Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունը շատերի մոտ հույսեր է արթնացրել, որ դատաիրավական համակարգը կվերափոխվի, կգտնի անկախություն և կոնկրետ գործերով մենք կունենանք արդար դատավճիռներ։ Դատարանի որոշմամբ փոփոխվեց Անդրիաս Ղուկասյանի խափանման միջոց կալանավորումը։ Դատական համակարգում հավանական փոփոխությունների շուրջ Forrights.am-ը զրուցել է հայտնի փաստաբան Հայկ Ալումյանի հետ։

Պարոն Ալումյան, որպես փորձառու և հմուտ մասնագետ խնդրում եմ ասացեք, Դուք ինչպե՞ս եք պատկերացնում դատական համակարգի անկախացման պրոցեսը ։ Արդյո՞ք քաղաքական իշխանության փոփոխությունը ինչ-որ կերպ ազդելու է իրավիճակի վրա։ 

Առաջին հարցը, որ կառանձնեցնեի, հետևյալն է՝ իշխանությունները կուզե՞ն ունենալ անկախ դատական համակարգ, թե՞ ոչ։ Ցանկացած գործադիր իշխանություն շատ կուզենա ունենալ հլու հնազանդ իրեն ենթարկվող դատական համակարգ։ Սա ցանկացած գործադիր իշխանության գայթակղությունն է։ Երբ ներկայիս իշխանությունը քննադատում էր դատական համակարգը՝ մեր կողմում եղած ժամանակ, ինքը շատ ճիշտ նկատառումներ և քննադատություններ էր ներկայացնում։ Հիմա, երբ քննադատողների մի մասը հայտնվել է գործադիր իշխանությունում, ուժեղ է լինելու գայթակղությունը՝ այդ նույն դատական համակարգը ծառայեցնել սեփական շահերին։ Ես շատ հույս ունեմ, որ պարոն Փաշինյանը և իր հետ իշխանության եկած մարդիկ կկարողանան հաղթահարել այդ գայթակղությունը։ Շատ կարևոր է այդ գայթակղությունը հաղթահարել։ Կլինեն պրոբլեմներ, երբ դատական համակարգը կկայացնի որոշումներ, որոնք իրենց դուր չի գա, բայց երբ ամեն անգամ իրենց դուր չեկած դատական ակտի մասով փորձեն միջամտել, կարճ ժամանակում ամեն ինչ կգա կկանգնի այն նույն վիճակում, որը մենք ունեինք 2018 թվականի ապրիլի դրությամբ։ Իհարկե, առաջին քայլը պետք է լինի գործադիր իշխանության կողմից։

Ի՞նչ քայլի մասին եք ակնարկում։

Եվ ներքին խողովակներով, և հրապարակային ձևով հայտարարել, որ այլևս մեր կողմից չկա և չի լինելու որևէ միջամտություն դատավորների գործունեությանը։ Որպեսզի դատավորները մեկընդմիշտ համոզված լինեն, որ եթե իրենք առանց որևէ կոռուպցիոն նկատառումների որևէ դատական ակտ են կայացնում, ապա այդ դատական ակտի համար պատասխանատվություն չեն կրելու։ Խոսքը վերաբերում է այն իրավիճակներին, երբ Բաղրամյան 26-ից թելադրվում էր, թե այս կամ այն գործով ինչ անել։ Եվ երկրորդ՝ մենք ունենք շատ մեծ քանակով դատավորներ, որոնք ընդունակ չեն կայացնելու ինքնուրույն որոշումներ։ Մյուս կողմից, դատավորին կամայականորեն փոխելն էլ սխալ է, չի կարելի։ Օրինակ՝ եթե հիմա պարոն Փաշինյանը որոշի, ասի՝ այս դատավորները լավը չեն, պետք է իրենց փոխել, դա էլ կլինի միջամտություն արդարադատության իրականացմանը։

Պարոն Ալումյան, հասկանալի է, որ դեմ եք դատական համակարգում վիրահատական միջամտությանը, դուք ի՞նչ միջոցներ կառաջարկեիք։

Պետք է ուղղակի դատավորներին առաջարկել այնպիսի պայմաններ, որպեսզի նրանց մեծ մասը իրենց ցանկութմաբ կարողանան դուրս գալ համակարգից։ Միգուցե միանվագ հնարավորություն տալ, որ ով կուզի հիմա դուրս գալ, ապա նա կարող է դուրս գալ և ստանալ թոշակ, չգիտեմ, ինչ-որ ձևով շահագրգռել այդ դատավորներին, որ իրենք ինքնուրույն դուրս գան։ Ասել՝ գիտե՞ք ինչ կա, սրանից հետո կաշառք չի լինելու։ Եթե դատավորներն իմանան, որ այսուհետ կաշառք չի լինելու, նրանց 80%-ը հենց այդ պահից կուզեն դուրս գալ։ Սա հանցագործության մասին հաղորդում չի, բայց իմ սեփական ամենամեղմ գնահատականներով՝ համակարգում այդ 80%-ը գտնվում է կոռուպցիոն մեխանիզմներով գոյատևելու նպատակով։

Դուք ասում էիք, որ ներկայիս օրենքը դատավորին ամբողջական անկախության հնարավորություն չի տալիս։ Նա կախված է դատարանի նախագահից, և տարբեր մեխանիզմներ կան դատավորին բռի մեջ պահելու համար։ Խնդրում եմ ասացեք, նոր կառավարությունն ի՞նչ պետք է անի դատավորի անկախ կարգավիճակը օրենքով երաշխավորելու համար։

Այո, օրենքի մեջ դրված են այնպիսի դրույթներ, որոնք դատավորին խանգարելու են լինել և զգալ իրեն լիարժեք անկախ։ Գիտեք, կան նաև լծակներ, որոնք տեսանելի չեն։ Դատավորներն իրենց նկատմամբ ամենամեծ ճնշումն զգում են ոչ թե տեսանելի լծակների արդյունքում, այլ՝ անտեսանելի։ Դատավորին կարելի է այնպիսի վիճակի մեջ դնել, որ ինքը տեղն ու տեղը դիմումը գրի ու դուրս գա։ Ես ձեզ շատ պարզ օրինակ կբերեմ։

Վճռաբեկ դատարանի նախագահ Հովհաննես Մանուկյան ունեինք, չեմ ասի, որ իր գործունեությունից գոհ եմ՝ տարբեր կերպ կարելի է գնահատել, բայց մի ուրիշ իրավիճակի մասին եմ ուզում ասել։ Ինչ-որ մի պահ նախագահ Սերժ Սարգսյանը չուզեց, որ Հովհաննես Մանուկյանն այլևս աշխատի Վճռաբեկ դատարանի նախագահ։ Պատկերացնում եք չէ՞, դատավորների մեջ ամենապաշտպանվածը Վճռաբեկ դատարանի նախագահն է, բայց երբ Սերժ Սարգսյանն ուզեց, որ այլևս Հովհաննես Մանուկյանը չաշխատի, ի՞նչ տեղի ունեցավ, ձեզ թվում է օրինական լծակներ գործադրվեցին, որ Հովհաննես Մանուկյանի լիազորությունները դադարեցվե՞ն, չէ, Սերժ Սարգսյանը մեկ ձեռքի հարվածով այնպես արեց, որ Հովհաննես Մանուկյանը գնաց։ Եթե լծակները հեշտորեն օգտագործվում է Վճռաբեկ դատարանի դատավորի նկատմամբ, ուրեմն՝ կարելի է օգտագործել ցանկացած դատավորի նկատմամբ։

Այսինքն՝ միայն օրենքով հնարավոր չէ դատավորի անկախությունը երաշխավորել։

Ամենավտանգավորը հենց այդ անտեսանելի լծակներն են։ Յուրաքանչյուրի դեմ՝ չէ, բայց դատավորներից շատ զգալի մասի նկատմամբ կան վարկաբեկիչ տվյալներ, այսինքն՝ դատավորը կոռուպցիայի մեջ բազմիցս թաթախված է, ինֆորմացիան ամբողջապես կա,, բայց ընթացք կտրվի այն ժամանակ, երբ այդ դատավորը կհամարձակվի Բաղրամյան 26-ի հրահանգը չկատարել։ Դրա համար ամենավարկաբեկված դատավորին որտե՞ղ է ձեռնտու պահել, առաջին ատյանո՞ւմ, ոչ՝ Վճռաբեկ դատարանում։ Այնտեղ ավելի կարևոր է ունենալ դատավոր, որն անմիջապես կկատարի ցանկացած հրահանգ՝ անկախ նրանից, թե ինչքանով է այդ հրահանգը օրինական։ Բաղրամյան 26-ը պիտի ցույց տա, որ այլևս այդ կեղտոտ տեխնոլոգիաները չեն կիրառվելու։

Ես կերազեմ, որ իրենք հայտնվեն նոր իրավիճակում։ Հեղափոխության առաջին օրվանից ես ոգևորված էի ու երազում էի, որ դատավորները սրա արդյունքում հայտնվեն նոր իրավիճակում։ Մենք ասում ենք, որ մեր հասարակության բոլոր ոլորտները ախտահարված են, դա իրոք այդպես է։ Եթե ասում ենք՝ ո՞ր ոլորտից է պետք սկսել բարեփոխումները, իրականում պետք է սկսել դատական համակարգից։ Ինչո՞ւ։ Մենք ասում ենք՝ ընտրությունները լավը չեն։ Բայց եթե մենք ունենում ենք անկախ դատական համակարգ, կարողանում ենք գոնե այդ ընտրությունները արդյունավետորեն վիճարկել։ Ինչո՞ւ մինչև այսօր մենք ունենք վատ ընտրություններ, որովհետև ով ինչ անի՝ դատական համակարգն անզոր է դա ուղղել։ Եթե կեղծարարները պատկերացնեին, որ դատարանի առջև են կանգնելու և դատարանը չի հանդուրժելու կեղծիքները, մեր ընտրություններն այս որակի չէին լինի։ Դատական համակարգի առողջացման հարցն ամենակարևորն է։ Այ դա է իսկական հեղափոխությունը։

