Հաշմանդամություն ունեցող ցմահ դատապարտյալը հացադուլ է հայտարարել

0
714

«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին,

«Արթիկ» ՔԿՀ-ի ցմահ դատապարտյալ՝ Վահագն Մարուքյանից

Հարգելի՛ պարոն Փաշինյան, ես՝ Վահագն Մարուքյանս, 25 տարի և ավել կրում եմ կալանք՝ «պատժի առավելագույն չափի» ռեժիմում, չեմ կարողանում քայլել, գամված եմ սայլակին արդեն մի քանի տարի, 2-րդ կարգի հաշմանդամ եմ։

Երկար տարիներ պայքարելուց հետո ենթարկվել եմ անկախ բժշկական հետազոտությունների և ի վերջո հաստատված է․ իմ հիվանդությունը դասվում է Կառավարության որոշման այն հիվանդությունների ցանկին, որն անհամատեղելի է կալանքը կրելու հետ։

Բոլոր հիմնավորումները հաստատված են և արդեն երկար ժամանակ է, ըստ հիմնարկի ղեկավարության, տվյալներն ուղարկված են Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան և մինչ օրս չունեմ տեղեկություն, թե դատարանն ինչու չի նշանակում կայանալիք դատական նիստի օրը։

Ելնելով իրենց քմահաճույքից՝ ես հացադուլ եմ հայտարարում»,- Forrights-ին ուղարկված նամակում նշել էր ցմահ դատապարտյալը։

Հիշեցնենք, որ 45-ամյա Վահագն Մարուքյանը շուրջ 25 տարի է ճաղերից այն կողմում է։ 19-ամյա Մարուքյանին մեղավոր էին ճանաչել Վանաձորի Ռազմական ոստիկանության պետ Վարդան Ասուրյանի սպանության համար, հիմքում դնելով Վահագնի ինքնախոստովական ցուցմունքը, որը նրանք «ստացել էին» խոշտանգման եղանակով։

2011թ-ից Վահագն Մարուքյանի մոտ առաջ են գալիս մի շարք առողջական խնդիրներ՝ ընդհանուր թուլություն, մկանների անաշխատունակություն, քայլելու դժվարություն, որն էլ հետագայում հանգեցնում է հաշմանդամության։ Արտասահմանից հրավիրված բժիշկն արձանագրում է՝ 2-րդ կարգի հաշմանդամություն, կարիք ունի կոնքերի ոսկորների պրոթեզավորման։ Նրա մոտ ախտորոշվում է Ռևմատոիդ արթրիտ։

Forrights-ի հրապարակումից օրեր անց, Մարուքյանին տեղափոխում են »Էրեբունի» ԲԿ, որտեղ անհրաժեշտ հետազոտություն անցնելուց հետո նրա մոտ ախտորոշում են Միոպատիա։ Այս 2 հիվանդությունները համատեղ, Կառավարության որոշման համաձայն, համատեղելի չեն խափանման միջոց կալանքի հետ։

Ռոզա Վարդանյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here