ՀՀ նախագահի աշխատակազմը երեկ երեկոյան ՀՀ վարչապետի աշխատակազմից ստացել է առաջարկություն պաշտոնանկ անել Ռազմական ոստիկանապետ Արթուր Բաղդասարյանին և ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետ Ալեքսան Ալեքսանյանին: Այս մասին հաղորդում են ՀՀ նախագահի նախագահի աշխատակազմի լրատվական ծառայությունից, հավելելով, որ դեռ չի ստորագրվել փաստաթուղթը։
Նշենք, որ նախագահն ունի եռօրյա ժամկետ՝ ստորագրելու համար։
Հիշեցնենք, որ փետրվարի 17-ին վարչապետի մոտ զինված ուժերում մահվան դեպքերի հետ կապված խորհրդակցություն էր տեղի ունեցել. «Կայացվեցին մի շարք կարևոր, այդ թվում՝ կադրային որոշումներ»,- գրել էր Նիկոլ Փաշինյանը:
Նշենք, որ երեկ ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը՝ անդրադառնալով բանակում վերջին օրերին տեղի ունեցած մահվան ելքով միջադեպերին, ինչպես նաև իր հրաժարականի մասին շրջանառվող լուրերին նշել էր, որ չի պատրաստվում հրաժարական տալ, սակայն հավելեց, որ պաշտոնանկություններ լինելու են։
Հիշեցնենք, որ վերջին 1,5 ամսվա ընթացքում՝ 2020թ.-ի հունվարի 1-ից մինչև փետրվարի 16-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ զինված ուժերում և ԱՀ պաշտպանության բանակում գրանցվել է 13 զոհ: Ընդ որում, զոհերը չեն եղել հակառակորդի կրակոցի հետևանքով: Նշենք նաև, որ քրեական գործեր հարուցվել են հիմնականում ինքնասպանության հասցնելու՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 110․1 հոդվածով։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: