Վճռաբեկ դատարանը ճանաչել է Վարդան Գերավետյանի անձնական ազատության իրավունքի խախտումը

0
1740

Վճռաբեկ դատարանը ճանաչել է Վարդան Գերավետյանի անձնական ազատության և արդար դատաքննության իրավունքի խախտումը։ Փաստաբան Դավիթ  Գյուրջյանի խոսքերով՝ Վճռաբեկ դատարանն ըստ էության փաստել է, որ առնվազն 2017թ. հոկտեմբերից մինչև ազատ արձակումը Գերավետյանը անազատության մեջ է պահվել ապօրինի որոշման հիման վրա:

Փաստաբանը Վճռաբեկ դատարանի հուլիսի 20-ին կայացրած  որոշումը վերջերս է ստացել։   Ըստ պաշտպան Դավիթ Գյուրջյանի՝  երբ դատարանը  դատաքննություն է նշանակում, որոշման հետ մեկտեղ լուծում է խափանման միջոցի հարցը։  «Դատարանները չեն հրավիրում նիստ, մարդկանց չեն լսում,  կալանքի վերաբերյալ  առանց իրենց դիրքորոշումը  պարզելու,  կիրառում են խափանման միջոց, ինչը խախտում է իրենց իրավունքը»,- ասում է Դավիթ Գյուրջյանը։

 Նույնիսկ Սահմանադրական դատարանն է  գտնում, որ անձնական ազատության սահմանադրական իրավունքի սահմանափակումն իրավաչափ է միայն դատարանի որոշմամբ, որն ընդունվել է դատական նիստում՝ դատարանի կողմից կալանքը որպես խափանման միջոց ընտրելու, ինչպես նաեւ ընտրված կալանքի հիմքերի հիմնավորումների  համակողմանի եւ անաչառ քննության, այդ թվում՝ մեղադրյալի եւ (կամ) նրա պաշտպանի` իր դիրքորոշումը դատարանին ներկայացնելու հնարավորության առկայության դեպքում

 Վճռաբեկ դատարանն իր որոշման մեջ փաստում է, որ այն պայմաններում, երբ գործը դատական քննության նախապատրաստելու շրջանակներում դատարանի կողմից  մեղադրյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ չընտրելու, դրա հիմնավոր լինելու կամ չլինելու հարցը քննարկվում է առանց մեղադրյալի  եւ (կամ) նրա պաշտպանի մասնակցության, չեն ապահովվում անձի անձնական ազատության, արդար դատաքննության իրավունքների, մրցակցային սկզբունքի ապահովման օրենսդրական երաշխիքները։

 «Հետեւաբար, ելնելով ազատության, արդար դատաքննության բաղադրատարր հանդիսացող իրավունքի լիարժեք եւ արդյունավետ իրացման, քրեական դատավարության ընթացքում մրցակցային սկզբունքի ապահովման անհրաժեշտությունից մեղադրյալի եւ (կամ)  նրա պաշտպանի մասնակցությունը պետք է ապահովվի»,- գրված է որոշման մեջ։

Վճռաբեկ դատարանը միաժամանակ արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի այն եզրահանգումը, որ դատարանը քննությանը նախապատրաստվելիս խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կայացվում է առանց դատավարության մասնակիցների ներկայության եւ առանց դատական նիստ հրավիրելու, հիմնավոր չէ։ Ուստի ստորադաս դատարանները դատական ակտեր կայացնելիս թույլ են տվել դատական իրավունքի խախտումներ։

 Թեեւ թույլ տրված համապատասխան խախտումներին՝ Վճռաբեկ դատարանն ընդգծում է , որ նշված փաստական հանգամանքների պարագայում ստորադաս դատարանների դատական ակտերի բեկանումը չի կարող առաջացնել իրավական հետեւանքներ (դրանք,  ունենալով ժամանակավոր բնույթ, կորցրել են իրենց իրավաբանական նշանակությունը),  հետեւաբար  վճռաբեկ բողոքը պետք է մերժել։ Մինչ բողոքի քննարկումը՝ 2018 թ հունիսի 13-ին Վարդան Գերավետյանը  մեկ միլիոն դրամ գրավով ազատ է արձակվել։

Վճռաբեկ դատարանի որոշման վերաբերյալ հատուկ կարծիք է հայտնել դատավորներից Ելիզավետա Դանիելյանը՝ դատարանի մեծամասնության դիրքորոշումը հիմնավոր չէ։

«Մասնավորապես գտնում եմ, որ նման ձեւակերպումը չի համապատասխանում ներկայացված բողոքի բովանդակային լուծմանը։ Այսպես՝ սույն գործով արձանագրելով ամբաստանյալի իրավունքների ու ազատությունների խախտման փաստն  արդեն իսկ վճռաբեկ դատարանը մասնակիորեն բավարարել է բողոքաբերի պահանջը, հետեւաբար իրավահարաբերության իրավական նշանակության կորցնելու  հիմնավորումը չի կարող հիմք հանդիսանալ պաշտպանի բողոքը մերժելու համար։ Գտնում եմ, որ վճռաբեկ դատարանը պետք է մասնակիորեն բավարարեր ներկայացված բողոքը»,- գրել է  դատավոր Ելիզավետա Դանիելյանը։

Անձնական ազատության իրավունքի խախտման մասով պաշտպանական կողմը չի բացառում, որ դիմի քաղաքացիական դատարան եւ հատուցում պահանջի։

 Հիշեցնենք, «Սասնա ծռեր» խմբի անդամ Վարդան Գերավետյանը  մեղադրվում է պատանդ վերցնելու եւ պահելու, զենք կրելու եւ առանձնապես խոշոր չափի հափշտակություն կատարելու մեջ։  Վարդան Գերավետյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքներից եւ ոչ մեկը։  Այս գործով արդեն 4-րդ դատավորն է նշանակվել։  Սակայն դատավոր Արմեն Խաչատրյանը դեռ ըստ էության նիստ չի հրավիրել եւ պարզել ամբաստանյալների դիրքորոշումը՝ համաներման ակտի կիրառման հետ կապված։

«Ըստ էության մենք համաներվելու կարիք չունենք։ Մենք պատանդ չենք վերցրել, զենքը  հանձնել ենք։ Կընդունեմ համաներումը,  բայց մեղքս չեմ ընդունի։ Իսկ ինչը կվերաբերի բանկոմատին, ես պատրաստ եմ  ապացուցել, որ ընդհանրապս կապ չունեմ այդ ամեն ինչի հետ եւ շատ լուրջ հիմքեր ունեմ  այդ ամենն ապացուցելու համար»,- ասաց Վարդան Գերավետյանը։ Իսկ բուն գործով դատական նիստը տեղի կունենա փետրվարի 1-ին։

Սուսաննա Պողոսյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here