Քիչ առաջ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ավարտվեց երկրորդ նախագահ, սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի և նրա նախկին երեք ենթակաների գործով հերթական դատական նիստը:
Դատավոր Աննա Դանիբեկյանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու պաշտպանական կողմի միջնորդության վերաբերյալ՝ դադարեցնել քրեական հետապնդումը: Այսօր պաշտպանական կողմը շարունակեց ներկայացնել իր փաստարկները: Հիմնական փաստարկը վերաբերում է նրան, որ 2008 թվականին այն հոդվածը, որն առաջադրված է ամբաստանյալներին, գոյություն չի ունեցել:
Մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը որպես հակափաստարկ նշեց, որ ակնհայտ է մեկ բան, որ 2008 թվականին սահմանադրական կարգը տապալելը եղել է հանցագործություն, և դա փաստ է:
Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանն էլ լրագրողների հետ զրույցում հաստատեց, որ Հայաստանի և Արցախի նախկին վարչապետերից մի քանիսը պատրաստվում են անձնական երաշխավորությամբ հանդես գալ, որ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոփոխվի: Նրանց թվում է նաև Կարեն Կարապետյանը:
«Ազատությունը» Լևոն Քոչարյանից հետաքրքրվեց, թե ում կողմից է եղել նախաձեռնությունը: Նա պատասխանեց՝ գործընթացով զբաղվել է երկրորդ նախագահի աջակիցների հանձնախումբը, մասնավորապես Աղվան Վարդանյանը, ինքը մանրամասներին չի տիրապետում: Միայն հավելեց, որ ո՛չ ինքը, ո՛չ իրենց ընտանիքից որևէ մեկն անձնապես չի դիմել որևէ նախկին վարչապետի:
Ըստ Քոչարյանի փաստաբանական թիմի՝ Հայաստանի նախկին վարչապետեր Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանը, ինչպես նաև Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը կներկայացնեն անձնական երաշխավորություն:
Դիտարկմանը, թե երաշխավորների թվում չկա նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի անունը, Լևոն Քոչարյանն արձագանքեց. — «Չեմ կարող ասել, բայց եթե այդպես նայեք ոչ միայն Հովիկ Աբրահամյանի, ուրիշ անուններ էլ կան, որ չկան»:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: