«Պավել Մանուկյանը հուլիսից չի համաձայնեցնում իր հայտարարությունները խմբի հետ»․Վարուժան Ավետիսյան

0
1222

Մարտի 1-ի գործով կալանավորված Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների շուրջ սոցցանցերում թեժացած իրավիճակը և գրառումների ու վիրավորանքների տարափը թեև հասկանալի պատճառներով աննախադեպ է, այդ առթիվ առաջարկվող լուծումը միանշանակ չի ընդունվում փաստաբանների կողմից:

Մի քանի քաղաքական գործերից հայտնի փաստաբան Հովիկ Արսենյանը չափազանց խիստ ու խտրական է համարում որպես իրավիճակի լուծում փաստաբանական պալատի նախագան Արա Զոհրաբյանի առաջարկը, որով վերջինս առաջարկում է քրեական պատիժ սահմանել փաստաբանին վիրավորելու համար: Արա Զոհրաբյանը նման առաջարկով հանդես եկավ, երբ Մարտի 1-ի գործով կալանավորված նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների դեմ հանրային արշավ սկսվեց սոցցանցերում:

«Բայց ես այս իրականության մեջ չեմ պատկերացնում նման երևույթի համար քրեական հետապնդում իրականացնել»,-Forrights.am-ի հետ զրույցում ասաց Հովիկ Արսենյանը՝ շարունակելով. «Մեր պրակտիկայում բազմաթիվ քրեական գործերով եթե ես ամբաստանյալի պաշտպան եմ եղել, տուժող կողմից ամենավերջին հայհոյանքներն ու անեծքներն են հնչել, կամ այլ դեպքում՝ հակառակ կողմից: Այսպես նաև մյուս փաստաբանների հետ է եղել: Սակայն ամբողջ ցավը նրանում է, որ ոչ մեղադրողի կողմից, ոչ էլ հատկապես դատարանի կողմից որևէ էական քայլ չի կատարվել, որ նման հակաօրինական գործողությունները կանխելու ուղղությամբ սանկցիաներ կիրառվեն, միշտ կաշկանդվել են»:

Այնպես որ, փաստաբանի համար հասկանալի չէ, թե ինչու հենց այս պահին պիտի նման փոփոխություն լինի: «Մինչ այդ գոյություն չունեի՞ն նման բաներ: Կամ ի՞նչ է, վերին արտի ցորե՞ն են դարձել փաստաբանները»,-հարց ուղղեց փաստաբանը: Վերջինս նաև կարծում է երբևիցե կառավարությունը հավանություն չի տա առաջարկին, քանի որ փաստաբանը չպետք է տարանջատվի լրագրողից, ուսուցչից կամ բանվորից: «Ես կարծում եմ, դա չափազանց խիստ է: Եթե փաստաբանին վիրավորելու դեպքում նույնիսկ տուգանքներ կիրառեն, բավարարված կլինենք, սակայն դա էլ չեն անում»,-նշեց նա:

Հովիկ Արսենյանը կարծում է, որ հենց փաստաբանների կողմից արվող քաղաքական հայտարարություններն են, որ առաջացնում են ժողովրդի զայրույթը ու քաղաքացիներն իրենց զայրույթն այդ ձևով են արտահայտում: «Եթե դու ստանձնել ես Ռոբերտ Քոչարյանի պաշտպանությունը, դու շատ լավ գիտեիր՝ ուր ես գնում, ինչ գործառույթի մեջ ես մտնում: Մտել եք, քավ լիցի, ժողովրդին, շարժման մասնակիցներին մի անվանեք զանգված, ամբոխ, ինչպես Ռոբերտ Քոչարյանը»,-կոչ արեց Արսենյանը:

Ըստ նրա՝ Քոչարյանի խոսնակը համատեղ ասուլիսների ժամանակ «հրահրում է» փաստաբաններին մտնել քաղաքական դաշտ: «Իմ հարգարժան կոլեգաներն էլ մեկը մյուսի հետևից սկսում են դուրս գալ մասնագիտական իրենց գործողությունները կատարելուց, ու հասնում են քաղաքական մոտիվացիայի: Պաշտպանեք Քոչարյանին, մեղադրանքի որոշումը Ձեր տրամադրության տակ է, հիմնավորեք, որ դա սխալ է, զուտ իրավական հարթությունում աշխատեք, բայց ասուլիսները որ նայում ենք, միանգամայն այլ եզրահանգում ենք կատարում»,-նշեց փաստաբանը:

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը համարում է, որ հաճախակի են դարձել դեպքերը, երբ մասնագիտական աշխատանք կատարող փաստաբանը նույնացվում է իր վստահորդի հետ։ «Փաստաբանների նկատմամբ վերաբերմունքը հիմնականում պայմանավորված է նրանց վստահորդների անձով ու այդ անձանց վերաբերյալ հանրության բացասական ընկալումներով։ Բազմաթիվ են փաստաբանների պատիվն ու արժանապատվությունը նսեմացնելու նպատակ հետապնդող, նույնիսկ սպառնալիք պարունակող մեկնաբանությունները»,- իր հայտարարության մեջ գրել է Զոհրաբյանը՝ կոչ անելով հարգել փաստաբանի մասնագիտական աշխատանքը և չնույնացնել փաստաբանին իր վստահորդի հետ:

Եվ նկատի ունենալով փաստաբանի նկատմամբ վիրավորանքի հրապարակային դրսևորումների աճը, ըստ Զուրաբյանի, պալատի խորհրդի քննարկմանը կներկայացվի՝ «Փաստաբանին՝ իր մասնագիտական գործունեությունն իրականացնելու առնչությամբ վիրավորելու արարքի քրեականացման նպատակով» փոփոխությունը ՀՀ արդարադատության նախարարությանն առաջարկություն ներկայացնելու հարցը:

«Կարիք չկա հետ գնալ և քրեականացնել հոդվածը, որը ժամանակին ապաքրեականացվել է»

Փաստաբան Նիկոլայն Բաղդասարյանը, մինչդեռ, նահանջ է համարում Արա Զոհրաբյանի առաջարկը. «Քանի որ վիրավորանքի և զրպարտության ապաքարեականացումը բավական մեծ գործընթաց է եղել: Փոխարենը ներմուծվել է քաղաքացիական պատասխանատվություն վիրավորանքի և զրպարտության վերաբերյալ, և անձը՝ կապ չունի՝ փաստաբան է, բժիշկ է, կամ այլ մասնագիտության տեր է, կարող է դիմել դատարան առանց դատախազի մասնակցության»,-մանրամասնեց Բաղդասարյանը:

«Կարծում եմ՝ 1 մլն դրամ տուգանքը շատ ավելի ծանր պատիժ կլինի, քան քրօրով սահմանված սանկցիաները: Ասել է թե՝ արդեն իսկ կա գործող մեխանիզմ՝ պատասխանատվության ենթարկելու անձին»,-շեշտեց Բաղդասարյանը: Ավելին՝ ըստ փաստաբանի, փաստաբանական պալատը պետք է ի պաշտոնե գործողություններ իրականացնի փաստաբաններին վիրավորելու դեպքերի ժամանակ: Նաև, ըստ Բաղդասարյանի, տվյալ փաստաբանը կարող է դիմել դատարան՝ քաղաքացիական պատասխանատվության ենթարկելու անձին, որոնք իրեն վիրավորել են: «Կարծում եմ՝ կարիք չկա հետ գնալ և քրեականացնել հոդվածը, որը ժամանակին ապաքրեականացվել է»,-ասաց Բաղդասարյանը, ով կարծում է, որ փաստաբանի հեղինակությունն այսօր ընկել է նաև Փաստաբանական պալատի սխալ քաղաքականության արդյունքում:

Այնպես, որ նա կարծում է, թե փաստաբաններին պաշտպանելու հարցը ոչ թե կառավարության, այլ փաստաբանական պալատի խնդիրն է: Թերևս անսալով Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների բողոքին՝ պաշտպանների շուրջ ստեղծված իրավիճակին անդարադարձավ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը՝ հանդուրժողականության կոչ անելով:

«Մինչև դատարանի կողմից կայացրած մեղադրական դատավճռի ուժի մեջ մտնելը յուրաքանչյուր մեղադրյալ համարվում է անմեղ, ուստի՝ փաստաբանը չի կարող ստանձնել դատավորի դերը և հրաժարվել որևէ անձի պաշտպանությունից՝ ելնելով նրա մեղավորության կանխավարկածից»,-ասել է նախարարը՝ շարունակելով. «Փաստաբանների կողմից կոնկրետ մեղադրյալի պաշտպանությունը ստանձնելուց հրաժարվելը կհանգեցնի արդար դատաքննության և արդարադատության մատչելիության իրավունքի կոպիտ ոտնահարման: …Ուստի՝ պետք է բացառել փաստաբանների դեմ ուղղված ատելության ալիքն ու խոսքը, ինչը պայմանավորված է, ընդամենն, օրենքով հանրության անունից իրենց վրա դրված պարտականությունները կատարելով»:

«Վարչապետի ասած երկու նախադասությունը էս վակխանալիային վերջ կտար»

Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը, միանշանակ կողմ է փաստաբանական պալատի նախագահ Արա Զոհրաբյանի՝ վիրավորանքի քրեականացման առաջարկին և կիսում է բոլոր մտահոգությունները՝ կապված իրավիճակի հետ: «Ես կարծում եմ՝ փաստաբանին վիրավորելը ընդհանրապես արդարադատությունը խաթարող գործողություն է: Ոչ միայն տուժում է փաստաբանը, ում վիրավորում են, ընդհանրապես արդարադատությունն է տուժում և կարծում եմ՝ դա պետք է միանշանակ քրեականացվի»,-ասաց փաստաբանը:

Հայկ Ալումյանն ինքը չի ողջունում փաստաբանների կողմից քաղաքական հայտարարություններ անելը: «Բայց եթե որևիցե մեկի մասին փաստաբանը հայտարարում է, որ իմ պաշտպանյալը քաղաքական բանտարկյալ է, սա քաղաքական հայտարարություն չի, թող լավ հասկանան՝ ինչ են ասում: Սա զուտ իրավական դաշտում արված հայտարարություն է»,-պնդեց պաշտպանը:

Հետաքրքրվեցինք, թե ինքը համարո՞ւմ է, որ Ռոբերտ Քոչարյանի հանդեպ քաղաքական հետապնդում է տեղի ունենում: «Ես էդ հայտարարությունը չեմ արել, ոչ թե որովհետև հակառակն եմ համարում, ուղղակի դա իմ հայտարարությունը չի: Ես չեմ ասում, որ էդ հայտարարությանը չեմ միանում: Ուղղակի երբ ես էդ հայտարարությունը կանեմ, նախ դրա բոլոր հիմնավորումները կնախապատրարստեմ»,- պատասխանեց Քոչարյանի պաշտպանը:

Եթե վիրավորված է սոցցանցերի գրառումներից, ինչու չի դիմում դատարան, հարցին ի պատասխան Ռոբերտ Քոչարյանի պաշտպանն ասաց. «Եթե ես սկսեմ ամեն գրառումից վիրավորվել…, պիտի վիրավորվես էն մարդուց, ով հասկանում է իր խոսքի արժեքը: Ես վիրավորվել եմ իշխանություններից, որոնց էս ամեն ինչը պետքները չի, Իշխանությունները, որոնք տեսնում են ինչ ա կատարվում: Ուրախ եմ, որ արդարադատության նախարարն արձագանքեց թեև ուշացումով, ինչը պետք է մի 6-7 օր առաջ ասվեր»:

Մեր դիտարկմանը, թե ամեն անգամ հո իշխանությունը չի՞ արձագանքնելու, կա համապատասխան օրենսդրական դաշտ, և ինքը կարող էր դիմել դատարան, փաստաբանը հակադարձեց. «Եթե ես թողած իմ հաճախորդին, սկսեմ ինքս ինձ պաշտպանել ու ժամանակն օրվա մեջ ծախսեմ ինձ պաշտպանելու համար, բա ես ե՞րբ իմ հաճախորդի գործով զբաղվեմ ընդհանրապես: Փաստաբանին իր մասնագիտական գործունեության հետ կապված սպառնալը քրեական արարք է: Իշխանությունը պետք է զբաղվի դրանով»:

Հարցրինք, թե չէ՞ր պատկերացնում, որ Ռոբերտ Քոչարյանին պաշտպանելը կարող է նման հետևանքներ ունենալ, և արդյոք պատրաստ չէ՞ր դրան, ասաց. «Չէ, ես երբեք չէի մտածում, ու էս իմ 21 տարվա փորձը ինձ էդպիսի բան չէր հուշում, որևիցե մեկին պաշտպանելուց նման բան չէր եղել: Ես կարծում եմ, դա կանխելու պարտականությունը իշխանությանն է, ոչ թե ես: Եթե կա քրօրում հոդված, պիտի կիրառվեր ու մեկ երկու նման կիրառման դեպքում, կվերջանար ու կվերջանար»:

Քոչարյանի պաշտպանը համոզված է, որ եթե իշխանությունը հայտարարեր, որ սա սխալ մտեցում է, չի կարելի փաստաբաններին իրենց պարտականությունների կատարման հետ կապված վիրավորել կամ սպառնալ, դա կդադարեր: «Համոզված եմ, որ եթե մեր վարչապետը երկու նախադասություն ասեր, դա րոպեների ընթացքում կդադարեր: Վարչապետի ասած երկու նախադասությունը էս վակխանալիային վերջ կտար»,-եզրափակեց Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը:

