2018 թվականին Լոռու մարզի Սպիտակ քաղաքի բնակիչ Սոնյա Սարգսյանի որդու և ոստիկանների միջև միջադեպ է տեղի ունենում: Արդյունքում՝ հարուցվում քրեական գործ և նրա որդուն կալանավորում են՝ 2 տարի 6 ամսով: Սոնյա Սարգսյանի խոսքերով՝ որդին ունի հոգեկան խնդիրներ, 2 անգամ ինքնասպանության փորձ է կատարել և այդ հիմքով ազատվել զինծառայությունից: Անհանգստանալով, որ կալանքի վայրում ևս որդին հնարավոր է կյանքի նկատմամբ ոտնձգություններ կատարի, գործը վերանայելու նպատակով 2020 թ. մարտի 24-ին, անտեսելով արտակարգ դրության ռեժիմն ու հայտարարված կարանտինը, Սոնյա Սարգսյանը ճարահատյալ գնում է ՀՀ գլխավոր դատախազություն: Տիկին Սոնյան ասում է, որ բազմիցս դիմել է Լոռու մարզի նախկին դատախազին, ով մերժել է՝ ասելով, որ այդ հարցով իրեն այլևս չդիմի: Նա մերժում է ստացել նաև ՀՀ Վճռաբեկ դատարանի կողմից:
«Դատախազությունում ասեցի՝ կամ նամակներիս պատասխաններն ուղարկե՛ք, կամ էլ իմ նամակը վերցրե՛ք: Մոտեցան 2-3 ոստիկան ու մի կին, հարցրին՝ որտեղի՞ց եք, ասեցի՝ Սպիտակ քաղաքից: Ասեցին՝ պատվերով համերգ ա՞, որ եկել եք, գնացե՛ք, հետո կգա՛ք»:
Հուսահատված կինը, տեսնելով, որ անտեսված է բոլոր ատյանների կողմից, դատախազության մոտ ինքնահրկիզման փորձ է կատարում: Դատախազության աշխատակիցները վիրավորանքներ են հասցնում 57-ամյա կնոջը, նրա նկատմամբ կիրառում ֆիզիկական ուժ, ապա ոստիկանություն կանչում։ Ֆիզիկական և հոգեբանական բռնությունները տիկին Սոնյայի նկատմամբ շարունակվում են Երևանի Կենտրոնի ոստիկանությունում: Իրավապահ մարմինների կողմից վատ վերաբերմունքի արժանացած Սոնյա Սարգսյանի խնդրին արդեն անդրադարձել էինք մեր նախորդ հրապարակման մեջ :
«Ինձ փակել էին մի սենյակում՝ առանց որևէ բացատրության: Իրենք իրենց համար հեռախոսով խոսում էին, կամպյուտրներով խաղ էին խաղում, սոված-ծարավ ոստիկանությունում մնացել եմ 7 ժամից ավելի: Ոստիկաններից մեկին ասեցի՝ դուք իրավունք ունե՞ք 3 ժամից ավելի ինձ ստեղ պահեք, ես ի՞նչ հանցանք եմ գործել, որ ինձ սահմանափակել եք էս սենյակում: Ասեց՝ արի քեզ տանեմ մի ուրիշ ոստիկանի մոտ: 3-րդ հարկից հանում էին 4-րդ հարկ, 4-րդ հարկից իջացնում 3-րդ հարկ: Մի ուրիշ ոստիկանի հարցրի՝ ի՞նչ իրավունքով եք ինձ այստեղ պահում, ասեց՝ ես ոստիկան եմ, ինչ ուզենամ, կանեմ: Ուզենամ՝ էսօր կպահեմ քեզ ստեղ»,-հիշում է տիկին Սոնյան:
Կնոջ խոսքերով՝ այս ամենը հնարավոր է ապացուցել, քանի որ ոստիկանության տեսախցիկներն արձանագրել են ամեն ինչ:
Շուրջ 8 ժամ հարկադրաբար պահելուց հետո, ոստիկանները տիկին Սոնյային խաբել են՝ թե դատախազությունը գրություն կուղարկի իր գործով: Այնուհետև եկել է կապույտ համազգեստով 2 անձ՝ առանց որևէ նույնականացման նշանների, առանց ներկայանալու՝ ովքեր են և հետաքրքրվել, թե ինչու՞ է տիկին Սոնյան նեղացել ոստիկաններից: Նա դարձյալ դժգոհել է, թե ի՞նչ հիմքով են ոստիկանները մի քանի ժամ շարունակ ապօրինի իրեն պահել ոստիկանությունում: «Ինձ ասեցին՝ հմի նենց տեղ կտանենք, որ դու այլևս ետ չես գա»,-պատմում է Սոնյա Սարգսյանը:
Ոստիկանությունից տիկին Սոնյային բռնի ուժով տեղափոխել են «Ավան» հոգեկան առողջության կենտրոն.«Ինձ քարշ տալով, ծեծելով, հրելով 10 ոստիկան՝ 2 բժշկի հետ տարան: Ասին՝ տանում ենք մի հատ բժշկի հետ խոսաս ու ետ գաս: Մարտի 25-ին՝ ժամը 17-ի կողմերն, ինձ տարել են հոգեբուժարան, մի 50 հոգու մեջ՝ տարբեր հոգեկան խնդիրներով մարդկանց ու դուռը վրաս փակել: Ինձ 10 օր ապօրինի պահել են այդտեղ»:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: