«2 ամիս ամեն օր տղայիս ծեծել են… Էնքան էր նիհարել, որ էդ ծանր զենքը չէր կարող անգամ բռնել»

3
21558

«2 ամիս ամեն օր տղայիս ծեծել են…»

«Մամա ջան, մենակ կուզեմ, որ էս վաշտից ինձի հանեք: Էս վաշտից, որ ինձի հանեք, ամեն ինչ լավ կլինի: Մա՛մ, դժոխքը հենց էստեղ ա՝ մեր զորամասում…», տխուր էր էդ օրը երեխես, շա՜տ տխուր»,- Forrights-ի հետ զրույցում պատմում էր հոկտեմբերի 1-ին «Մարտունի 2» զորամասում մահացած շարքային Գևորգ Հարոյանի մայրը` Արմինե Բեգլարյանը:

2 ամիս էր, ինչ 21-ամյա Գևորգը զորակոչվել էր բանակ: Բարձրագույն կրթությամբ, կարմիր դիպլոմով ավարտած որդին կարևորում էր բանակային ծառայությունը, սակայն առաջին իսկ օրից բողոքում էր զորամասից ու վաշտից.

«Ասում էր` մամ, ինձ ստեղ նվաստացնում են, նեղում, ստորացնում: Չեն թողնում հաց ուտեմ, հացը շպրտում են, ասում են` գնա կեր: Տղես անընդհատ ասում էր` մամ ջան, ստեղ սաղ «սվոլըչ» են` կրտսեր սերժանտից սկսած մինչև վերևները, Մենակ գենրենալ Սամվել Կարապետյանն ա կարողանում սրանց հախից գա, հենց անունը լսում են` դողում են… »,- պատմում էր տիկին Արմինեն հուզված։ «2 ամիս ամեն օր տղայիս ծեծել են», շարունակ կրկնում էր մայրը:

Աեպտեմբերի 29-ին Գևորգը զանգում է մորը և խնդրում անպայման գալ զորամաս: Տղայի տխուր ձայնը ստիպում է Արմինեին մեծ տղայի հետ նույն օրը գիշերը Գյումրիից հասնել Արցախ: Գևորգը մորն ու եղբորը մոտենում է բավականին տխուր և ճնշված վիճակում:

Գևորգ Հարոյանի մայրը՝ Արմինե Բեգլարյանը

«Մի 10 կգ նիհարել էր էդ մի քանի շաբաթվա մեջ, կաշին ու ոսկորն էր մնացել: Հին ու մաշված շորերով էր, առանց մայկայի: Ասեց` գողացել են սաղ: Մեկ էլ հայացքս ընկավ, որ աչքի տակը կապույտ ա: Գևորս ասեց, որ ընկել ա: Հետո շորերը փոխելու ժամանակ տեսա, որ գլխի վրա էլ վերք կա: Էս էլ ասեց, որ խրամատ փորելու ժամանակ ա վնասել: Բայց ես զգացի, որ էս ոչ ընկնելու, ոչ էլ խրամատ փոխելու բան ա: Ուզեցի զորամասի ղեկավարությանն էդ մասին գրեմ, էն էլ տղես չթողեց: Ասեց` մամ, էդպես բան չանես հանկարծ: Երեխես վախեցած էր…»,- հուզմունքը չկարողանալով զսպել՝ասում էր մայրը։

Տեսակցությունից կես ժամ հետո նրանց է մոտեցել Միրզոյան ազգանունով մեկը, որի ներկայությունը սարսափեցրել է Գևորգին: Նա տղային հրամայել է վերադառնալ վաշտ, սակայն մայրը չի թողել, շեշտելով՝ Գյումրիից չի հասել Արցախ, որ կես ժամ տեսնի որդուն: Միրզոյանը տեղի է տվել և ասել, որ շարքային Հարոյանը կարող է մնալ մինչև երեկոյան 8-ը, սակայն տեսակցությունը ձգվել է մինչև ժամը 2-ը: Սա Գևորգի վերջին հանդիպումն էր հարազատների հետ։ Մեկ օր հետո մահվան լուրն են առել։
«Ես քիչ մնացի, որ գամ Ստեփանակերտ ու իր ա սիրած ուտելիքները սարքեմ. ուզել էր երեխես…: Եկել ենք տուն, իրա հետ մի քանի անգամ խոսել հեռախոսով, ասել եմ, որ իրա ուզած կոտլետն եմ սարքում: Հաջորդ օրը պետք ա տանեինք, մեծ տղայիս էլ ուզզում էր տեսնել, ասելու բան ուներ, որն ինձ չէր ասում: Էն էլ ուրբաթը շաբաթից շուտ եկաց…հաջորդ օրը տղես էլ չկար»,- արտասվելով պատմեց մայրը:

