Հեղափոխությունը, մենք և զինվորական գործերը

0
153

Հայաստանի Զինված ուժերը մեր պետության անվտանգության երաշխավորն են, բոլորիս հոգեզավակը, որն ունի սիրո և ուշադրության կարիք։ Պաշտպանական առաքելությունը կարող է լիակատար հաջողություն ունենալ երկու պայմաններում, եթե Զինված ուժերը ունեն գերարդիական սպառազինություն, և բարձր մակարդակի վրա է բարոյահոգեբանական մթնոլորտը։ Առաջին բաղադրիչը հաջողությամբ իրականացնում է պետությունը, բայց խնդիրներ ունենք երկրորդ հարթությունում։ Արդյո՞ք ամբողջությամբ պաշտպանված են զինծառայողների իրավունքները։

Պաշտոնական տվյալներով՝ ոչ պատերազմական 2017 թվականին Զինված ուժերում 75 զինծառայողի մահ է գրանցվել, ինչը թույլ է տալիս բացասական գնահատել բանակում զինծառայողների իրավունքների պաշտպանվածության մակարդակը։ Այս մահերի զգալի մասը ներքին խնդիրներով են պայմանավորված, ոչ՝ հակառակորդի միջամտությամբ։ Հուսով ենք, Հայաստանի նոր կառավարությունը դրականորեն կտարբերվի նախորդից: Խնդիրները ոչ թե կկոծկվեն, կթաքցվեն հասարակությունից, այլ դրանք վեր կհանվեն, կարվեն եզրակացություններ և հիմնավոր լուծումներ կտրվեն։

Հեղափոխությունից հետո զինվորական որոշ գործերով դրական փոփոխություններ են արձանագրվել: Մի քանի մահացած զինծառայողի մահվան դեպքով մեղադրանք է առաջադրվել բարձրաստիճան զինվորականների: Այսպես օրինակ՝ 2017 թվականի հոկտեմբերի 10-ին հակառակորդի գնդակից մահացած Չապլին Մարգարյանի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել դիրքի պատասխանատու սպային։ Քննչական կոմիտեի տվյալներով՝ բարձրաստիճան սպան պարտավոր է եղել հակառակորդի կողմից խոցելի հատվածներում ինժեներական աշխատանքներ իրականացնել միայն օրվա վատ տեսանելիության պայմաններում, սակայն չի պահպանել նշված պահանջները:

Եթե նախկինում քրեական գործը հարուցվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 104–րդ հոդվածի 2–րդ մասի 13–րդ կետով՝ ազգային ատելության շարժառիթով դիտավորությամբ սպանության հատկանիշներով, քննչական մարմինների բարձրաստիճան փոփոխությունից հետո գործերը քննվում են նաև հայկական կողմից պատասխանատուներին հայտնաբերելու ուղղությամբ։ Սա հույս է տալիս կարծելու, որ իրավապահ համակարգը կհրաժարվի հանցագործությունները կոծկելու նախկին պրակտիկայից, յուրաքանչյուր դեպքով մեղավորները կկանգնեն դատարանի առաջ:

Զինծառայողների իրավունքները՝ առաջին պլանում

Իսկ ի՞նչ ենք անում մենք՝ «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» իրավապաշտպան կազմակերպությունը, ինչպե՞ս ենք օգնում պետությանը՝ զինծառայողների իրավունքները պաշտպանված դարձնելու գործում։ Արդեն 10 տարի մեր գործունեությունը պետության և հասարակության աչքի առաջ է։ Մեզ հիշում և գնահատում են որդեկորույս ծնողները։ Եվ այն, որ զինծառայողներն ու նրանց հարազատները շարունակւմ են դիմել մեզ, նշանակում է՝ վստահում են և որոշակի հույսեր կապում։ Մեր նշանաբանն է՝ պետության հետ համագործակցությամբ ունենալ առավել պաշտպանված զինծառայող։

Ներկայացնենք, թե ինչ ենք արել վերջին 8 ամսում և ինչ հաջողության պատմություններ ենք արձանագրել։2017 թվականի հոկտեմբերից սկսած մենք այցելել ենք Զինված ուժերում մահացած կամ դժվարին իրավիճակներում հայտնված մի քանի տասնյակ զինծառայողների ընտանիքներ։ Որոշ դեպքերում ստանձնել ենք տուժողների պաշտպանությունը։ Ընթացիկ խնդիրներով խորհրդատվություն ենք տրամադրել մոտ մեկ տասնյակ զինծառայողների: Ստորև ներկայացնենք մեր հաջողության պատմությունները:

Զարհուրելի դեպք․ սպան բռնաբարել է զինծառայողին

Զինծառայող Կ.-ի բռնաբարության դեպքը թերևս ամենադրամատիկ և ծանր գործն է, որով զբաղվում է մեր կազմակերպությունը: Այս տարեսկզբին մենք տեղեկություն ստացանք, որ սպան բռնաբարել է նորակոչիկ Կ.-ին։ Զինվորական երդման արարողությունից օրեր անց զինվորը զանգահարել է մորն ու օգնություն խնդրել, մորը պատմել իրողությունը։ Բռնաբարությունը կրել է պարբերական բնույթ՝ սպան նորակոչիկին փաթաթել է «ադյալի» մեջ, ծեծել ու բռնաբարել։ Մեր կազմակերպության փաստաբան Հայարփի Սարգսյանը ներկայացնում է զինվորի շահերը: Իրավաբանական աջակցություն ենք ցուցաբերում նաև մորը։ Կ․-ին նախ ճանաչել են տուժող, զորամասից տեղափոխել են Ռազմական ոստիկանություն, ապա նրան ճնշելով՝ ստիպել են ցուցմունքը փոխել, թե ինքը սուտ մատնություն է կատարել՝ սպային հանիրավի մեղադրելով բռնաբարության մեջ։ Գործն այժմ մտել է դատական փուլ, մենք շարունակում ենք պաշտպանել զինծառայողի իրավունքները։ Կապ ենք պահպանում նաև ՀՀ Պաշտպանության նախարարության համապատասխան մարմինների հետ՝ զինծառայողի անվտանգության, հետագա ծառայության կարգավիճակի հարցերով։

Ապրիլյան պատերազմի հերոս Անդրանիկ Մկրտչյանի կասկածելի մահը

2017 թվականի օգոստոսի 20-ին Մեղրիի զորամասի հետախուզական վաշտի հրամանատար Անդրանիկ Մկրտչյանի մարմինը գտնվել է վաշտի սենյակներից մեկում։ Նախաքննական մարմինը գործը քննում է ինքնասպանության հասցնելու հոդվածով։ Սակայն մեր կողմից կատարվող զուգահեռ քննությունը, ձեռք բերված փաստերը վկայում են, որ կատարվածն իրականում սպանություն է։ Կազմակերպության փաստաբան Հայարփի Սարգսյանը քրեական գործով ներկայացնում է տուժողի իրավահաջորդի շահերը։ Պայքարում ենք բացահայտելու ճշմարտությունը և պատասխանատվության ենթարկելու իրական հանցագործներին։ Վերջերս էլ կարճվեց հետմահու Անդրանիկ Մկրտչյանի դեմ հարուցված քրեական գործը, ըստ որի՝ նրա ծառայողական բնակարանում անօրինական փամփուշտներ էին հայտնաբերվել։

Կրակոցներ թիկունքից և անհետացած փամփուշտներ

21-ամյա զինծառայող Նարեկ Ադիբեկյանը մարտական հենակետում սպանվել է թիկունքին արձակած կրակոցներից։ Դեպքը տեղի է ունեցել 2017 թվականի դեկտեմբերի 11-ին։ Ըստ քննության տվյալների՝ սպանության հեղինակը՝ համածառայակից Մ․ Մ․-ն 16 կրակոց է արձակել և սպանել։ Նախաքննության փուլում զինծառայողի իրավահաջորդի շահերը ներկայացնում է փաստաբան Հայարփի Սարգսյանը։ Պատմության օբյեկտիվ պատկերը ստանալու համար այցելեցինք նաև սպանության մեջ կասկածվող Մ․Մ․-ի ընտանիքին։ Դատաբժշկական փորձաքննության տվյալներով զինծառայողը ենթարկվել է անմարդկային վերաբերմունքի՝ բռնաբարվել և խոշտանգվել է։ Հետո՝ սպանության մեղքը դրվել է նրա վրա: Նարեկ Ադիբեկյանի իրավահաջորդի ներկայացուցիչ փաստաբանը կասկածի տակ է առնում սպանության պաշտոնական վարկածը: Ուսումնասիրելով փորձագիտական եզրակացությունները, հայտնաբերել է, որ քննիչները փորձագետներին ներկայացված փաթեթից հանել են դրա վրա նշված պարկուճը, որից կարելի էր որոշել, թե ում զենքից է այն կրակվել, և այն փոխարինել են փամփուշտով: Դեպքի վայրում կրակել է ոչ միայն Մ. Մ-ն, այլ նաև մահացած Ադիբեկյանը, կամ ևս մեկ այլ անձ, կամ անձինք: Առնվազն 6 պարկուճ նախաքննական մարմնի կողմից պարտակվել է: Հայարփի Սարգսյանը բողոք է ներկայացրել քննիչի դեմ։ Այս գործով նախաքննությանը զուգահեռ մենք լրագրողական հետաքննություն ենք անցկացնում։

Բռնություն՝ Ռազմական ոստիկանության բաժանմունքում

Այս տարվա հունվար ամսին մեր կազմակերպություն է դիմել Արցախի Ասկերանի զորամասի պայմանագրային զինծառայող Էդգար Հակոբյանը՝ հայտնելով, որ Ստեփանակերտի ռազմական ոստիկանության աշխատակիցներն իրեն մի քանի անգամ ծեծի են ենթարկել։ Մեր տեսանյութում զինծառայողը պատմում է, որ ՌՈ բարձրաստիճան աշխատակիցը մի քանի անգամ ուժգին հարվածել է իր երիկամներին, հետո դուրս են բերել շենքից և ստիպել ծնկի գալ շարահրապարակում: Այնուհետև պետն իր աշխատակցին հրահանգել է ոտքով հարվածել Էդգարին՝ մինչև շարահրապարակի վերջնամասը ծնկների վրա քայլեցնելով:

Հակոբյանի պնդմամբ՝ իրեն հայհոյանքներ են հասցրել զորամասի սպաներ։ Մեր հրապարակած հոդվածի հիման վրա հունվարի 25-ին Քննչական կոմիտեն քրեական գործ հարուցեց ՀՀ Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի և 360-րդ հոդվածի 2-րդ մասերով։ Դեռևս ընթանող նախաքննության շրջանակում մեր փաստաբան Հայարփի Սարգսյանը ներկայացրել է Էդգար Հակոբյանի շահերը։

Ականի պայթյունը խլեց 3 զինծառայողի կյանք, վիրավորվեց ևս 1-ը

Զոհեր կարող էին չլինել, եթե ական տեղադրելու առաջադրանքը կատարող պատասխանատու սպան լավ պատրաստած լիներ և գործողությունը գլխավորեր փորձառու սպա։ 2017 թվականի նոյեմբերի 21-ին Մարտակերտի զորամասի պահպանության դիրքում ականի պայթյունից մահացան սպա Գեղամ Զաքարյանը, ժամկետայիններ Սարգիս Մելիքյանը և Սարգիս Աբրահամյանը, ծանր վիրավորում ստացավ հետախույզ Նարեկ Հովեյանը։ Մենք սկսեցինք հետաքննել այս դեպքը։ Այցելեցինք զոհված բոլոր զինծառայողների տուն՝ Մասիս, Վարդենիս, Մուսալեռ, լսեցինք հարազատներին, Երևանում հանդիպեցինք նաև Նարեկի մորը։

Արժեքավոր տեղեկություններ ստացանք մեր աղբյուրներից։ Վիրավորված Նարեկ Հովեյանը, որ հետախույզ էր, չէր ունեցել սակրավորի կրթություն։ Մահացած և վիրավոր զինծառայողների ծնողները մեզ ասում էին՝ ականի պայթյունը չէր լինի, եթե գործողությունը չղեկավարեր անփորձ սպան, և իրենց որդիները համապատասխան հմտություններ, հանդերձանք ու սարքավորումներ կրեին։ Մեր այս քննադատությունը հետագայում հաստատվեց նախաքննությամբ:

Հունիսի 19-ին Քննչական կոմիտեն հայտնեց, որ Քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասով մեղադրանք է առաջադրվել Մարտակերտի զորամասի ինժեներական ծառայության պետին։ Նա, ըստ ՔԿ-ի, ծառայության նկատմամբ դրսևորել է անփույթ վերաբերմունք, չի կատարել իր վրա դրված պարտականությունները, ինչի հետևանքով աշխատանքները մանրակրկիտ պլանավորված և կազմակերպված չեն եղել․

