2020 թվականի սկզբից բանակում մահվան 13 դեպքերը ցնցել են հանրությանը՝ մայրական կարեկցանքից ու հայրական զայրույթից մինչեւ հիստերիա: Խոսվում է այդ իրավիճակի պատճառների մասին, բայց գրեթե չի խոսվում գլխավոր խնդրի լուծման ուղիների մասին՝ ինչպես կազմակերպել հազարավոր երիտասարդների կյանքը, որ բանակում կարգ ու կանոն լինի, այլ ոչ թե ոչ ֆորմալ օրենքներ ու բարքեր:

Տարբեր ժամանակներում տարբեր երկրներում այդ խնդիրը տարբեր կերպ է լուծվել: Շատ երկրներ, որոնք կարող էին իրենց թույլ տալ, անցել են պայմանագրային բանակի: Իսրայելում որոշել են բանակ զորակոչել կանանց, որոնց դժվար է ներքաշել «տղամարդկանց հիերարխիայի» մեջ ուժեղ-թույլ բաժանմամբ:

Նացիստական Գերմանիայում բանակում կարգապահության հարցերը լուծում էր ֆելդժանդարմերիան, որը տեղում գնդակահարում էր կանոնակարգը խախտողներին: «Վայրի Արեւմուտքում» ամեն ինչ «կոլտն» էր որոշում: Այն վերացնում էր ագրեսիվ սուբյեկտներին, իսկ մյուսներին ստիպում հաշվի նստել միմյանց իրավունքների հետ. «Էյբ Լինքոլնը բոլորին ազատություն տվեց, իսկ Սեմ Կոլտը հավասարեցրեց բոլորի շանսերը»:

Իտալիան, որտեղ մաֆիան մտել է բոլոր անկյունները, ժանդարմերիայից բացի կան կարաբիներներ՝ զինված մարդիկ, որոնք զենք կիրառելու իրավունք ունեն, երբ գործում է ոչ թե օրենքը, այլ մաֆիայի կանոնները:

Հերթական մահացու դեպքից հետո Պաշտպանության նախարարության կայքում հրապարակվել է «Բանակն ուժեղների համար է» գրառում: Իրականում բանակը, որտեղ զորակոչում են բոլորին, չի կարող միայն ուժեղների տեղ լինել: Եթե մոբիլիզացիան համընդհանուր է, բանակում լինելու են թե ուժեղները, թե ոչ այնքան ուժեղները: Մի՞թե բանն ուժն է: Եթե չկա կանոնակարգ, եթե պետությունը մարդուն կանչում է ծառայության եւ երաշխավորում նրա կեցությունը, ապա պետք է երաշխավորի նաեւ բոլորի՝ թե ուժեղների, թե թույլերի կյանքի իրավունքը: Եվ ինչպե՞ս է չափվում ուժը, ո՞վ է բանակում ուժեղ օրերս մահացած Հայկից, որը գերազանցությամբ ավարտել է դպրոցը եւ համալսարանը:

Ի՞նչ անել: Դեռ Նապոլեոնն էր նկատել. «Հնարավոր չէ լավ բանակ ունենալ առանց դրանում ոստիկանական ուժերի»: Քանի դեռ բանակում չլինի համընդհանուր հեղինակություն վայելող անկաշառ ռազմական ոստիկանություն, որին կարող է դիմել յուրանքանչյուրը, բանակում կարգուկանոնը երկրորդական դերում է լինելու:

Հայաստանում ռազմական ոստիկանությունը հենց այդ նպատակով է ստեղծվել: Ռազմական ոստիկանությունը, օրենքին համապատասխան, ապահովում է՝ 1) հետաքննության իրականացումը զինված ուժերում` զինվորական հանցագործությունների վերաբերյալ գործերով, ինչպես նաև այն արարքների վերաբերյալ գործերով, որոնք կատարվել են զորամասի տարածքում կամ վերագրվում են ժամկետային ծառայության զինծառայողներին. 2) զինծառայողների կողմից նախապատրաստվող կամ կատարվող հանցագործությունների նախականխումը, կանխումը և խափանումը: Ռազմական ոստիկանությունը, իր խնդիրներին համապատասխան, աջակցում է զինված ուժերում օրինականության և կարգապահության ամրապնդմանը, զորամասերում ու զինվորական կառավարման մարմիններում անձնակազմի բարոյահոգեբանական վիճակի ուսումնասիրմանը և իրավագիտակցության բարձրացմանը:

Ռազմական ոստիկանությունն իր ամբողջ լիազորություններո՞վ է գործում բանակում: Թե՞ ավելի հեշտ է պայմանավորվել բանակում ոչ ֆորմալ կառույցների հետ, որոնք իրենցով փոխարինում են կանոնակարգը: Ու՞մ կողմից է ռազմական ոստիկանությունը, ուժեղների՞, թե նրանց, ում ուժեղները ճնշում են:

Ռազմական ոստիկանության ծառայողն իր պարտականությունները կատարելիս զենք կիրառելու իրավունք ունի միայն օրենքով նախատեսված դեպքերում:

Եթե ռազմական ոստիկանությանը զենք կիրառելու անսահմանափակ իրավունք տրվի, դա կարող է հանգեցնել բանակում նոր հրեշի ծնվելուն: Բայց ռազմական ոստիկանության անգործությունը սնում է բանակում մեկ այլ հրշեի, որը տարվա սկզբից կլանել է 13 երիտասարդ կյանք:

Քրեական երեւույթների դեմ պայքարն անհրաժեշտություն է, բայց այն չի կարող իրականացվել միայն հայտարարությունների մակարդակում, անհրաժեշտ են լծակներ ու հստակ գործիքներ կյանքի կոչման համար: Ի վերջո, խոսքը հրեշին հաղթելու մասին է, որը հենց այնպես չի հանձնվում: Այն դիմադրելու է:

ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest