ հաշվի չի առնում, անչափահաս երեխա ունեմ, դա էլ հաշվի չի առնում։ Անձը դրական բնութագրող նամակներ ենք բերել, փաստաթղթեր են ներկայացվել, որ խանութ ունենք, աշխատանքով ապահովված եմ, ինչու են պահում կալանքի տակ, այդ բոլորը մերժվել է։ Քանի որ այլ ճար չկա, ես որոշել եմ հացադուլ անել»,-հայտարարում է Արթուր Հարությունյանը։

Արթուրի պաշտպան Արսեն Մկրտչյանն արձանագրում է, որ փաստացի անձը մեղադրվում է 17-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով կատարված հանցագործության մեջ, որի առավելագույն պատիժը կազմում է հինգ տարի և գտնվում է կալանքի տակ արդեն 2 տարի 7 ամիս, այսինքն՝ պատժի կեսից ավելին արդեն մեկուսարանում կրել է:

«Սա Գագիկ Պողոսյան դատավորի անձնական վերաբերմունքն է իմ և իմ պաշտպանյալի նկատմամբ, դա անձնական թշնամանքն է։ Սա Արթուրի հացադուլի առաջին դեպքը չի, նույն գործով անցնող Ժորիկ Սարսգյանի հետ միասին պարբերաբար հացադուլ են հայտարարել։ Ներկա պահին Արթուրը կուլ է տվել չորս երկաթե բավականին մեծ կտորներ։ Անընդհատ լարված վիճակում ենք աշխատում։ Հարցաքննվող կին վկան կարող է այն աստիճանի հուզվել, որ չկարողանա պատասխանել դատարանի կամ կողմերի հարցերին։ Սա ուղղակի անձնական վերաբերմունքի դրսևորում է»,- ասում է փաստաբանը՝ շարունակելով․

«Իմ և Գագիկ Պողոսյանի հարաբերությունները սրվել են այն աստիճանի, որ երբ ես դատարանում հերթական անգամ հայտարարություն արեցի, նա միկրոֆոններն անջատեց, ասեց, հիմա էս շորերս հանեմ դուրս գամ, դրսում խոսենք։ Այսինքն՝ նա սադրում էր, որպեսզի ես էլ ասեի հա, դուրս գանք, հետո դառնար իմ գործով տուժողը և ինձ տաներ դեպի ծանր մեղադրանքներ»։

Փաստաբան Արսեն մկրտչյանն ասում է, որ շուրջ մեկ տարի է դատավորի հարցով դիմել է ԲԴԽ, սակայն այնտեղից որևէ արձագանք չկա։
«Մենք միակը չենք, որ Գագիկ Պողոսյանի հարցով դիմել ենք ԲԴԽ, դիմել են անհարկի նիստերը ձգձելու մասով, անհարկի կալանքի տակ պահելու մասով և այլն։ Եթե վիճակագրությունը նայեք, ապա Գագիկ Պողոսյանի դատավճիռները հիմնականում մեղադրական ուղղվածության են և քիչ չի տոկոսը, որ բեկանվում են Վերաքննիչ դատարանում»։։

Փաստաբանն արձանագրում է, որ դատավոր Գագիկ Պողոսյանը նախկին իշխանությունների ժամանակ որոշակի իմունիտետ՝ պաշտպանվածություն ուներ, որ անկախ նրանից, թե իր վճիռները, որոշումները, դատավճիռները Վերաքննիչ ատյանում կյանք ունենում էին, թե չէ, նրա համար հետևանքներ չէին առաջանում․ «երևի թե այդ նույն իներցիան հիմա էլ է շարունակվում և Պողոսյան Գագիկը, որոշակի անձեռնմխելիություն ունի»։

Օրինակ, Գագիկ Պողոսյանը նշանակում է դատական նիստ՝ հենց Արթուրի գործով և գնում արձակուրդ։ Փաստաբանի խոսքերով՝ արձակուրդից վերադառնում է, նորից նիստ է նշանակում և այդ նիստին չի գալիս, որովհետև հիվանդ է և այդ մասին նախապես չի զգուշացնում կողմերին։

«Նկատում ենք անընդհատ կալանքի տակ պահելու մոլուցքը։ Կողմերը չեն առարկում գրավով փոխարինելու վերաբերյալ մեր միջնորդություններին՝ թողնելով դատարանի հայեցողությանը, սակայն դրանք կա՛մ մերժվում են, կա՛մ թողնվում են առանց քննության»։

Փաստաբանն ասում է, որ համաներումը տարածվում է իր պաշտպանյալի վրա, սակայն այն տարածվում է ըստ դատավճռի, և մինչև չորս տարի ազատազրկման դեպքում, բայց այս դեպքում, քանի որ կարող է հիպոթետիկ կերպով դատարանը նշանակի 4 տարուց ավելի պատիժ, ենթադրենք՝ 4,5, այս պատճառաբանությամբ դատավորը խափանման միջոցի հարց էլ չի լուծում։

«Սա զավեշտալի է նաև համեմատական աստիճանի մեջ։ Մենք տեսնում ենք, որ սպանության մեջ մեղադրվողներ, ավելի ծանր և առանձնապես ծանր հանցագործություններ կատարած անձանց խափանման միջոցները փոխվել են։ Բայց այստեղ ամենակարևոր պատճառն այն է, որ Գագիկ Պողոսյանն ատելությամբ է լցված անձամբ իմ նկատմամբ և իմ հանդեպ ունեցած վերաբերմունքը փոխանցվում է իմ պաշտպանյալին»,- ասաց Արսեն Մկրտչյանը՝ հավելելով։ Նրա խոսքովէ Արթուրի նախավերջին դատական նիստը հետաձգվել է դատավորի կնոջ հիվանդ լինելու պատճառով։

Խոսելով նաև «Դատապարտյալների հիվանդանոցում» միջադեպի մասին՝, Արսեն Մկրտչյանն ասաց, որ Արթուրի վերաբերյալ նոր նյութեր են նախապատրաստում, որ անհայտ անձինք «Դատապարտյալների հիվանդանոցի» արգելված գոտի գցել են թմրանյութեր, արգելված գոտում օպերատիվ աշխատողները դա հայտնաբերում են, սկսում են իրականացնել վարույթ՝ ՔԿՀ-ում և այդ վարույթի շրջանակներում ասում են, որ Արթուրին են կասկածում։

«Հարցին, թե ինչո՞ւ հենց ինձ, պատասխանել են, թե դու ակտիվ ես, այստեղ ամեն ինչից դու տեղյակ ես և այդ նյութերը ուղարկվում են Կենտրոնի քննչական բաժին։ Դա դեռ քրեական գործ չի և այդ նյութերը հիմնավորված չեն, հնարավոր է՝ նույնիսկ մերժված էլ լինեն, բայց այն, որ հիմնարկի աշխատակիցը Արթուրին հայտարարել է, որ կա՛մ դու ես, կամ կասես՝ ով է, ենթադրում ենք, որ այս ուղղությունը տրված կլինի Գագիկ Պողոսյանի կողմից։ Եվ հերիք չի, որ Արթուրը պիտի մնա կալանքի տակ, նաև իմ հետ զրույցում դատավորը երբեմն արտահայտվել է, որ դե մեկա հանցագործ է, դուրս է գալու էլի հանցագործություն անի, թող նստի։ »,-եզրափակեց Արսեն Մկրտչյանը։

Լիլիթ Թադևոսյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here