«Պետությունն առանձնացնում է մարդկանց 4 պատի մեջ ու դուռը փակելով թողնում, որ նրանք դանդաղ մահանան»

0
2109

Օրեր առաջ ՀՀ Կառավարությունն Ազգային ժողով ներկայացրեց «Համաներում հայտարարելու մասին» օրենքի նախագիծը, որը հուսահատեցրեց ցմահականներին: Նախագծում մասնավորեցնում էր, որ համաներում չի կիրառվելու ցմահ ազատազրկման դատապարտված անձանց վրա, այնինչ նրանք շաբաթներ շարունակ սպասել են ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի նշած «աննախադեպ ծավալով» համաներմանը:

23 տարի բանտում գտնվող ցմահ դատապարտյալ Արթուր Մկրտչյանը նշում է՝ մի ողջ բազմություն է սպասել համաներում հայտարարելուն, հույս ունենալով, որ այն իրենց պատժաչափի վրա էլ որևէ ազդեցություն կունենա.

«Սպասումը մեծ էր, քանի որ նախարարը անընդհատ նշում էր, որ մեծ համաներում է լինելու, շատ հոդվածներ ա ընդգրկելու, դե մենք էլ հավատում էինք…Բայց մեկ էլ ի՞նչ. իմանում ենք, որ հեչ էլ ծավալուն համաներում չի: Եթե ցմահ դատապարտյալների վրա չի ազդելու, էլ դրա աննախադեպը ո՞րն ա: Նախորդ համաներման ժամանակ, երբ մենք բարձրաձայնեցինք, թե ինչի մեզ չեն ներառում, էն ժամանակվա Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը խոստացավ՝ հաջորդը ձեզ վրա էլ կազդի: Դե մենք էլ սպասում էինք, այ սենց սպասում ու սպասում»,- Forrights-ի հետ զրույցում ասաց Արթուր Մկրտչյանը:

Դատապարտյալը համոզմունք ունի, որ ցմահ ազատազրկման դատապարտելը սխալ որոշում է դատարանների կողմից և պետք է այն փոխարինվի առավելագույնը 20 տարի առավելագույն պատժաչափով: Մկրտչյանը նշում է՝ պետությունն առանձնացնում է մարդկանց 4 պատի մեջ ու դուռը փակելով թողնում, որ նրանք դանդաղ մահանան.

«Եթե պետությունը որևէ հնարավորություն չի տալիս անձին ուղղվելու և վերադառնալու հասարակություն, ավելի լավ չէ՞ր լինի, եթե միանգամից գնդակահարեին ու պրծնեին: Իրենք պետք ա ցույց տան, որ դատապարտյալին ոչ թե թշնամի են ընդունում, այլ հակառակը, շանս են տալիս ուղղվելու և նորովի վերադառնալու: Իսկ ստեղ մարդիկ մեռնում են…ամեն օր…մի «կամեռի» մեջ մեռնում են»,- ասաց ցմահ դատապարտյալը:

Արթուրի մայրիկին՝ Ջավահիր Մկրտչյանին, հուսադրել էր Զեյնալյանի հայտարարությունը: Համաներումը նրա միակ հույսն էր, քանի որ որդուն վաղաժամկետ ազատ արձակելու մասին դիմումն արդեն իսկ մերժվել էր:  Տիկին Ջավահիրը Forrights-ի հետ զրույցում շեշտեց՝ «մարդասիրական քայլն» առաջին հերթին պետք է վերաբերի ոչ թե պատիժը կրող անձին, այլ «պատերի տակ քարշ եկող» հարազատներին.

«Համաներում հայտարարելով կարող էին ցմահ դատապարտյալների հարազատների հոգսը թեթևացնել: Ինչքան մարդ կա, որ ճաղերի ներսում ա տառապում, տասնապատիկ այդքանն էլ դուրսն են տանջվում: Գոնե 20 տարի և ավելի բանտերում անցկացրած անձանց նկատմամբ պետք ա կիրառվեր ակտը, քանի որ էն պայմաններում, որտեղ էսքան տարի անցկացրել են ազատազրկվածները, իսկական դժոխք ա»,- անկեղծացավ տիկին Ջավահիրը:

23 տարի բանտում անցկացրած և միայն օրերս պայմանական վաղաժամկետ ազատ արձակված Կարեն Օգանեսյանը պնդում է՝ կարևոր չէ, թե ինչ հանցանք է գործել անձը, եթե 20 տարուց ավելի իր պատիժը կրել է ճաղերի հետևում, ապա պետությունը պետք է հնարավորություն տա նրան վերադառնալու հասարակություն.

«Տարիներ շարունակ մենք բարձրաձայնել ենք՝ պետք ա շանս տրվի ազատազրկվածին, որ ապացուցի, թե ինչ չափով ա ինքը փոխվել ու ուղղվել: Տարիներ առաջ, երբ Նիկոլ Փաշինյանն այցելեց ցմահ ազատազրկվածներին, մենք իրեն լավ տեղեկացրինք, թե ոնց են անձի գլխին «սարքում», որ լավ բնութագիր չունենան: Ու հիմա ես կարող եմ հայտարարել՝ եթե իշխանությունը չփոխվեր, հիմա ես ազատության մեջ չէի լինի: Բանտերում հստակ հրաման կար, որ ցմահ ազատազրկվածների դրական բնութագիր չներկայացնեին դատարան, թե չէ աշխատանքից կազատվեին: Դե պարզ ա, եթե լավ բնութագիր տային, դատարանն էլ կախում չունենար իշխանությունից, ապա ցմահ ազատազրկվածներից շատերն այսօր ազատության մեջ կլինեին»,- նշեց Օգանեսյանը:

Նախնական տվյալերով, այս պահին Հայաստանում կա 96 ցմահ ազատազրկման դատապարտված անձ: Նրանցից 7-ն արդեն շուրջ 4 օր է հացադուլի մեջ է գտնվում ի նշան բողոքի իրենց քրեական գործերի վերաբացման, պատժաչափի փոփոխման և համաներման նախագծի մեջ իրենց չընդգրկելու խնդրով: Ցմահականները բաց նամակով դիմել եմ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին.

«Մենք չենք պահանջում միանգամից ազատություն, այլ ուղղակի խնդրում ենք՝ 1 անձի սպանության համար ցմահ դատապարտվածներիս ներեք և ցմահի ստատուսը հանեք մեր վրայից»,- ասվում էր բաց նամակում:

Քրեակատարողական վարչությունը Forrights-ին տեղեկացրեց, որ 7 հացադուլավորներն արդեն իսկ տեղափոխվել են հացադուլի համար նախատեսված խցեր, նրանց հետ աշխատում են «Նուբարաշեն» ՔԿՀ-ի սոցիալ-հոգեբանության բաժնի մասնագետները և գտնվում են բժիշկների հսկողության տակ:

Հավելենք, որ Կառավարության նախաձեռնությամբ և Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի որոշմամբ, հոկտեմբերի 31-ին կգումարվի խորհրդարանի արտահերթ նիստ: Օրակարգի միակ հարցն է «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» կառարավարության ներկայացրած նախագիծը:

Ռոզա Վարդանյան

 

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here