«Ինժեներական աշխատանքներն իրականացվել են հանպատրաստից, այդ թվում՝ անձնակազմը չի տիրապետել ականապայթյունային միջոցների նյութական մասին, առաջադրված խնդրի կատարման կարգին, անվտանգության կանոններին և չի ունեցել ականապատման և ականազերծման միջոցների հետ վարվելու գործնական հմտություններ, մարտական վիճակում գտնվող հակատանկային ականները հանվել են ձեռքով՝ սուր ծայրով բահի միջոցով և տեղափոխվել ձեռքով, ականադաշտի տեղազննում չի իրականացվել, ականորսիչներ, ճանկիչներ և շոշափիչներ չեն օգտագործվել:

Արդյունքում՝ 2017թ. նոյեմբերի 21-ին՝ ժամը 18:35-ի սահմաններում, N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում ինժեներական աշխատանքներ կատարելիս, հակատանկային ականի պայթյունի հետևանքով պայթյունաբեկորային մահացու վիրավորումներ են ստացել նույն զորամասի երեք զինծառայող, ևս մեկը՝ վիրավորվել»,- ասվում է Քննչական կոմիտեի հաղորդագրությունում։

Հարկ է նշել, որ ի սկզբանե քրեական գործ էր հարուցվել ՀՀ Քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 4-րդ մասով, այն է՝ զենքի, ռազմամթերքի եւ շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող առարկաների, նյութերի հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ։ Այս հոդվածը ենթադրում է, որ նախաքննական մարմինը ականի պայթյունի մեղավորին փնտրում էր մահացած կամ վիրավոր զինծառայողների շրջանում։

Փաստորեն՝ ի սկզբանե նախաքննությունը խնդիր չէր դրել հայտնաբերել գործողության պատասխանատու բարձրաստիճան սպային: Գործի քննության ինչ-որ մի փուլից սկսած նախաքննական մարմինը սկսել է օբյեկտիվ քննություն կատարել։ Վստահաբար, դեպքի համակողմանի լուսաբանմամբ մենք մեր փոքրիկ ներդրումն ենք ունեցել այսպիսի արդյունքի համար։ Որպես հավելյալ տեղեկություն նշենք, որ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի որոշմամբ 10-ական միլիոն դրամ միանվագ և 20 տարի շարունակ ամեն ամիս 200 000-ական դրամ փոխհատուցում է տրամադրել զոհվածների ընտանիքներին և 1-ին կարգի հաշմանդամ Նարեկ Հովեյանին։ Դեռևս չբացատրված պատճառներով պետությունը փոխհատուցում չի տրամադրել սպա Գեղամ Զաքարյանի ընտանիքին։

Նռնակը պայթել է զենքի պահեստում

Դժբախտ ելքով այս պատահարը կարող էր տեղի չունենալ, եթե զորամասում կարգապահության բարձր մակարդակ գոյություն ունենար: 2017 թվականի նոյեմբերի 4-ին Մարտակերտի զորամասի զենքի պահեստից պայթյունի հզոր որոտ էր լսվել։ Հակատանկային նռնակի պայթյունը խլել էր ժամկետային զինծառայող Հրանտ Մանգասարյանի կյանքը, վիրավորվել էր ևս 7 զինծառայող։ Քրեական գործ էր հարուցվել ՀՀ Քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասով: Փաստաբան Հայարփի Սարգսյանը հարուցված քրեական գործում ներգրավվել է որպես Հրանտ Մանգասարյանի իրավահաջորդի շահերի ներկայացուցիչ։

Դեռ ամիսներ առաջ նախաքննության ընթացքից դժգոհ էր Հրանտի մայրը։ Նունե Հակոբյանը քննիչի հետ զրույցներից եզրակացրել էր, որ փորձ է արվում նռնակի պայթյունի մեղքը գցել իր որդու վրա։Հայաստանում քաղաքական իրավիճակի փոփոխությունը դրական հուն փոխեց այս գործի նախաքննությունը: Հունիսի 20-ին Քննչական կոմիտեն տեղեկացրեց, որ այս գործով մեղադրանք է առաջադրվել զորամասի հրթիռահրետանային սպառազինության ծառայության պետ Ա. Գրիգորյանին, որը ծառայության նկատմամբ ծանր հետևանքներ առաջացրած անփութություն է դրսևորել:

Նոյեմբերի 4-ի կեսօրին մոտ պահեստ են մուտք գործել ++շարքայիններ Հրանտ Մանգասարյանը և Սերգեյ Ալումյանը, ովքեր Գևորգ Հյուսնունցի հետ միասին մասնակցել են նռնակների քանդման աշխատանքին, որի ընթացքում` ժամը 12:00-ի սահմաններում, տեղի է ունեցել հակատանկային նռնակի պայթյուն, ինչի հետևանքով մարմնի տարբեր մասերում ստացած պայթյունաբեկորային վիրավորումներից Հրանտ Մանգասարյանը տեղում մահացել է:

Մենք ուշադրության տակ ենք պահելու այս գործի քննությունը և պաշտպանելու ենք տուժող Հրանտ Մանգասարյանի իրավահաջորդի շահերը։2018-ին ականի պայթյունների դեպքերը նվազել են Պաշտպանության նախարարության հրապարակած տվյալներով՝ 2016 և 2017 թվականներին ՀՀ և ԼՂՀ Զինված ուժերում ականի պայթյունից մահացել է 6 զինծառայող, վիրավորվել՝ շուրջ 20-ը։ Մեր հետազոտությունները ցույց են տալիս, որ ականի պայթյունները հաճախ հրամանատարության չհաշվարկած հրամանների և գործողությունների պատճառով են տեղի ունեցել։

Ցայտուն օրինակ է 2017-ի նոյեմբերի 21-ի և նոյեմբերի 4-ի դեպքերը, որոնց մասին վերևում խոսեցինք: 2018 թվականի առաջին 6 ամիսներին զինծառայողների մասնակցությամբ ականի պայթյունի միայն 1 դեպք է գրանցվել՝ հունվար ամսին։ Վստահ ենք, որ այսպիսի դրական վիճակագրություն գրանցվել է նաև մեր ահազանգող և սթափեցնող հրապարակումների շնորհիվ։

Եվ վերջում՝ դրական հանգուցալուծման մասին, որով նաև դուք եք ուրախացել

Ապրիլյան պատերազմի մասնակից Ալբերտ Դալլաքյանի պատմությունը միավորեց համայն հայությանը։ Պաշտպանության նախարարությունը մերժել էր գումար հատկացնել 2016 թվականի հունիսի 24-ին մարտական հենակետում գլխից վիրավորում ստացած Ալբերտի բուժմանը։ Ինչպես գիտենք, զինվորի ուղեղի մի հատվածը վնասվել էր սպա Ավագ Նահապետյանի կրակոցից։ Հասարակությունը օգնության կարիք ունեցող զինծառայողի մասին իմացավ հատկապես մեր հրապարակումներից։ Մենք այցելեցինք հոսպիտալ, որտեղ վիրավոր Ալբերտը բուժվում էր։ «Զինվորի գլխին կրակած սպան «անբասիր վարքով» ծառայում է ՀՀ Զինված ուժերում» հրապարակումն ունեցավ 15 000-ից ավելի ընթերցող։

Մեր կազմակերպության ղեկավար իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը մամուլի ասուլիսներում բարձրացրեց Դալլաքյանի խնդիրը։ Հայաստանում հնարավոր չէր իրականացնել Ալբերտ Դալլաքյանի լիակատար բուժումը։ Իսկ այն Գերմանիայում կազմակերպելու համար անհրաժեշտ էր 45 000 եվրո։ Հասարակության բարձր պատասխանատվության դրսևորման շնորհիվ հավաքեց բուժման անհրաժեշտ գումարը։ Ալբերտը բուժումը շարունակում է գերմանական կլինիկայում և բարեհաջող։Մեր ուշադրության ներքո է նաև Դալլաքյանի վիրավորման փաստով քրեական գործը, որը հարուցվել է զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հատկանիշներով։ Մեր հրապարակումներում իրավական գնահատական է տրվել հանգամանքին, որ կրակոցի հեղինակ, սպա Ավագ Նահապետյանը շարունակում է գտնվել ազատության մեջ։

Եվ վերջում՝ մեր և Պաշտպանության նախարարության հարաբերությունների մասին: Դրանք փափուկ չեն, հատկապես նախկին նախարարների օրոք դրանք աչքի են ընկնել նյարդային դրվագներով և երկուստեք կոշտ քննադատությամբ, բայց ամեն դեպքում կարևոր հարցերի շուրջ համագործակցություն ստացվում է: Հստակ գիտակցում ենք, որ Զինված ուժերը փակ կառույց է, բայց հենց այդ կարգավիճակն է մեզ ստիպում առավել մեծ ուշադրություն դարձնել մարդու իրավունքների խնդիրներին: Անկախ տարաձայնություններից՝ մեր նպատակը նույնն է՝ ունենալ պաշտպանված զինծառայող, հետևաբար՝ ուժեղ և մարտունակ Զինված ուժեր:

Ռոբերտ Անանյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here