Հույս կա, որ քաղաքական բոլոր բանտարկյալները շուտով ազատ են արձակվելու դատարանների վճիռներով։ Ժիրայր Սեֆիլյան, Կարո Եղնուկյան, Գևորգ Սաֆարյան … Դուք ի՞նչ եք սպասում, իսկապես դատական համակարգն ինքնամաքրման կգնա՞։

Ինչո՞ւ ազատ արձակվեց Անդրիաս Ղուկասյանը, որովհետև այլևս Բաղրամյան 26-ից ճնշում չկար։ Ընդամենը ճնշումը դադարեց։ Սրանից ավելի ուրիշ ապացույց պետք չի՝ ասելու համար, որ Անդրիաս Ղուկասյանը քաղաքական բանտարկյալ էր։ Հենց այսօր բազմաթիվ մարդիկ կան ճաղերի հետևում, ովքեր որ այնտեղ են զուտ այն պատճառով, որ Բաղրամյան 26-ից եղել է հրահանգ։ Նրանք նույնիսկ չնչին իրավախախտում չեն կատարել։ Այդ քաղաքական բանտարկյալներն անհապաղ պիտի ազատ արձակվեն։ Մեսիջը պիտի լինի՝ Բաղրամյան 26-ից այսուհետ ձեզ հրահանգ չի լինելու, մոռացեք, գնացեք գործեք օրենքի սահմաններում, ու Աստված չանի՝ մեկի իրավունքը խախտել եք, Եվրոպական դատարանից մի վճիռ գա, այ այդտեղ ձեզ հետ խնդիր կունենանք։ Այ սա պիտի լինի մեսիջը։ Այս դեպքում՝ դատական համակարգը և քաղբանտարկյալների փաստաբանները պիտի գտնեն իրավական մեխանիզմներ՝ գործերի վերանայման կամ այլ քայլերի միջոցով հասնելու քաղբանտարկյալների ազատ արձակման։ —

Փոքր-ինչ այլ է իրավիճակը Սասնա ծռեր խմբի գործով։ Այնտեղ 3 հոգու սպանություն կա, գույքի ոչնչացում և այլն։ Որոշ հասարակական կազմակերպություններ նրանց էլ են քաղբանտարկյալ համարում և Սասնա ծռերին ազատելու կոչեր կան։ Ի՞նչ կասեք Սասնա ծռերի մասով։

Թավշյա հեղափոխությունը ցույց տվեց, որ հասարակությունը չի հանդուրժում Հանրապետական կուսակցության իշխանությունը։ Հանրապետական կուսակցությունն էլ ընդունեց, որ ինքն իրեն լեգիտիմ իշխանություն չի համարում։ Սասնա ծռերը նույն բանն էին ասում, պարզապես նրանց մեթոդներն էին ուրիշ։ Իրավաբանների և իրավագետների մեջ կա լուրջ բանավեճ, թե ապստամբելու իրավունքը արդյո՞ք մտնում է բնական իրավունքների մեջ։

Փաստ է, որ իշխանությունները զանգվածաբար չարաշահում էին իրենց դիրքը և մարդիկ դուրս եկան փողոցներ։ Դա պարզվեց այս հեղափոխության ժամանակ։ Իշխանության եկածները իրենք ի լուր բոլորի ասում էին նույն բանը։ Հիմա, ի՞նչ պետք է անի մարդ, երբ իշխանություններն իրեն զրկում են բնական իրավունքներից։ Տարբերակ առաջին՝ փոխի այդ իշխանությանը օրինական ճանապարհով՝ ընտրությունների միջոցով։ Իսկ ի՞նչ անի մարդը, որին իշխանությունները թույլ էլ չեն տալիս իշխանությունը փոխել օրինական ճանապարհով։

Կա նաև երկրորդ տարբերակը՝ ի՞նչ անի մարդը, ում իրավունքները զանգվածաբար խախտվում են իշխանությունների կողմից։ Երկրորդ տարբերակն է՝ մարդը դիմի դատարան և դատարանով փորձի վերականգնել իր իրավունքները։ Ինչպես տեսնում ենք՝ երկրորդ տարբերակն էլ չէր աշխատում․դատական համակարգն անզոր էր, երբ կողմերից մեկն իշխանությունն էր։ Այս պայմաններում ի՞նչ էր մնում մարդուն՝ ընտրությունների միոջոցով իշխանությունը փոխելու, դատարանով իշխանությունների հալածանքներից պաշտպանվելու ճանապարհը փակ էր։

Մարդուն մնում էր երկու տարբերակ՝ համակերպվել, որ ինքը պետք է շարունակի գոյատևել համատարած նվաստացումների պայմաններում, կամ դիմել իրավունքի ինքնապաշտպանության։ Սասնա ծռերն այն տեսակն էին, որ որոշեցին դիմել իրավունքի ինքնապաշտպանության։ Ես կարծում եմ՝ գործը պետք է դիտարկել այս կոնտեքստում։ Իրավիճակն այսպես մոդելավորենք, ենթադրենք Սերժ Սարգսյանը հրաժարական չէր տալիս և որոշում էր մինչև վերջ օրենքում գրված ճանապարհներով պահպանել իր իշխանությունը։ Ոստիկանության Հատուկ նշանակության ստորաբաժանումները հանում էր ժողովրդի դեմ, արտակարգ իրավիճակ էր հայտարարվում և այլն․․․

Հիմա՝ մի կողմից կա այդ պահին ընտրված օրինական վարչապետ, որը օրինական միջոցներ է կիրառում ժողովրդի դեմ, մյուս կողմից՝ կա ժողովուրդ, որը գերակշռող մեծամասնությամբ չի ուզում այդ մարդուն տեսնել այդ պաշտոնում։ Եթե սկսեին ժողովրդի վրա կրակել, ժողովուրդը իրավունք ունե՞ր պատասխան բռնություն գործադրել, թե՞ պիտի գնար տուն ու մի հինգ տարի էլ համակերպվել այս իրավիճակին։ Եթե ժողովրդի 80-90%-ը չի ուզում այդ մարդուն տեսնել երկրի ղեկավարի դիրքում և եթե դա ակնհայտ է, ուրիշ ի՞նչ տարբերակ կա։ Հիմա հարց՝ եթե իշխանությունները որևէ պահի այս նույն իրավիճակում որոշեն ուժ կիրառել, արդյո՞ք ժողովուրդը իրավունք չունի պատասխան ուժ կիրառել։ Ես կարծում եմ իրավունք ունի։ Այդ դեպքում Սասնա ծռերը ինչո՞ւ են սխալ։

Ես իհարկե խորապես ցավակցում եմ զոհվածների ընտանիքներին։ Մի կողմ թողնենք այդ պահը։ Սասնա ծռերի գործողությունը ինչո՞վ էր տարբերվում Թավշյա հեղափոխությունից, միայն մեկ բանով՝ մի դեպքում իշխանությունները որոշեցին ուժ կիրառել, այս դեպքում՝որոշեցին ուժ չկիրառել։ Շարժառիթների տարբերություն չկա, կա ուղղակի մեթոդների տարբերություն։

Հիշում ենք, որ ՊՊԾ գնդում գտնվելիս Ազգային անվտանգության ծառայությունը թերթիկ էր տարածել, որում Սասնա ծռերին կոչ էր արվում զենքը վայր դնել և հանձնվել, հիշեցնելով, որ այդ դեպքում կկիրառվի օրենքի խրախուսական նորմը։ Արդյո՞ք ժամանակը չէ, որ դատարանն այդ խրախուսական նորմերը կիրառի։

Ես էլ եմ կարծում, որ պատանդներ վերցնելու հետ կապված քրեական հետապնդումը պետք է դադարեցնել, որովհետև իրենք միայն այդ մտադրությունից հրաժարվեցին։ Իրականում պատանդ են համարել մարդկանց, ովքեր պատանդի կարգավիճակում չեն եղել, նաև՝ ապստամբելու իրավունքին պետք է նայել ավելի լայն։

Մենք ունենք պետություններ, որտեղ ապստամբելու իրավունքը ճանաչված է, այդ թվում՝ ԱՄՆ-ում։ Ես ձեզ ասեմ, Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում կա արտահայտություն, որից ուղղակի հետևում է, որ մարդն ունի ապստամբելու իրավունք։ Հպարտությամբ եմ ասում, որ իմ ժողովուրդն այնպիսին չէ, որ կհամակերպվի էդ վիճակին երկար ու անընդհատ։ Սա այն ժողովուրդն է, որն ապստամբել է Օսմանյան կայսրության և Խորհրդային միության դեմ։ Բախտավոր են այս իշխանությունները, որ Թավշյա հեղափոխություն եղավ, ոչ թե ուրիշ տեսակի։

Հարցազրույցը վարեց Ռոբերտ Անանյանը

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest