Անհավանականը՝ ակնհայտ. զինդատախազությունը առաջնորդվում է ժողովրդական բանահյուսության կանոններով

1
4287

Զինվորների մահվան դեպքերով քննիչների առաջ քաշած պաշտոնական վարկածներն ուսումնասիրելիս, կարող ես կարծել, թե զինդատախազությունում հատուկ խումբ են հավաքում՝ սցենարիստների: Նրանցից վառ երևակայություն է պահանջվում և նվազագույն իրավական գիտելիքներ: Խումբը տարբեր քրեական գործերով վարկածներ է մշակում քննիչների համար, որոնք նպատակ չունեն բացահայտել դեպքերը, խաղաղ պայմաններում բանակում կատարված սպանությունների հանգամանքները, գործող անձանց, պատասխանատվությունից ազատել հրամկազմը:

Ուշագրավ է, որ զինդատախազությունը նաև հատուկ սխեմաներ է մշակում առավել անհավանական վարկածները շրջանառության մեջ դնելու, լուրերի ձևով տարածելու, զոհվածների ծնողների ականջը գցելու համար: «Կասկածյալի» դերում հաճախ հասարակ շարքայիններ են, որոնք որպես կանոն դիտավորություն չեն ունեցել սպանելու, դա արել են պատահաբար, պահի, կամ «քֆուրի» ազդեցության տակ: Նրանք որպես կանոն անմիջապես ինքնախոստովանական ցուցմունքներ են գրում, հաճախ չեն կալանավորվում:

2018 թվականի մայիսի 4-ի գիշերը մարտական հենակետում հայտնաբերվել է Արթուր Գասպարյանի դին: 20-ամյա զինծառայողը հրազենային գնդակային մահացու վիրավորում է ստացել բերանի խոռոչում` երկու կրակոցից: Նախաքննական մարմինը մեկ վարկած է առաջ քաշել՝ տղային ինքնասպանության են հասցրել: Ստացվում է, որ Արթուրը մի անգամ կրակել է իր բերանի մեջ, բայց չի մահացել, որոշել է մի հատ էլ կրակել:

Դեպքից 21 օր անց քննչական կոմիտեն հայտենց, որ մեղադրանք է առաջադրվել մարտական դիրքի ավագ պայմանագրային սերժանտին. «Քննության արդյունքում բացահայտվել են զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ շարքային Արթուր Գասպարյանին անպարկեշտ ձևով ստորացնելու՝ վիրավորանք հասցնելու, ինչպես նաև մարտական հերթապահության կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելու դեպքեր»,- ասված է ՔԿ հաղորդագրությունում: Սերժանտին չկալանավորեցին: :

Հունվարի 27-ին Արցախի «Եղնիկներ» զորամասում ճակատին արձակած կրակոցից զոհվեց 20-ամյա Հովսեփ Գրիգորյանը: Ըստ պաշտոնական վարկածի, խախտվել են զենքի հետ վարվելու կանոնները: «Միամիտ» կրակողը մեկ ու կես տարվա փորձառություն ունեցող զինվոր Չախալյանն է, որը չգիտես ինչու, «անհարկի կատարել է ինքնաձիգի լիցքավորում, փողը ուղղել Գրիգորյանի գլխին, հանել պահեստատուփը և սեղմել է ձգանը», ինչպես գրված է գործի նյութերում: Մեր հետաքննության արդյունքում պարզեցինք, որ զոհվածը լարված հարաբերություններ ուներ հրամանատարի հետ:

Հրամանատարը սովորություն ուներ գիշերով արթնացնել զինվորներին, շարել դրսում և ստիպել, որ քնի հաշվին ԶՈւ կանոնագրքեր կարդան: Հովսեփը եկել էր Ռուսաստանից իր պարտքը հայրենիքի առաջ կատարելու, հայերեն լավ չգիտեր, ինքնասեր տղա էր և հրամանատարի թիրախում էր հայտնվել:

Զինվորի մայրը կասկածներ ուներ, որ հենց նա է մեղավոր որդու մահվան համար: Մորը Հովսեփի մահից հետո որպես սփոփանք հայտնել էին, որ հրամանատարին տեղափոխել են այլ զորամաս: Սակայն Forrights.am-ը իր աղբյուրներով պարզեց, որ որևէ անձ ՙՙԵղնիկների՚՚ զորամասից չի ազատվել աշխատանքից: Ոչ ավագ, ոչ էլ կրտսեր հրամանատարական կազմում դեպքից հետո ոչ մի փոխություն չի եղել:

2017 թվականի հոկտեմբերի 20-ին, Մարտակերտում հողային աշխատանքներ կատարելու ժամանակ սպանվեց զինծառայող Արամ Խաչատրյանը: Մահվան պատճառը հրազենային կրակոցներն էին, որոնք, ըստ քննչական կոմիտեի հաղորդագրության, արձակել է Խաչատրյանի ծառայակից, կրտսեր սերժանտ Դավիթ Հարությունյանը: Քննիչները առաջ են քաշել «կռիվ սիգարետի համար» վարկածը:

Ըստ դրա, Դավիթ Հարությունյանը սիգարետ է պահած եղել դիրքում: Արամ Խաչատրյանը ընկերների հետ գտել են տուփը և ծխել են: Լեզվակռիվ է սկսվել, Արամը բահով վախացրել է Դավիթին, նա էլ ասել է՝ կխբեմ: «Արամն ասել ա՝ դե խբի՚՚, — դեպքը ներկայացնում է Արամ Խաչատրյանի եղբայր Հայկը:

Տղայի մայրը չի հավատում այս հեքիաթին, քանի որ, ըստ նրա, Արամն ապահովված տղա է եղել, ոչ մեկից ոչ սիգարետ է վերցրել, ոչ էլ պահել է, դեռ հակառակը՝ ինքն է բոլորին սիգարետ հյուրասիրել: Դավիթ Հարությունյանի շահերը ներկայացնող փաստաբան Ավետ Կարապետյանը Forrights.am-ի հետ զրույցում հրաժարվել է ասել, թե որն է եղել սպանության դրդապատճառը, հայտնելով միայն. «Նա պատճառ չի ունեցել տուժողին կյանքից զրկելու»։

Մայիսի 26-ին, կեսօրին, Ն զորամասի վաշտի ննջարանում՝ կրծքավանդակի շրջանում հրազենային վերքով գտան կապիտան Հմայակ Հակոբյանին: Անմիջապես տարածվեց, որ կապիտանը ինքնասպան է եղել, կրակելով իր սրտին, որ նա մեծ պարտքեր է ունեցել, որոնք էլ ինքնասպանության պատճառ են հանդիսացել: Մեր աղբյուրը հայտնեց, որ պարտքերը 1 մլն դրամից չեն անցել, ինչը հաստատեցին նաև հանգուցյալի հարազատները:

Անհեթեթություն էր ենթադրել, որ սպան, որը ամիսը մոտ 300 հազար դրամ է ստանում, ընտանիքը կարիքավոր չէ, եղբայրը պայմանագրային ծառայության մեջ է, իսկ հայրը Ռուսաստանում արտագնա աշխատանքով է զբաղված, 1 մլն դրամի համար ինքնասպանություն է գործեր: Սպայի մայրը՝ Մանյա Սարգսյանը Forrights.am-ին հայտնեց, որ մահվան նախորդ օրը որդին գործեր էր պլանավորում, հանդիպումներ էր նշանակում, դրանից մի օր առաջ զինվորական նոր համազգեստ էր գնել ու տարել էր դերձակի մոտ փոքրացնելու:

Մահից երկու օր առաջ կապիտանը եղբոր նշանածին ասել էր՝ Ալվարդիկ ջան, չմտածես, ես եմ ձեզ ամուսնացնելու: Իր «ինքնասպանության» օրը կապիտանը հարևանին էր սպասում, որին խոստացել էր գործի տեղավորել: Վերջինս պետք է գար զորամաս ժամը 12-ին, իսկ ժամը մեկին գտան կապիտանի մարմինը: Բոլոր այս գործողությունները ապացուցում են, որ կապիտանը մտադիր չէր մահանալ:

Անհավանական մոտիվների շարքից է սուտ մատնության համար ամբաստանվող, Երևանի բնակիչ Կ-ն: Նա ընդամենը 20 օր անցկացրեց Մարտակերտի զորամասերից մեկում: Երիտասարդի մայրը նրա հետ զրույցից պարզել էր, որ սպաներից մեկը որդուն բռնաբարել է: «Ադյալի» մեջ փաթաթել, ծեծել ա տղայիս, 4-ից հինգ օր հետո էլ բռնաբարել ա։ Սկզբում ծեծել ա, հետո բռնաբարել: Զուգարանում կեղտոտելուց տղաս արյուն է տեսել», — պատմել էր Forrights.am-ին զինծառայողի մայրը: Սպան կտրականապես հերքում է բռնաբարության փաստը։

Զինծառայողին երկար ժամանակ պահեցին ռազմական ոստիկանությունում, ստիպեցին, որ գրի, թե սուտ է ասել, հիմա էլ դատում են սպայի դեմ սուտ մատնություն կատարելու հոդվածով: Դատարանում երիտասարդը հրաժարվեց ինքնախոստովանական ցուցմունքներից: Ինչո՞ւ է երիտասարդ տղան ինքն իրեն, իր տղամարդկային արժանապատվությունը նվաստացնող «սուտ մատնություն» անում, ո՞րն է նրա արարքի դրդապատճառը:

ՊՆ-ի, գործով քննիչի, նաև զորամասի սպաների կարծիքով, զինծառայող Կ-ն ստել է մորը, թե, իբր, իրենբ բռնաբարել են, մի նպատակով՝ բանակից ազատվելու: Այս բացատրությունը նույնպես տեղ գտավ անհավանական վարկածների մեր «թոփ-տասնյակում»: «Լրագրողներ հանուն մարդու իրավուքների» կազմակերպությունը ուշադրության կենտրոնում է պահել այս գործը: ՊՆ-ն խոստացել է զինվորին, որը երկար ժամանակ պահվել է զինդատախազությունում և հոգեբանական ծանր վիճակում է, տեղափոխել Երևան: Սպասվում է, որ դատաքննությունը կշարունակվի մայրաքաղաքում, ըստ բանակայինի բնակության վայրի:

2018 թ.-ի հուլիսի 24-ին Վայքի դիրքերից մեկում սպանվեց ժամկետային զինծառայող, Գոգարան գյուղի բնակիչ Ժորիկ Պետրոսյանը: Ժորիկը մահացել է դեմքի վիրավորումից: Զորամասի շտապօգնության մեքենան գնացած է եղել Սիսիան: Զինվորին շտապօգնություն չի տրամադրվել:

Ըստ 8-րդ կայազորային քննչական բաժնի նյութերի, մարտական դիրքի դիտորդ Արմեն Ադամյանը, «արթուն հերթափոխի պարտականությունները կատարելիս, «չստուգելով իրեն ամրակցված հրացանի լիցքավորված լինելու հանգամանքը, սեղմել է ձգանը, որի արդյունքում արձակված կրակոցից տվյալ խրամաբջիջի դիմաց նստած նույն գումարտակի պատտդիր ժամկետային զինծառայող Ժորիկ Պետրոսյանը դեմքի շրջանում ստացել է հրազենային մարմնական վնասվածք, որն առաջացրել է նրա մահը»:

Ծառայակցի արձակած փամփուշտը դիպել է Պետրոսյանի՝ դեմքին, դուրս է եկել թիկունքից, թողնելով երկու անցք: Forrights.am-ի այցելության ժամանակ զոհվածի եղբայրը՝ Սամվել Պետրոսյանը ենթադրություն արեց, Ժորիկը կրակոցի արձակման պահին գտնվել է կրակողից ցածր և գլուխը թեքած դիրքում։ Նա մեզ պատմեց մի սյուժե զորամասային բանահյուսությունից՝ թե ինչպես են իրեն ներկայացրել եղբոր մահվան հանգամանքները.

«Երեխու հետ եկած սպաները պատմեցին, որ ինքը, էլի մի քանի տղա, նստած են եղել հերթափոխի սենյակում, կոֆե են խմել: Տղաներից մեկը՝ Արմեն Ադամյան, խփողը, զենքը վերցրել է ու հակառակորդի կողմն է պահել: Եղբայրս ու արտաշատցի մի զինվոր նստած են եղել, սա թեքվել ա դեպի արտաշատցին, նա ասել ա ՝ էն յան տար զենքդ, մեզ վրա մի պահի: Զենքը հետ տանելու ընթացքում «կուռոկը» /ձգանը/ սեղմվել է: Երեխու թշից փամփուշտը մտել է, հետևի թիակով դեւրս է եկել: Սա ուղղակի հեքիաթ ա: Տենց բան չի կարող լինել», — պատմել է մեզ Սամվել Պետրոյանը:

Սեպտեմբերի երկուսի երեկոյան, Արցախի «Արա լեռ» կոչվող զորամասի կիսաքանդ շինության ներսում հայտնաբերել են ժամկետային զինծառայող Վանիկ Գևորգյանի մարմինը: Երիտասարդի վզին պարան է եղել փաթաթած: Խեղդամահ եղածի համար բնորոշ վնասվածքներ են հայտնաբերվել պարանոցին:

Նախաքննության մարմինը նախնական վարկած է առաջ քաշել՝ ինքնասպանություն կախվելու միջոցով: Սակայն կախվածի համար անբնական, տարօրինակ դիրքում է եղել Վանիկի մարմինը՝ ոտքերը գետնին: «Կամանդիրի ասելով, երեխու հետույքը 15-20 սմ էր գետնից բարձր, ոտքերը գետնին ընկած են եղել, պարանը գցել է կիսաքանդ շինության պատուհանից, մարմինը եղել է նստած վիճակում: Ոնց կարա ինքն իրեն կախած լինի», — պատմում է Վանիկի հայրը՝ Արթուր Գևորգյանը:

Երրորդ կայազորայինի քննիչների երևակայությունն անգերազանցելի է: 2017 թվականի դեկտեմբերին սպանված զինծառայող Նարեկ Ադիբեկյանի սպանության գործով նրանք փորձել են թաքցնել դեպքի վայրում հայտնաբերված պարկուճները, հավանաբար, նպատակ ունենալով կոծկելու որոշ անձանց մասնակցությունը դեպքի վայրում: Իսկ երբ տուժողի շահերի պաշտպանները հայտնաբերել են կեղծիքը, գրել են, որ այո, Նարեկի սպանության վայրում էլի է կրակող եղել՝ մեկ օր առաջ այդտեղ շուն են սպանել:

Բոլոր վերոհիշյալ գործերով քննությունները սկսվել են, կամ շարունակվել են նոր ժամանակներում: Զինդատախազության ձեռագիրն ու գործելաոճը նոր հեղափոխությունից հետո չեն փոխվել:

Սյուզան Սիմոնյան

1 մեկնաբանություն

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here