«Մեր որդիների վրայից հանեք ինքնասպանության կեղծ պիտակը» Նիկոլ Փաշինյանն ընդունեց բանակում մահացած զինծառայողների հայրերին

4
3708

Բանակում զոհված և այդ դեպքերն «ինքնասպանություն» որակված շուրջ 10 զինծառայողների ծնողներ այսօր հանդիպում ունեցան ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ։ Հանդիպումը բնավ իշխանության նախաձեռնությունը չէր, դեռ երեկ, զինծառայողների հայրերը «կտրել էին» Փաշինյանի ճանապարհը և ներկայացրել բանակում տեղի ունեցած մահվան դեպքերը։ Նիկոլ Փաշինյանը հենց տեղում օգնականին հանձնարարել էր հանդիպում կազմակերպել և լսել ծնողներին։

Նախատեսված 30 րոպե տևողությամբ հանդիպումը կրկնակի երկարեց։ Մահացած զինծառայողների ծնողների առաջին պահանջը եղել է իրենց որդիների վրայից հանել «ինքնասպանության կեղծ պիտակը» և արդար դատաքննություն իրականացնել կատարված սպանությունների գործով։ Նիկոլ Փաշինյանը «խնդրին լուծում տվեց»՝ հայտարարելով, որ այս հարցով Քննչական կոմիտեում Մոնիթորինգի հանձնաժողով կստեղծեն, որն էլ ավելի խորն ուսումնասիրություն կենթարկի զոհվածների քրեական գործերը։ Հանձնաժողովում, բացի քննչական մարմիններից, կլինեն նաև վարչապետի կողմից ներկայացված ներկայացուցիչները և զոհված զինծառայողների հարազատների փաստաբանները։

«Փաշինյանն անընդհատ ասում էր, որ մեզանից լավ գիտի, թե բանակում ինչեր ա կատարվում, ով-ով ա ու ինչ ա անում։ Ինքը մեզ բոլորիս լսեց ու էդ հանձնաժողովը ստեղծելու տարբերակն առաջարկեց։ Մենք իրեն էլ ասեցինք, որ առաջին հերթին պետք ա մեր տղաների վրայից հանեն էդ կեղծ պիտակները, հետո մարդասպաններին գտնեն ու արդար քննություն կատարեն։ Էս գործերը լիքը կոծկողներ կան՝ սկսած հրամանատարներից, մինչև Քննչականի պետ Աղվան Հովսեփյանը, ինքը հանցանքը առաջին թաքցնողներից մեկն ա։»,- Forrights-ի հետ զրույցում ասաց Ապրիլյան պատերազմի հերոս, կապիտան Անդրանիկ Մկրտչյանի հայրը՝ Արմեն Մկրտչյանը։ Անդրանիկին սպանել են մեկ տարի առաջ, նախնական վարկածը՝ ինքնասպանություն։

2015թ Վազգեն Սարգսյան ռազմական ինստիտուտում առանձնակի դաժանությամբ սպանված կուրսանտ Հայկազ Բարսեղյանի հայրը վարչապետին առաջարկել է օրենք ընդունել, որով պարտադիր պատասխանատվության կենթարկվեն այն հրամանատարները, որոնց ենթակայության տակ կատարվել է դեպքը։ Բացի դրանից, նաև «դավաճան»-ի պիտակ տալ այն անձին, ով հայ զինվոր է սպանել։

Հոկտեմբերի 1-ին Արցախի ՊԲ ենթակայության տակ գտնվող «Մարտունի 2» զորամասում 2 ամիս ծեծված, նվաստացված, ապա սպանված և պատահարը կրկին «ինքնասպանություն» որակված զինծառայող Գևորգ Հարոյանի մորեղբայրը՝ Արմեն Բեգլարյանը հայտարարեց, որ հեղափոխությունից հետո զորամասերում շարունակվում է նույն անարխիան:

«Հենց Գևորիս զորամասում էս պահին շարունակում են զինվորին ծեծել, ստորացնել ու նվաստացնել։ Զինվորը հիմա էլ պոստերից իջնում ա նեղված ու վիրավորված։ Սրա պատճառն էն ա, որ իշխանափոխությունից հետո էլ էս դեպքերի համար պատասխանատու մարդիկ նույն պաշտոնին են մնացել, բոլորը ձևացնում են, թե աշխատում են, բայց արդյունքում ամեն ինչ նույն ա մնում կամ ավելի վատը դառնում։ Մենք չպետք ա մի դեպքը վերցնենք, բացահայտենք,պատժենք ու անցնենք առաջ չէ՛, մենք պետք ա գտնենք խնդիրն ու հենց խնդրին լուծում տանք»,- հայտարարեց Արմեն Բեգլարյանը։

Վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից անմիջապես հետո, մահացած 10 զինծառայողների ծնողները քայլեցին դեպի Քննչական կոմիտե՝ հանդիպելու կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի հետ և քննարկելու վարչապետի առաջարկած տարբերակը։

Ռոզա Վարդանյան

4 ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here