ԱՆ քրեակատարողական վարչությունը չի կատարում դատարանի որոշումը․ փոխնախարարը խոստացավ զբաղվել խնդրով

0
1507

Ցմահ դատապարտյալ Արթուր Մկրտչյանը շուրջ 23 տարի է ինչ ճաղերից այն կողմում է։ Դեռ օգոստոսի 1-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում նրա գործով աննախադեպ որոշում էր կայացվել։ Դատավոր Արտուշ Գաբրիելյանն ապօրինի էր ճանաչել Տեղաբաշխման հանձնաժողովի այն որոշումը, որով մերժվել էր փոխել Մկրտչյանի պատժի կրման ռեժիմը՝ փակից դարձնելով կիսափակ:

Դատարանը պարտավորեցրել էր Քրեակատարողական ծառայության Տեղաբաշխման հանձնաժողովին՝ վերականգնել Արթուր Մկրտչյանի խախտված իրավունքները և պատժի կրման ռեժիմը փակից դարձնել կիսափակ։ Որոշումից 3 ամիս անց, Արթուր Մկրտչյանը շարունակում է իր պատիժը կրել «Նուբարաշեն» ՔԿՀ-ում։ Ըստ Արթուրի հարազատների ահազանգի, «Նուբարաշեն»-ը նախատեսված չէ կիսափակ ռեժիմի համար։ Դատապարտյալին դեռ ամիսներ առաջ պետք է տեղափոխեին կիսափակ ռեժիմի համար նախատեսված «Արմավիր» ՔԿՀ:

«Տեղաբաշխման հանձնաժողովի փոխնախագահը որոշման հրապարակման օրը դատարանում էր գտնվում։ Իր դիրքորոշման մեջ նա նշում էր, որ կիսափակ ռեժիմն ավելի լայն հնարավորություններ կբացի որդուս առաջ։ Սակայն, դատարանի որոշման հրապարակումից հետո, հանձնաժողովը, առանց որևէ պատճառաբանության, որոշեց, որ Արթուրը պետք է շարունակի պատիժը կրել «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, անտեսելով այն հանգամանքը, որ տվյալ ՔԿՀ-ն ապահոված չէ կիսաբաց ռեժիմի «առանձնահատկություններով»։ Այստեղ հարց է առաջանում՝ եթե հանձնաժողովը չպետք է թույլ տար նրա տեղափոխումը, ապա էլ ինչու դատարանում չբողոքարկեց»,- Forrights-ին Արթուրի դիրքորոշումը փոխանցեց նրա մայրը՝ Ջավահիր Մկրտչյանը։

Արդարադատության նախարարի պաշտոնակատարի տեղակալ Սուրեն Քրմոյանը, անդրադառնալով հարցին, Forrights-ի հետ զրույցում հայտարարեց, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ն նախատեսված է և՛ փակ, և՛ կիսափակ, և՛ կիսաբաց պատիժի կրման ռեժիմի համար։ Քրմոյանը նշեց՝ չնայած ծանոթ է ցմահականի քրեական գործին, սակայն այս պահին չի կարող որևէ մեկնաբանություն տալ․

«Լուսինե Մարտիրոսյանի հետ խոսեք էլի (նկատի ունենալով ԱՆ մամուլի խոսնակին)»,- արագ-արագ նշեց Քրմոյանը՝ ցանկանալով ավարտել խոսակցությունը։ Forrights-ն էլ իր հերթին պարզաբանեց, որ Արդարադատության նախարարության և ցմահականի խոսքերն իրար հակադարձում են, ուստի հարցն այս պահին «օդում կախված է»։

«Լավ-լավ, ես կզբաղվեմ գործով»,- ասաց փոխնախարարը և հեռացավ ։

Հիշեցնենք, որ ի պատասխան մեր հարցմանը, Արդարադատության նախարարությունից հայտնել էին, որ գրեթե 2 ամիս է դատապարտյալի պատժի կրման ռեմինը փոխվել է կիսափակի, իսկ վարչությունն էլ հավելել էր՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ն համապատասխանում է կիսափակ ռեժիմի կրման պայմաններին։

«Կիսափակ ռեժիմի անցումն իրենից էական փոփոխություններ չի ենթադրում։ Հնարավոր է, որ անգամ դատապարտյալը չզգա տարբերությունը։ Նույն խցային պայմաններ է, գրեթե նույն կարգավիճակը։ Ուղղակի, հիմա մոտ մի 2 ժամ հնարավոր է անցկացնել խցից դուրս՝ նախատեսված տարածքում։ Դե հիմա մի օր 10 րոպե ավել, մի օր 10 րոպե պակաս մնալն իրենից չի ենթադրում, որ Արթուր Մկրտչյանի պատժի կրման ռեժիմը չի փոխվել»,- Forrights-ի հետ զրույցում ասել էին Քրեակատարողական վարչությունից։

Ցմահ դատապարտյալ Մկրտչյանն էլ կտրուկ հերքում է նախարարության և վարչության հայտարարությունները։ Նա շեշտում է, որ իր պատժի կրման ռեժիմի փոփոխությունն արձանագրվել է միայն թղթի կտորի վրա, քանի որ իր բանտային կենցաղում ոչինչ չի փոխվել:

«Ստում են, ակնհայտ ստում են իրենք։ Ոչ մի փոփոխություն չի եղել, ամիսներ առաջվա և այժմյան իմ պայմաններն անփոփոխ են, քանի որ «Նուբարաշեն»-ը նախատեսված չի կիսափակ ռեժիմի համար։ Ֆորմալ առումով ռեժիմս փոխել են ու անցել մի կողմ»,- հավելել էր Մկրտչյանը։

Ռոզա Վարդանյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here