Երեկ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Արաբկիրի նստավայրում տեղի ունեցավ News.am ՍՊԸ-ի հայցն ընդդեմ 1in.am կայքի լրագրող Սիրանուշ (Սոնա) Հարությունյանի գործով  նախապատրաստական նիստը։

Հիշեցնենք, որ Սոնա Հարությունյանը նախորդ տարվա օգոստոսի 30-ին, իր Ֆեյսբուքյան էջում կատարել էր հետևյալ գրառումը, ինչն էլ նրա դեմ հայց ներկայացնելու հիմք է հանդիսացել

«Վերջին շրջանի փոփոխությունները չեն շրջանցել նաև մեզ՝ լրագրողներիս ու լրագրողական համերաշխություն ասվածը.

Ուրեմն երեկ news.am կայքը իր էջում տեղադրել է ՀՅԴ-ի տարածած հայտարարությունը, որը վերաբերում է իմ նյութին։ Նախ նկատենք, որ այս կայքը իր պատմության մեջ երբեք գործընկեր լրատվամիջոցի վերաբերյալ որեւէ հայտարարություն, հերքման տեքստ երբեք չի հրապարակել։ Դա իրենք էլ կարող են փաստել։ Բայց դե այս անգամ չեն կարողացել դեմ չգնալ իրենց սկզբունքներին, քանի որ պատվերը տվել է ԳՆՈՐԴԸ։  Ընդ որում զավեշտալին այն է, որ կայքի պատասխանատուները այնքան են շտապել ԳՆՈՐԴԻ պատվերը կատարել, որ ՀՅԴ-ի հայտարարության հետ մեկտեղ հրապարակել են նաև կայքի տեղադրողին տրված հանձնարարականը, որը, կրկին շտապելուց, շատ անհաջող է կատարվել, քանի որ ՀՅԴ թեկնածուի դեմքը սկզբում աղավաղված էր։

Ի դեպ, դրա փոխարեն ՀՅԴ հայտարարության տակ կարող էին օրերս տարածած պարզաբանումը դնել, որ Քոչարյանն իրենց չի առել, որ թյուրըմբռնում չառաջանար»։

Այսօրվա նիստի ժամանակ Սոնա Հարությունյանն ու իր շահերը ներկայացնող փաստաբան Վահե Հովսեփյանն ասացին, որ Սոնա Հարությունյանի գրածը չի եղել հոդված, ինչպես նշում է հայցվոր կողմը, այլ նա հայտնել է իր կարծիքը և դա եղել է ֆեյսբուքյան գրառում։ Նիստի ժամանակ Սոնա Հարությունյանն ասաց, որ մինչև իր գրառումը, armtimes.com կայքը գրել էր, որ news.am կայքը գնել է Ռոբերտ Քոչարյանը և իր գրառման հիմք էր հանդիսացել նաև այդ հրապարակումը։

Արամազդ Կիվիրյանն էլ արձագանքելով ասաց, որ armtimes.com կայքում հրապարակված վերոնշյալ հոդվածը հիմք է հանդիսացել, որ news.am-ի կողմից առանձին հայց ներակայացվի armtimes.com-ի նկատմամբ։ Կիվիրյանի խոսքերով այս գործով armtimes.com-ը ներկայացրել է այդ հոդվածի հիմքը, թե որտեղից իրենց այդ տվյալը, որ news.am-ը գնել է Ռոբեր Քոչարյանը։ «Եվ ներկայացրել են ֆեյսբուքյան մի օգտատիրոջ՝ Նիկոլ Փաշինյանի նկարով, «անուն ազգանուն» անունով, որտեղ նշվում է, հետևյալը. «Հարգելի ժողովուրդ այս կայքերը ձեռք է բերել Ռոբերտ Քոչարյանը և այնտեղ նշում է կատարվում ՝ news.am, blognews, Հ2, armtimes.com: Եվ այդ ապացույցը armtimes.com-ը ներկայացրել է դատական պրոցեսին»,- ասաց փաստաբանը։

 Նիստից հետո մեզ հետ զրույցում հայցվոր կողմի ներկայացուցչի փաստաբան Արամազդ Կիվիրյանն ասաց, որ իրենց կողմից ներկայացված պահանջը վերաբերում է պատվի, արժանապատվության և գործարար համբավի պաշտպանությանը։ «Ֆեյսբուք սոցիալական կայքում համապատասխան օգտատիրոջ անձնական էջում տեղ են գտել որոշակի հրապարակային արտահայտություններ, որոնք իրենց կարծիքով հանդիսանում են զրպարտություն և վիրավորանք, իրենց մեջ պարունակում են վիրավորանքի որոշակի էլեմենտներ և այդ հրապարակման կապացությամբ իրենց կողմից ներկայացվել է հայցապահանջ»,- ասաց փաստաբանը։

Նրա խոսքերով՝ կողմը փաստարկում է, որ դրանք եղել են գնահատող դատողություններ և հղում է կատարել տեղեկատվական աղբյուրին, սակայն իրենց գնահատմամբ դրանք չեն կարող հանդիսանալ գնահատող դատողություններ։

«Որովհետև որևէ օբյեկտիվ հիմք կողմը չի ունեցել փաստարկելու, որ տվյալ դեպքում news.am կայքը ձեռք է բերվել Քոչարյանի կողմից  կամ ինչ-ինչ հրապարկումներ կատարվել են պատվերի հիման վրա։ Քանի որ  կողմը փաստարկել է դրանք, ուստիև իրավական տեսանկյունից կողմը նաև կրում է դրա ապացուցման պարտականությունը և կտեսնենք արդեն, թե դատական պրոցեսում ինչպիսի ապացույցներով կողմը կապացուցի այդ հանգամանքները, որը ինքը վկայակոչել է հրապարակման մեջ։ Մենք պահանջում ենք հերքում և նաև, որ կողմը ներողություն խնդրի, կան նաև այլ ածանցյալ պահանջներ, որոնք ներկայացվել են»,- ասաց Արամազդ Կիվիրյանը։

Մենք զրուցեցինք նաև պատասխանող կողմի փաստաբան Վահե Հովսեփյանի հետ։

Ներկայացնելով իրենց դիրքորոշումը  հայցադիմումի վերաբերյալ՝ Վահե Հովսեփյանն ասաց, որ կատարված գրառումն առհասարակ իր մեջ, ո՛չ զրպարտչական և ոչ էլ վիրավորական բնույթի արտահայտություններ չի պարունակում, դա կողմի կարծիքն է եղել, որը նա արտահայտել է ֆեյսբուքում՝ գրառման միջոցով։

«Կոնկրետ, թե ինչն է հիմք հանդիսացել կարծիքի համար, մենք ներկայացրել ենք դատարանին՝ տվյալ հոդվածն արդեն այլ կայքի կողմից տպագրված»,- ասաց Վահե Հովսեփյանը։

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա մայիս 29-ին, ժամը 16.00-ին։

Լիլիթ Թադևոսյան

Pin It on Pinterest