Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ, մերժեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների ներկայացրած՝ դատավորին ինքնաբացարկ հայտնելու մասին միջնորդությունը, որը ներկայացվել էր անցած շաբաթ։
Այնուհետև մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը ներկայացրեց բողոք` Մարտի 1-ի գործով բոլոր նյութերը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններին տրամադրելու որոշման դեմ:
«Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը օրինական պատճառաբանված և հիմնավորված չէ: Դատարանը թույլ է տվել դատական սխալ, դատավարական իրավունքի խախտում, որն ազդել է գործի ելքի վրա, ուստի որոշումը ենթակա է ամբողջությամբ բեկանման»,- ասաց Պետրոսյանը:
Մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց՝ պաշտպանական կողմի իրավունքների իրացումն անսահամանփակ չէ, դրանք ու դրանց իրացման մեխանիզմները նախատեսված են օրենքով։
Լրագրողները նկատեցին, թե նախաքննության ընթացքում պատշաճ գաղտնիություն ապահովո՞ւմ է, քանի որ մամուլում գործով անցնող մարդկանց ցուցմունքներ են հրապարակվել։
Նշենք, որ այսօր Վերաքննիչ քրեական դատարանը շարունակեց դատախազության կողմից բերված` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններին «Մարտի 1»-ի մայր գործի ամբողջական նյութերի տրամադրման դեմ բողոքի քննությունը։
Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը նախաքննության ընթացքում միջնորդություն էր ներկայացրել, պահանջելով տրամադրել Մարտի 1-ի մայր գործով բոլոր նյութերը։ Սակայն քննիչը մերժել է: Փաստաբանը բողոք էր ներկայացրել դատարան, և 2019 թ․ նոյեմբերին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արման Հովհաննիսյանի նախագահությամբ, բավարարել էր բողոքը՝ պարտավորեցնելով ՀՔԾ-ին Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններին տրամադրել Մարտի 1-ի մայր գործով բոլոր նյութերը։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: