«9 տարի շարունակ ես ամեն օր սպասել եմ, որ պետք ա մտնեն խուցս ու ասեն՝ պատրաստվի, տանում ենք գնդակահարության։ Ամեն օր մեր աչքի առաջ ինչ-որ մեկը մեռնում էր․․․հաա, ոչ թե գնդակահարում էին, այլ հենց խցի մեջ մեռնում էր՝ անօգնական ու անտեսված։ Էդ ժամանակ մեզ հանում էին վերև, իրենք քլորով մաքրում էին խուցն ու էլի հետ էինք գալիս էդ սառը տեղը, որը կտրված էր աշխարհից, մարդկանցից, արևից, լույսից»․․․

«Եկան ասեցին՝ Վռամ Խոռխոռունին իրա «բրիգադով» եկել ու հրամայել ա՝ եթե չասի, որ ինքն ա սպանել, քաղմասից հանեք ու խփեք․․․»

45-ամյա Վահագն Մարուքյանը շուրջ 25 տարի է ճաղերից այն կողմ է։ 19-ամյա Մարուքյանին մեղավոր էին ճանաչել Վանաձորի Ռազմական ոստիկանության պետ Վարդան Ասուրյանի սպանության համար, հիմքում դնելով Վահագնի ինքնախոստովական ցուցմունքը, որը նրանք «ստացել էին» խոշտանգման եղանակով․

«Վանաձորի կենտրոնական ոստիկանական բաժանմունք էին տարել, եկան ասեցին՝ Վռամ Խոռխոռունին իրա «բրիգադով» եկել ու հրամայել ա՝ եթե չասի, որ ինքն ա սպանել, քաղմասից հանեք ու խփեք։ Գալիս են քննիչ Անդրանիկ Միրզոյանն ու էն ժամանակ գնդապետ, հիմա արդեն Ազգային հերոս, գեներալ-լեյտենանտը (ում անունը Վահագնը չբարձրաձայնեց- խմբ․)։ Վախեցած կպնում եմ նստարանիս, խաբում ասում են՝ արի, ստորագրելու բան կա։ Ճանապարհին ինձ զոռով բռնում են, քաղմասից դուրս հանում, ծեծելով բերում աստիճանների մոտ ու գլորում ներքև։ Մի կերպ վեր եմ կենում, էդ պահին կրակում են նստատեղիս, ես գլորվում եմ ու ուշափաթվում․․․»,- Forrights-ի հետ զրույցում պատմեց Մարուքյանը։

Աչքերը բացելուց հետո, Վահագնը նկատում է, որ նույն սենյակում է գտնվում՝ արյան և ցավերի մեջ։ Անտեսելով այդ վիճակը՝ նրան շարունակել են խոշտանգել, անընդհատ ստիպելով՝ գրի, որ դու ես սպանել։ Ժամեր անց՝ Մարուքյանը չդիմանալով խոշտանգմանը, իր վրա է վերցնում «չկատարած» սպանությունը։

«Միրզոյանը դեմս կանգնեց ասեց՝ հետինդ սատկեց, դու էլ շան բախտ ունես, չսատկեցիր, բայց մեկ ա գնդակահարության ես գնալու»:

Դատավորն ասում էր՝ չի կարող «անմեղ մարդու նստացնել», մեղադրողն էլ հակադարձում էր․ «Ուրիշ տարբերակ չունենք»

Դատարանում Վահագնը ևս անմասն չի մնում ծեծից։ Նիստերի ընթացքում, «սխալ» խոսելու համար, Մարուքյանին իջեցնում են դատարանի նկուղ և խոշտանգում։ Ականատեսները նրան պատմում էին, որ նիստերի ընդմիջման ժամանակ պարբերաբար բանավեճ էր տեղի ունենում դատավորի և դատախազի միջև։ Դատավորը նշում էր, որ չի կարող «անմեղ մարդու նստացնել», իսկ մեղադրողը հակադարձում էր. «Ուրիշ տարբերակ չունենք»։

Դատարանում քրեական գործի մեջ ոչ մի տող չի գրվում այն մասին, որ Վահագնի վրա կրակել են, խոշտանգել ոստիկանական բաժանմունքում, փոխարենը գրվում է մի անհասկանալի նախադասություն․ «Մարուքյանի հետ վարվել են ոչ հարիր մեթոդներով»։

Մեղադրանքի հիմքում դնում է Մարուքյանի «ինքնախոստովանությունը» և դեպքի պահին վկա Վանաձորի Ռազմական ոստիկանության պետի տեղակալ Շահում Տիգրանյանի ցուցմունքը։ Հատկանշական է, որ քրեական գործով չի եղել որևէ ապացույց, բացակայել է դեպքի պահին անձանց մոտ գտնվող զենքերը և կրակված փամփուշտները։ Տիգրանյանը ցուցմունքում նշել է՝ հանցագործության պահին, չնայած դրսում մութ է եղել և ոչինչ չի երևացել, տեսել է, որ պետի վրա կրակողը Մարուքյանն է։

«Էդ օրը մենք մի քանի հոգով դուրս էին եկել գողության։ Հետ գալուց մեր դիմաց մեքենա դուրս եկավ, մեջից իջան Ասուրյանն ու Տիգրանյանը։ Սկսվեց անկանոն կրակոցներ, ես կրակում էի օդ, քանի որ դիմացս ոչինչ չէի տեսնում։ Ինձ հետի ընկերոջս վրա 17 անգամ կրակեցին, մյուս ընկերոջս հետ փախանք դեպի մեր մեքենան, բայց ճանապարհին մեզ բռնեցին։ Ես միայն ոստիկանկությունում եմ իմացել, որ էդ պետը չկա։ Ես չեմ կրակել, չեմ սպանել էդ մարդուն»,- հայտարարում է ցմահականը և հավելում,-«Դատարանում պետի տեղակալին՝ Տիգրանյանին, ասում եմ՝ բա որ տեսար ես էի սպանել պետիդ, ինչի՞ ընկերոջս վրա կրակեցիր, ոչ թե իմ»։
Մարուքյանին Գերագույն դառարանը դատապարտում է գնդակահարության։

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում նրան տեղափոխում են մահապատժի դատապարտված անձանց խուց, որտեղ անմարդկային պայմաններ են տիրում․

«Խցում մի քանի հոգով էինք։ Քնում էինք սառը ասֆալտին, 7-8 ամիսը մի անգամ լողանում, չկար արտաքին աշխարհի հետ հաղորդակցման որևէ միջոց։ Մենք ամեն օր մտածում էինք, որ դա մեր վերջին օրն ա լինելու»։

2003թ-ին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով մահապատժի դատապարտված բոլոր անձանց պատիժը փոխարիվում է ցմահ ազատազրկմամբ։ Վահագնը նախագահի այս քայլը «մարդասիրական» չի համարում, շեշտելով՝ Հայաստանն այլ տարբերակ չուներ, քան Մարդու իրավունքների եվրոպական կոնվեցիայի որոշմանը միանալը։

«Դատապարտյալների հիվանդանոց»-ում 2 տարի «բուժվելուց հետո» հայտնվում է հաշմանդամի սայլակին

2011թ-ից Վահագն Մարուքյանի մոտ առաջ են գալիս մի շարք առողջական խնդիրներ՝ ընդհանուր թուլություն, մկանների անաշխատունակություն, քայլելու դժվարություն, որն էլ հետագայում հանգեցնում է հաշմանդամության։ Արտասահմանից հրավիրված բժիշկն արձանագրում է՝ 4-րդ կարգի հաշմանդամություն, կարիք ունի կոնքերի ոսկորների պրոթեզավորման։ Նրա մոտ ախտորոշվում է Ռևմատոիդ արթրիտ։

Վահագնը տեղափոխվում է «Դատապարտյալների հիվանդանոց«, որտեղ առողջական վիճակը լավանալու փոխարեն հակառակն է տեղի ունենում․ դժվարությամբ, բայց քայլելու կարողություն ունեցող Վահագնը 2 տարվա ընթացքում հայտնվում է հաշմանդամի սայլակին։

««Դատապարտյալների հիվանդանոց»-ից ինձ դուրս գրեցին առանց բուժող բժշկիս կարծիքը հարցնելու։ Անգամ փաստաթղթերում ինքը նշել ա՝ Մարուքյանը դուրս ա գրվում ԲԱՀ-ի որոշումով, ոչ թե իմ։ Էդ հիվանդանոցում սաղ «բեսպրեդել» են։ Ես ասել եմ՝ եթե դրանք շարունակեն աշխատել, լիքը մարդ կամ մեռնելու ա կամ հաշմանդամ դառնա»,- հայտարարեց Մարուքյանը։

2016թ հոկտեմբեր ամսին Մարուքյանին «Դատապարտյալների հիվանդանոց»-ից տեղափոխում են «Արթիկ» ՔԿՀ, որտեղ հենց առաջին օրը հացադուլ է հայտարարում։ Այսպես նա իր բողոքն էր արտահայտում անհրաժեշտ դեղերի չտրամադրման, պայմանական վաղաժամկետ ազատ արձակվելու դիմումի մերժման և հաշմանդամության թոշակի խնդիրների հետ կապված։ Այդ 15 օրերի ընթացքում, դատապարտյալի նկատմամբ որևէ բժշկական հետազոտություն չի իրականացվում, սակայն դատարան է ուղարկվում «բուժհետազոտության արձանագրություն», համաձայն որի հացադուլի ժամանակ անձը 3 անգամ հետազոտվել է․

«Դատարանում 3 փաստաթուղթ են դեմ տալիս՝ օրով ժամով ներկայացնում, որ ինձ ռենտգեն են արել, եսիմ ինչեր են արել, բայց սուտ ա, չկա նման բան, ոչ մեկ մոտս չի եկել, առավել ևս հետազոտել։ Երեսիս նայում են ու սուտ են ասում»։

ՀՀ կառավարության 825 որոշման մեջ առկա են մի շարք հիվանդությունների ցանկ, որոնք անհամատեղելի են խափանման միջոց կալանքի հետ։ Համաձայն այդ որոշման, Ռևմատոիդ արթրիտը դասվում է այդ հիվանդությունների շարքին։ Որոշումը, սակայն, կարճ ժամանակ անց փոփոխվում է և հիվանդությանը կցվում է նաև միոպատիան․ վերջինս այս պահին դեռ չի ախտորոշվել Մարուքյանի մոտ։

«Կոնկրետ անուններով, փաստերով ներկայացնում եմ, էդ ՀՔԾ-ի համար հիմքերի բացակայություն ա»

Վահագն Մարուքյանը ձեռքերը ծալած չի նստում և պայքարում է իր «անարդար դատավճռի դեմ»։ Մի շարք նամակներից և դիմումներից նա առաձնացրեց Հատուկ քննչական ծառայության հետ ունեցած «նամակագրությունը»․

«Էս տարի ես Դատախազություն նամակ եմ գրում, որ քննիչ Անդրանիկ Միրզոյանը, Վանաձորի ոստիկանության բաժանմունքի պետ Արամ Նազարյանը, Շահում Տիգրանյանն ու էլի մի քանի մարդիկ ինձ խոշտանգելով, ծեծելով ու կրակելով ստիպել են չկատարածս հանցանքն իմ վրա վերցնել։ Դատախազությունը դիմում ա ուղարկում Հատուկ քննչական ծառայության, որ քննի նամակս։ Կարճ ժամանակ հետո մի ծիծաղելի պատասխան ա գալիս»,- ասում է Մարուքյանը և ցույց տալիս ՀՔԾ-ի պատասխանը։

ՀՔԾ-ն տեղեկացնում է, որ դիմումը՝ որպես հանցագործության մասին հաղորդում ընդունելու և դրա հիման վրա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 181-րդ հոդվածով նախատեսված որոշում կայացնելու հիմքերը բացակայում են, բացի դրանից հատուկ սուբյեկտների կատարած կոնկրետ հանցագործության փաստերի մասին տեղեկություններ չի պարունակում։

