30 օր հացադուլի մեջ գտնվող դատապարտյալն առողջական լուրջ խնդիրներ ունի

0
864
Մերուժան Մանուկյան

10 տարի 6 ամիս ազատազրկման դատապարտված Մերուժան Մանուկյանը շուրջ 30 օր է հացադուլի մեջ է գտնվում։ 2 օր առաջ նրա առողջական վիճակը կտրուկ վատացել է և նա տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ․

«Սրտից ա բողոքում, սիրտը շատ դանդաղ ա աշխատում, զարկերի բաբախյունը թույլ ա։ Երեկոյան 9-ի կողմերը տարել են հիվանդանոց, բայց Մերուժանը հրաժարվել ա գլյուկոզա ստանալ, քանի որ դեռ շարունակում ա հացադուլը։ Հիմա սրտի ապարատի հերթի մեջ ա, որի օգնությամբ կպարզվի, թե ինչ խնդիրներ ունի։ Էս պահին Մերուժանը կրկին հացադուլավորների համար նախատեսված խցում ա գտնվում»,- Forrights-ին ահազանհեց Մանուկյանի կինը՝ Մարինեն։

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից այցելել էին Մերուժանին հացադուլի միայն 8-րդ օրը, և այցելել են այսօր՝ 30-րդ օրը։ ՄԻՊ-ից տեղեկացրին, որ աշխատակիցները դեռ չեն վերադարձել «Նուբարաշեն» ՔԿՀ-ից, ուստի այլ տեղեկությունների չեն տիրապետում․

«Մեր ներկայացուցիչների վերադարձից հետո ձեռք բերված տվյալները կամփոփվեն, և այն տեղեկությունները, որոնք առողջապահական գաղտնիք չեն պարունակի, կհրապարակվեն»,- նշեցին ՄԻՊ-ից։

Հավելենք, որ կալանավորը նման ծայրահեղ քայլով պահանջում է Վճռաբեկ դատարանին վերանայել իր գործը և բեկանել Վերաքննիչ քրեական և Առաջին ատյանի դատարանի որոշումները։

Հիշեցենք, որ 34-ամյա Մերուժանին սկզբից մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասով (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառել՝ խուլիգանական դրդումներով), սակայն 2 ամիս անց հոդվածը փոխվել է ՔՕ 175-րդ հոդվածի 3-րդ կետի 3-րդ մասով (Ավազակային հարձակում՝ առողջությանը ծանր վնաս պատճառելով)։ Առաջին ատյանի դատարանը նրան դատապարտում է 10 տարի 6 ամիս ժամկետով, Վերաքննիչ դատարանը պատժաչափը մեղմացնելու և գործը կրկին քննելու բողոքը մերժում է, ինչից հետո պաշտպանական կողմը դիմում է Վճռաբեկ դատարան։
 

Ռոզա Վարդանյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here