«Ի՞նչ պետք ա ինքն ասեր եղբորը, ի՞նչ պետք ա դուրս գար էդ պատերի ներսից, տենց էլ անհայտ մնաց…»

Գևորգի մահվան լուրը հարազատներին զորամասը չի հայտնել. առավոտյան զանգել են տղայի հորը և ասել, որ որդուն տարել են Ստեփանակերտ` թոքի վիրահատության: Հիվանդանոցում հայտնել են, որ 7 լիտր արյուն լինելու դեպքում, Գևորգը կփրկվեր: Տիկին Արմինեն պնդում է՝ սպանելուց հետո որդուն թողել են արնաքամ լինի, նոր Շտապ օգնություն են կանչել.

«Զորամասում ասում են, որ ինքնասպան ա եղել, բայց էդ սուտ ա, ինքը չէր կարա ինքնասպան լիներ: Մարտունիի դատախազությունից էլ ասում են, որ արձակված կրակոցը 2 մետրից ա եղել…բա տղես ո՞նց կարող էր էդ հեռավորության վրա ինքն իրեն կրակել: Էնքան էլ նիհարել էր վերջին անգամ, որ էդ ծանր զենքը չէր կարողանում անգամ բռնել: Կամ եթե ուզում էր վնասել իրեն, ուրեմն ձեռքին կամ ոտքին կկրակեր, որ ազատվեր բանակից…Չէ, ես համոզված եմ՝ իմ տղուն սպանել են: Ի՞նչ պետք ա ինքն ասեր եղբորը, ի՞նչ պետք ա դուրս գար էդ պատերի ներսից, տենց էլ անհայտ մնաց: Ուրեմն մարդիկ չէին ուզում, որ տղես մի բան պատմի»,- իր մտահոգությունը կիսեց տիկին Արմինեն:

Զգալիորեն նիհարած Գևորգ Հարոյանը

Շարքային Գևորգը տևական ժամանակ խուսափել է հարազատների մոտ որևէ մեկի անունը հնչեցնել, սակայն «լեննականցի Լուկաշի» մասին այնուամենայնիվ պատմել է: Լուկաշ Պետրոսյանը Հարոյանի վաշտի հրամանատարն է եղել, ով ամենաշատն է ճնշել ու բռնության ենթարկել Գևորգին:

«Նսեմացնում էր տղայիս, հաց ուտելիս հանգիստ չէր թողնում: 80 հոգու մեջ ասում էր՝՝ նստի, վեր կաց, նստի, վեր կաց, չէր թողնում հաց ուտի տղես: Գևորս պատմում էր, ասում էր՝ հլը մի թիքա հաց չեմ դրել բերանս, էդ Լուկաշն ասում ա՝ վեր կաց, մինչև կանգնում եմ, թե բա՝ նստի: Վերջին օրն էլ էլի կանչել ա տղուս ու ծեծել: Դեմքի ու վզի վրայի էդ թարմ հետքերն էլ դրա ապացույցն են: Էդ «սվոլոչն» էնքան ա չարչարել, երեխայի ներվերը կերել, որ Գևորս չի դիմացել, մեզ ա ասել»,- մանրամասնեց տիկին Արմինեն:

«Մենք, որ ներս մտանք, Գևորիս մարմինը մաքուր-մաքուր էր: Էն տպավորությունն էր, որ մի հատ ջուրը պահել լվացել են…»

Հատկանշական է, որ դիահերձման ժամանակ, որին մասնակցել է նաև Գևորգի հորեղբայրը` Հարություն Հարոյանը, դիակի վրա հայտնաբերվել են բռնության թարմ հետքեր: Աչքի շրջանում նոր կապտուկներ էին առաջացել, իսկ գլխի մասում` վերք էր գոյացել: Forrights-ի հետ զրույցում, Հարությունը կասկած հայտնեց, որ մինչև իրենց դիահերձարան հասնելը, Գևորգի մարմինն արդեն իսկ լվացված է եղել.

«Մենք, որ ներս մտանք, Գևորիս մարմինը մաքուր-մաքուր էր: Էն տպավորությունն էր, որ մի հատ ջուրը պահել լվացել են: Իրենք մեզ արգելեցին դիակը լուսանկարել, ասեցին՝ մենք լուսանկարները հետո կուղարկենք, բայց գիտեմ, որ օրենքով նման արգելանք չկա»,- նկատեց Հարությունը:

Հորեղբայրը իր հերթին բացառում է ինքնասպանության վարկածը: Ըստ նրա, Գևորգը կյանքով լեցուն տղա էր, ինչքան էլ զորամասում նեղացրած լինեին, նա նման քայլի երբեք չէր գնա: Հարոյանը փաստում է, որ դեպքը տեղի է ունեցել զինանոցում, այնինչ 2 ամսվա զինվորն իրավունք չուներ միայնակ գտնվել զինանոցում.

«Զինանոցը շատ լուրջ տեղ է: Զինվորը չի կարող ուղղակի գնալ, զինանոցի դուռը բացել, զենք վերցնել ու որևէ գործողություն անել: Էդ նկուղ չի, որ ով ուզի մտնի, ինչ ուզի անի»,- նկատեց Հարոյանը:

Գևորգ Հարոյանի մորեղբայրը՝ Արմեն Բեգլարյանը, ևս չի հավատում, որ Գևորգն ինքնասպան է եղել: Բեգլարյանը նշեց, որ «Մարտունի 2» զորամասն արդեն իսկ դժոխք է բոլոր զինծառայողների համար: Այնտեղ կոռումպացված համակարգ է գործում, որտեղ կարող են մի զինվորի ծնողից վերցնել գումար, որ «լավ նայեն», այնինչ այդ տարբերակված մոտեցումն էլ իր ազդեցությունն է ունենում մեկ այլ զինվորի վրա.

«Մենք չենք մտածում, որ մեր երեխուն լավ են նայում մյուս երեխու հաշվին: Մենք հասկանալով ենք անում, բայց էդ սխալ ա: Մենք մեր երեխուն տալիս ենք ծառայելու, բայց չենք հետևում, թե «աֆիցեռն» ինչ տոնով ա խոսում իր ա հետ, թե ոնց են վերաբերվում մեր երեխեքին: Չենք հետևում, դրա համար էլ հետո էդ երեխեքը կոտրված են հետ գալիս: Մեր երեխեքն իրենց համար դարձել են մսացու: Ահավոր վիճակ ա տիրում, կարող ենք ասել՝ բարդակ: Մեր ձեռքերով սարքած գաղութ է…Սա միայն իմ ցավը չի, սա ազգային ցավ ա ու այնպես պետք ա անենք, որ Գևորգս սպանված վերջին տղան լինի»,- Forrights-ի հետ զրույցում հայտարարեց Բեգլայանը:

Դեպքի առթիվ մեղադրանք է առաջադրվել 3 անձի, որից երկուսն այս պահին ձերբակալված են

Դեպքի առթիվ, դեռևս հոկտեմբերի 1-ին, առաջին կայազորային քննչական բաժնում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ (Սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնել):

Հարազատների բարձրաձրած բողոքը, որ Գևորգին սպանել են, սակայն որակավորել որպես ինքնասպանություն, հանրության շրջանում մեջ արձագանք գտավ: Արցախի հանրապետության Պաշտպանության նախարարությունը հոկտեմբերի 12-ին շտապ հայտարարություն տարածեց, փորձելով վերջ դնել տարատեսակ խոսակցություններին, մասնավորապես նշելով՝ «նախնական և անհետաձգելի գործողությունների արդյունքները բավարար հիմքեր են տվել ենթադրելու, որ Գ. Հ.-ն մահացել է իր իսկ գործողությունների արդյունքում»:

Հայտարարության մեջ ասվում էր, որ դեպքի առթիվ մեղադրանք է առաջադրվել 3 անձի, որից երկուսն այս պահին ձերբակալված են.

«Նախաքննությամբ պարզվել է, որ դեպքի նախորդ օրերին, նույն վաշտի զինծառայողներ՝ կրտսեր սերժանտ Մ. Չ.-ի և շարքային Գ. Հ.-ի միջև տեղի ունեցած վիճաբանության ընթացքում, Մ. Չ.-ն բռնություն է գործադրել և կոպիտ հայհոյանք հնչեցրել Գ. Հ.-ի հասցեին: Վիճաբանությանը միջամտել է նույն վաշտի ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Դ. Ս.-ն և մեկ անգամ հարվածել Գ. Հ.-ին: Վաշտի հրամանատար, կապիտան Լ. Պ.-ն, տեղյակ լինելով վերոնշյալ դեպքի մասին, թաքցրել է դեպքը, իսկ դեպքի նախորդ օրը՝ երեկոյան՝ քուն հրամանից հետո, իր աշխատասենյակում նախատել, դիտողություն է արել Գ. Հ.-ին, ստորացուցիչ հայհոյանք հնչեցրել նրա հասցեին»,- մանրամասնում է Պաշտպանության նախարարությունը:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա հոկտեբերի 2-ին ձերբակալվել է սերժանտ Մ. Չ-ն, հոկտեմբերի 4-ին՝ վաշտի հրամանատար Լ. Պ-ն, իսկ 5 օր անց մեղադրանք է առաջադրվել Դ.Ս-ին, սակայն նրա նկատմամբ խափանման միջոց է կիրառվել զորամասի հրամանատարության հսկողության հանձնելը:

«Ես նոր ուղիներ ման կգամ, որ էդ «անփույթին» անփութավարի պատժեմ…»

Գևորգ Հարոյանի հարազատներն այս պահին ապավինում են իրավական դաշտին՝ հույսը ունենալով, որ բոլոր մեղավորները կպատժվեն, հակառակ դեպքում՝ կանցնեն այլ գործողությունների.

«Դրանք ասում են՝ անփություն պարտականություների մեջ…Անփությո՞ւն, անփության պատճառով 21 տարեկան տղա՞ կորցնենք: Մենք երբեք էդ մտքի հետ չենք համակերպվի ու ես նոր ուղիներ ման կգամ, որ էդ «անփույթին» անփութավարի պատժեմ»,- հուզված հայտարարեց Գևորգի հորեղբայրը՝ Հարություն Հարոյանը:
Տիկին Արմինեն պահանջում է Արցախի հանրապետության Պաշտպանության նախարար Լյովա Մնացականյանի հրաժարականը.

«Մնացականյանը լավ գիտի, թե զորամասում ինչ ա կատարվում: Էդ իր ա հրամանատարներն են ծնողներից փող վերցնում ու զինվորներին տեղափոխում, իրենք են զինվորների շորերը վաճառում, վերջում էլ էդ փողերն ուղարկում Լյովա Մնացականյանին, որ վայելի»,- արցունքն աչքերին ասում էր մայրը։ Ինքն էր երկու անգամ Գևորգի համար զինվորական հագուստ գնել:

Նախորդող 9 ամիսների ընթացքում հայտնի է դարձել ՀՀ զինված ուժերում և ԼՂ ՊԲ-ում գրանցված մահվան ելքով 36 դեպքի մասին։ 13 դեպք գրանցվել է ՀՀ, 21-ը՝ ԼՂՀ տարածքում։ 34 մահվան դեպքերից 2-ը՝ սպանություն, իսկ 8-ը՝ ինքնասպանություն է:
Ռոզա Վարդանյան