«Ես չգիտեմ՝ էլ ո՞նց պետք ա գրեի, որ տեղեկություն պարունակեր։ Կոնկրետ անուններով, փաստերով ներկայացնում եմ, էդ իրենց համար հիմքերի բացակայությո՞ւն ա։ Ես էլ ՀՔԾ-ին պատասխանել եմ, որ ապացույց հանդսացող գնդակը մինչև հիմա մարմնիս մեջ ա, կարող են ստուգել։ Վերջում էլ ավելացրել եմ՝ Ձեր «իմիջալյոց» պատասխանի մասին հայտնելու եմ վարչապետին ու Արդարադատության նախարարին։ Էս պատասխանիս հաջորդ օրն իմ մոտ դատաբժիշկ ա գալիս»,- մանրամասնեց Մարուքյանը։

Կատարված համապատասխան հետազոտությունը հաստատում է, որ Վահագնի մարմնում առկա է փամփուշտ, որը տարիների ընթացքում մարմնի միջով սահել և այս պահին ծնկի շրջանում է։ Դրանից հետո դատապարտյալին տեղեկացնում են, որ առաջիկայում նրան կտեղափոխեն «Էրեբունի» ԲԿ՝ առավել լուրջ հետազոտություն իրականացնելու համար։ Վահագնը մինչ օրս սպասում է այդ հետազոտությանը:

Պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու դիմումները մերժում են, քանի որ հաշմանդամություն ունեցող դատապարտյալը «բասկետբոլ» չի խաղում

25 տարի բանտում անցկացրած Վահագնը 4 անգամ դիմել է պայմանական վաղաժամկետ ազատ արձակման համար, որից 2 անգամը հետաձգել են դիմումի քննությունը, մնացած դեպքերում՝ մերժել։ Հիմքում նշել են, որ դատապարտյալի ուղղման աստիճանը գնահատվել է ցածր և բացասական, ունի կարգապահական տույժ, չի մասնակցում կրթական-մշակութային միջոցառումներին։ Դիմումի մերժման այս հիմքերն ամենաշատն են զայրացնում դատապարտյալին։ Վահագնը ցույց է տալիս սայլակն ու ոտքերը և նշում․

«Էս սայլակի վրա նստած ես ի՞նչ անեմ, բասկետբո՞լ խաղամ, թե՞ ֆուտբոլ։ ՔԿՀ-ից ասում են՝ շախմատ չի խաղացել, ախր ես շախմատ խաղալ չգիտեմ, ի՞նչ անեմ։ Ու էս բոլոր փաստաթղթերում մի բառ նշած չի, որ էս մարդը հաշմանդամ ա, չի կարող քայլել»,- հուսահատ նշում է Մարուքյանը։

Այս պահին Մարուքյանը սպասում է անհրաժեշտ հետազոտության, որի արդյունքներից պարզ կլինի իր հետագա քայլերը։ Բացի դրանից, ցմահ դատապարտյալների խնդրի լուծման համար Կառավարությանն առաջարկում է վերանայել ցմահականների գործը․

«Բարդ գործ չի, մոտ 100 ցմահ դատապարտյալ կա Հայաստանում։ Ոչ շատ ռեսուրս ա պահանջում, ոչ էլ երկար ժամանակ։։ Դրանից հետո կարող են սկսել ներումները կամ էլ պայմանական վաղաժամկետ ազատելը»։

Վահագնն այս պահին «Արթիկ» ՔԿՀ-ի բուժմասում է գտնվում, գոհ է աշխատակիցներից և պահման պայմաններից, սակայն որոշակի դժվարություններ, այնուամենայնիվ, ունենում է։ Այս պարագայում նրան օգնում են խցակիցները, քանի որ մինչ օրս ՔԿՀ-ներում չկա առանձացված հաստիք, որը համապատասխան օգնություն կցուցաբերի հաշմանդամություն ունեցող անձանց։

Ռոզա Վարդանյան

Pin It on Pinterest