Հեղափոխությունից հետո բանտերում կոռուպցիա չի հայտնաբերվել

0
486

Թավշյա հեղափոխության շնորհիվ վերջապես մանրէազերծվում են Հայաստանի «Ավգյան ախոռները»: Դրանք տասնամյակներ ի վեր գարշահոտություն են տարածել`կոռուպցիայի տեսքով: Հետհեղափոխական ամեն օրը կոռուպցիոն որևէ աղմկահարույց պատմության մասին է: Հնարավոր հանցագործների շարքում հնչում են անգամ Սերժ Սարգսյանի, Հովիկ Աբրահամյանի անունները, որոնք, ըստ քննչական մարմինների ստացած տեղեկությունների, գործարարներից խլել են բիզնեսներ ու սեփականություններ:

Թվում էր, Հայաստանի նոր կառավարության օրոք կկազմալուծվի խոշորագույն կոռուպցիոն բուրգերից ևս մեկը, որ բուն է դրել քրեակատարողական համակարգում: Իրավապաշտպանները մեկ անգամ չէ, որ ահազանգել են բանտերում կոռուպցիայի, պետական միջոցների անխնա թալանի մասին: Կոռուպցիան բանտում միայն «օբշակ» կոչվածը չէ, ոչ էլ դատապարտյալից դեղահաբ ու հեռախոս հայտնաբերելը, կամ օրինազանց դռնապահներին բռնելը: Խոսքն այն մասին է, որ պետությունը հսկայական գումարներ է տրամադրում դատապարտյալների կարիքները հոգալու նպատակով, սակայն այդ գումարները տեղ չեն հասնում:

Բանտապետերը, նրանց տեղեկալներից յուրաքանչյուրը մեծահարուստ մի իշխանիկ է: Ինչպես գիտենք, Արդարադատության նախարարության ենթակայության ներքո են գտնվում «Նուբարաշեն», «Վարդաշեն», «Երևան-Կենտրոն», «Դատապարտյալների հիվանդանոց», «Աբովյան», «Սևան», «Հրազդան», «Վանաձոր», «Արթիկ», «Գորիս», «Կոշ» և «Արմավիր» քրեակատարողական հիմնարկները:

Պաշտոնական տեղեկատվությունն անգամ հաստատում է, որ կոռուպցիոն բացահայտումները շրջանցում են Հայաստանի քրեակատարողական հիմնարկները: Արդարադատության նախարարությունից Forrights.am-ի հարցմանն ի պատասխան տեղեկացնում են, որ մայիսի 3-ից օգոստոսի 10 ընկած ժամանակահատվածում ներքին աուդիտի բաժնի կողմից անցկացվել են ստուգումներ «Կոշ» և «Սևան» ՔԿՀ-ներում, և ընդհանուր ստուգման է ենթարկվել «Նուբարաշեն» ՔԿՀ-ն. «Ստուգումների արդյունքներով կոռուպցիոն բնույթի չարաշահումներ կամ պետական միջոցների ոչ արդյունավետ ծախսեր չեն հայտնաբերվել»,- Forrights.am-ին տեղեկացնում է Արդարադատության նախարարությունը:

Ըստ պետական այս կառույցի`մայիսի 12-ից օգոստոսի 10 ընկած ժամանակահատվածում ստուգումներ չեն իրականացվել մյուս 9 ՔԿՀ-ներում: Նախարարությունը փորձ չի արել կոռուպցիա և ֆինանսական չարաշահումներ հայտնաբերել նաև Քրեակատարողական ծառայության նյութատեխնիկական ապահովման բաժնում:

Քրեակատարողական հիմնարկներն ամբողջությամբ թաղված են կոռուպցիայի մեջ: Forrights.am-ի հետ զրույցում պնդում է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, ում զարմացրել է կոռուպցիոն դրսևորումներ չհայտնաբերելը բանտերում. «Եթե բանտերում կոռուպցիա և ֆինանսական չարաշահումներ չեն հայտնաբերել, ինչպես Կոկա կոլայի գովազդում է ասվում` թող փորձեն կրկին ու կհայտնաբերեն»: Իրավապաշտպանը բանտերում որպես կոռուպցիայի ցցուն դրսևորում բերում է «օբշակ» կոչվածի գոյությունը: Մինչ այսօր բանտերի իրական ղեկավարումը գողականների ու զոն նայողների ձեռքում է:

Ժաննա Ալեքսանյանը ռևական ժամանակ զբաղվում է փակ հաստատություններում պահվող անձանց իրավունքների պաշտպանությամբ, ունի սեփական տեղեկությունները բանտերում տիրող իրավիճակի մասին. «Երբ կալանավորը ցանկանում է մի խցից տեղափոխվել ուրիշ խուց, ինքն անպատճառ գումար պետք է տաէ տալիս հիմնարկի վերադաս ղեկավարությանը: Կոռուպցիան ՔԿՀ-ներում այնքան ակնհայտ է, որ չհայտնաբերել ուղղակի հնարավոր չէ: Կարծում եմ, որ աշխատանքի դեռ սկիզբն է, հույս ունեմ, որ Արդարադատության նախարարի ու աշխատակազմի ջանքերով քրեակատարողական հիմնարկները կմաքրվեն կոռուպցիայից»,- շեշտում է իրավապաշտպանը:

Միաժամանակ Ալեքսանյանը հարցադրում է անում` եթե բանտերում չկա կոռուպցիա, ինչու են դատապարտյալները շարունակում սնվել հարազատների բերած սննդամթերքով, օգտագործում դրսից տարված հիգիենայի պարագաները. «Կալանավորները հանձնուքներով են ապրում և ո`չ այնտեղ տրվող սնունդով: Օրվա ցանկացած ժամի քրեակատարողական հիմնարկների դիմաց կարելի է հանձնուքներ բերած մարդկանց հերթերի հանդիպել»:

Լուծման ենթակա հարցերի շրջանակը շատ լայն է` դեղերի ոչ բավարար տրամադրում, բուժական խնդիրներ, պահման պայմաններ, սնունդ, միջանձնային անառողջ հարաբերություններ. «Սրանք խնդիրներ են, որի մասին բոլորը գիտեն և պետք է լուծվեն լավագույն ձևով»:

Ռոբերտ Անանյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here