Մարինե Խառատյա«Էդվարդ Գրիգորյանի արձակած պատահական կրակոցին ականատես եմ եղել ես՝ մեկ մետր հեռավորությունից: Դա եղել է ՊՊԾ գնդի զինանոցի կողմի սենյակում, որտեղ այդ սպանության մեջ մեղադրվող Արմեն Բիլյանը չի էլ գտնվել: Այդ պատահական կրակոցից քիչ էր մնում զոհվեր մեր ընկեր Արմեն Լամբարյանը»,- այսօր դատարանում հայտարարեց «Սասնա Ծռեր» անդամ Պավլիկ Մանուկյանը։

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր անսպասելի ընթացք ստացավ «Սասնա Ծռեր 2» քրեական գործի քննությունը։ Պաշտպան Ազատ Շահբազյանը դատարանին միջնորդեց փոխել իր պաշտպանյալ Պավլիկ Մանուկյանի խափանման միջոց կալանքը և այն փոխարինել անձնական երաշխավորությամբ, որը ներկայացրել էին ԱԺ «Ծառուկյան» դաշինքի պատգամավորներ Շաքե Իսայանը և Վահե Էնֆիաջյանը: Մինչ դատարանը կանցներ միջնորդության քննարկմանը, մեղադրող դատախազ Արամ Արամյանն իր հերթին միջնորդություն ներկայացրեց.

«Օրեր առաջ Մանուկյանն անակնկալ հայտարարությամբ հանդես եկավ, որը պարզաբանման կարիք ունի։ Դրա հետ կապված միջնորդում եմ փոխել գործով անցնող ապացույցների հետազոտման հաջորդականությունը և այս պահւն հարցաքննել Պավլիկ Մանուկյանին»,- նշեց դատախազ Արամյանը։

Պաշտպանական կողմն առարկեց մեղադրանքի կողմի միջնորդության դեմ, սակայն միացավ Ազատ Շահբազյանի միջնորդությանը։ Դատարանը որոշեց բավարարել մեղադրանքի կողմի միջնորդությունը և հարցաքննել Մանուկյանին։ Չնայած վերջինս հայտարարեց, որ որևէ ցուցմունք չի տալու, այնուամենայնիվ պատասխանեց կողմերի գրեթե բոլոր հարցերին։ Նկատենք, որ ցուցմունք տալու սկզբում, նիստերի դահլիճը լքեց «Միայնակ Գայլ» Արայիկ Խանդոյանը։ Պավլիկ Մանուկյանը ևս մեկ անգամ հաստատեց շաբաթներ առաջ արած հայտարարությունը.

«Ես արդեն հայտարարել եմ, որ դա բացարձակ ճշմարտություն է: Եթե այս քայլն Էդվարդ Գրիգորյանի փոխարեն կատարած լիներ Արամ Մանուկյանը՝ իմ տղան, ժողովուրդ, ես հայտարարելու էի, որ այդ պատահական կրակոցի հեղինակը իմ տղան է, չնայած Արամ Մանուկյանն ինքն էր ասելու՝ այդ ես եմ եղել»:Ի պատասխան Արամ Արամյանի հարցին, Մանուկյանը ներկայացրեց «Էդվարդ Գրիգորյանի պատահական կրակոցի» պատկերը.

«Անձամբ՝ 1մ հեռավորության վրա ներկա եմ եղել կրակոցին: Գագիկ Մկրտչյանը վիրավորվել է ձախ դաստակից: Օգնել ենք, տարել, իր ոտքով՝ առողջ ու պայծառ գնացել է: Առհասարակ, մենք գրկելով-պաչելով ենք վերաբերվել ոստիկաններին: Էդվարդ Գրիգորյանը թեթև «բզել» է ձգանը. կրակոց է արձակվել: Նա իրեն շատ վատ է զգացել դրա համար: Երդվում եմ նահատակ-ընկերներիս ու ծնողներիս շիրիմներով՝ այդպես է եղել»,- հայտարարեց նա, հավելելով, որ ՊՊԾ գունդ մտնելու ժամանակ իր հետ զենք է ունեցել.

«Այո´, իմ հետ զենք եղել է, ես վերցրել եմ իմ հետ իմ ձեռքով սպանված թուրք ավագ լեյտենանտի զենքը, էդ զենքն իմ կյանքով մեկ անցել է, եւ դատավարության ավարտից հետո էդ զենքը ես պահանջելու եմ ձեզանից բոլորից: Դա արդարության համար է, դա նախատեսված չէ ինչ-որ մի հայի դեմ»,-ասաց նա:Վերջինս «կեղծ» որակեց տուժող կողմ ոստիկանների այն ցուցմունքները, իբրև՝ վիրավորում ստացած Գագիկ Մկրտչյանը Բիլյանին հարցրել է՝ ինչո՞ւ կրակեցիր ինձ վրա.

«Այդ ցուցմունքները տրվել են այն ժամանակ, երբ Քննչական կոմիտեն Նկարիչների միության «անդամ» էր: Ինչ պատվիրում էին՝ «նկարում» էին»: Դատավարական կողմերի մի քանի ճշտող հարցերից հետո, Մանուկյանին հարցեր ուղղեց դատավոր Մեսրոպ Մակյանը: Նա փորձեց ճշտել Մանուկյանից, թե ինչու էր մինչ այս պահը լռում, չէ՞ որ հնարավոր է անմեղ մարդիկ դատապարտվեն իրենց չկատարած հանցանքի համար:

Պավլիկը շեշտեց՝ երկրում իրավիճակ է փոխվել, այժմ որևէ կեղծիք չպետք է լինի, այլ միայն ու միայն արդար դատավարություն: Դատարանին զարմացրեց ամբաստանյալի պատասխանը. «Այսինքն, եթե իրավիճակ չփոխվեր, պետք է լռեի՞ք»,- դիմեց Մանուկյանին: Պավլիկը դրական պատասխան տվեց. «Հաա, չէի խոսելու: Եթե արդյունքը զրո էր լինելու, ինչի՞ խոսեի»,- նշեց նա:

Անդրադառնալով իր հայտարարության երկրորդ մասին, Մանուկյանը նշեց, որ ինքն անձամբ ներկա չի եղել բանկոմատը բացելուն, բայց վստահ կարող է ասել՝ բանկոմատը բացել է Մխիթար Ավետիսյանը. «Չեմ կարա ասեմ՝ ոնց եմ իմացել, էս թողնում եմ Մխիթարն ազնվորեն ասի, բայց ասածս մաքուր ճշմարտություն ա: Մենք բոլորս դեմ էինք, որ բանկոմատին կպնեին, բայց ինքը բացեց: Հափշտակություն, սակայն, տեղի չի ունեցել»:

Պավլիկ Մանուկյանի հարցաքննությունից հետո՝ մեղադրանքի միջնորդությամբ հարցաքննվեցին նաև Էդվարդ Գրիգորյանը և Մխիթար Ավետիսյանը: Վերջինս հայտարարեց, որ Մանուկյանի ասածն իրականությանը չի համապատասխանում. «Ես չգիտեմ, թե ով ա բացել բանկոմատը»: Ամբաստանյալ Էդվարդ Գրիգորյանն էլ հրաժարվեց ցուցմունք տալուց, նշելով, որ իր փոխարեն կխոսի իր պաշտպանը:

Մուշեղ Շուշանյանն էլ իր հերթին նշեց, որ այս պահին որևէ դիրքորոշում չեն հայտնում Մանուկյանի հայտարարության վերաբերյալ: Մանուկյանը կրկին խոսքի իրավունք խնդրեց և հայտնեց, որ իր հայտարարությունը որևէ ճաք չի առաջացրել «Սասնա Ծռեր» խմբի ներսում: Ի նշան այս խոսքերի, Վարուժան Ավետիսյանը հստակեցրեց՝ Պավել Մանուկյանը հուլիսից այլևս չի համաձայնեցնում իր հայտարարությունները խմբի հետ և հանդես է գալիս իր տեսակետով:

Վերադառնալով պաշտպան Ազատ Շահբազյանի միջնորդությանը, մեղադրանքի կողմն առարկեց, շեշտելով, որ այս պահին դեռևս վտանգ կա, որ ազատության մեջ գտնվելով, Մանուկյանը կարող է ազդել դատաքննության ընթացքի վրա:Շուրջ 2 ժամ խորհրդակցական սենյակում մնալուց հետո, դատավոր Մեսրոպ Մակյանը որոշեց մերժել պաշտպան Շահբազյանի միջնորդությունը: Մերժման հիմքում նշելով. «Մանուկյանի կողմից նոր հանգամանքների մասին տեղեկություններ են հնչել, իսկ դա նշանակում է, որ գտնվելով ազատության մեջ՝ նա ապօրինի ներգործություն կարող է ունենալ գործով անցնող մյուս մեղադրյալների վրա»:

Դատարանի որոշումը դահլիճում գտնվող համակիրների զայրութն առաջացրեց: Լարված մթնոլորտում ավարտվեց հերթական դատական նիստը: Քրեական գործի քննությունը կշարունակվի օգոստոսի 15-ին:

Ռոզա Վարդանյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here