«2019 թվականն աննախադեպ էր լրագրողների և լրատվամիջոցների ներգրավածությամբ դատական գործերի քանակով: Արձանագրել ենք 96 նոր դատական հայց, որից 89-ը Քաղաքացիական օրենսգրքով նախատեսված վիրավորավանքի և զրպարտության հիմքով էր»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը՝ ներկայացնելով կոմիտեի 2019թ. տարեկան զեկույցը` Հայաստանում խոսքի ազատության վիճակի և լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումների մասին:
Նա նշեց, որ 2019-ին ընդդեմ լրագրողների և լրատվամիջոցների ավելի շատ դատական հայցեր են գրանցվել, քան 2018-ին և 2017-ին իրար հետ վերցրած:
«Սա, իհարկե, մտահոգիչ է, բայց պետք է արձանագրել, որ այս իրավիճակը մեծապես պայմանավորված է նրանով, որ լրատվամիջոցներում շատ հրաարակումներ ուղղակի ողողված են ֆեյք լուրերով, մանիպուլյացիաներով, վիրավորանքով»,- ասաց Ա.Մելիքյանը:
Նրա խոսքով, քաղաքական պայքարը տեղափոխվել է ԶԼՄ-ներ և ատելության մթնոլորտը, մանիպուլյացիները, կեղծ լուրերը, որոնցով ողողոված են հրապարակումները, դատական գործերի հոսքի պատճառ են հանդիսանում:
«Միշտ չէ, որ այդ դատական գործերը բացառապես որպես ճնշում, գործիք են օգտագործվել, կան դեպքեր, երբ իսկապես լրատվամիջոցները զրպարտել են, վիրավորանք է եղել: Դատական գործերի հոսքն արտացոլումն է իրավիճակի»,- ասաց Ա.Մելիքյանը:
Նրա ներկայացմամբ, 2019 թվականին կտրուկ նվազել է ֆիզիկական բռնությունների քանակը. ի տարբերություն 2018 թվականի, երբ արձանագրվել էր 20-ից ավելի ֆիզիկական բռնություն, 2019 թվականին վիճակը մի քիչ հանդարտվել է այս առումով, գրացել է բռնության 4 դեպք:
«Եթե ֆիզիկական բռնությունների քանակը նվազել է, ապա ճնշումների քանակը գրեթե կրկնակի ավելացել է: Դատական հայցերը նույնպես գնահատում ենք որպես ճնշում, ինչով էլ պայմանավորված է, որ այս թիվը կրկնակի աճել է 2018-ի համեմատությամբ»,- ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահը:
Նա նշեց, որ աճել են նաև տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտումները:
«Տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքը գլխավորապես արձանագրում է այն փաստերը, երբ լրագրողները դիմում են պետական ատյաններ և Տեղեկատվության ազատության մասին օրենքին համապատասխան ստանում են հայցվող տեղեկությունները: Խոսքը գնում է հիմնականում պաշտոնական տեղեկատվության մասին: Այստեղ պետք է ասել, որ այն ստորաբաժանումները, որոնք պատասխանատու են կամ մամուլի քարտուղարներն իրենց պարտականությունները լիարժեք չեն կատարում, հաճախ իրենց հույսերը դնում են իրենց ղեկավարների ֆեյսբուքյան լայֆերի վրա կամ այլ շփումների վրա՝ անտեսելով մի կարևոր գործառույթ. լայֆերը շատ լավ բան են, բայց չեն կարող մեկը մյուսով փոխարինվել, իրենք պետք է իրենց պարտականությունները կատարեն, պաշտոնական տեղեկատվությունն իրենց կայքերում թարմացեն, թարմ տեղեկությունները ներկայացնեն հանրությանը, պատասխանեն լրագրողների հարցերին: Միշտ չէ, որ իրենց ղեկավարները բոլոր հարցերի պատասխանները լայֆով տալիս են»,- ասաց Ա. Մելիքյանը:
Հարցին, թե մամուլի ազատության տեսանկյունից ինչպիսի՞նն է ՀՀ վիճակը տարածաշրջանում, ինչպիսի՞նն է լրատվադաշտի վիճակն իշխանափոխությունից առաջ և հետո, նա պատասխանեց, որ տարածաշրջանում Հայաստանը դիրքերը բարելավել է, Իրանի, Թուրքիայի, Ադրբեջանի հետ համեմատության եզրեր չկան:
«Վրաստանի հետ գրեթե նույն մակարդակի խոսքի ազատություն կա, ուղղակի եթե մեզ մոտ, նաև միջազգային կառույցներն են բարելավում նկատում, վրացիների մոտ հետընթաց է գրանցել, բայց, ընդհանուր առմամբ, մոտավորապես մի մակարդակի վրա է գտնվում»,- ասաց Մելիքյանը:
Նրա խոսքով, հեղափոությունից հետո լրատվամիջոցների ազատությունը շատ ավելի բարվոք վիճակում է, քան առաջ:
«Համենայնդեպս, երբեք լրատվամիջոցներն այդքան ազատ չեն եղել իշխանությունների ճնշումներից, ինչ հիմա է: Միաժամանակ պետք է ընդգծել, որ լրատվամիջոցներն ամենևին էլ ազատ չեն այն քաղաքական ուժերի, քաղաքական գործիչների, հայտնի դեմքերի միջամտությունից և ազդեցությունից, որոնք ֆինանսավորում են այդ լրատվամիջոցները: Այս առումով դժվար է խոսել ազատ մամուլի, ազատ լրատվամիջոցների մասին: Իմ գնահատմամբ, չեն ճնշվում, իրենց գործունեությանը չի միջամտում իշխանությունը, բայց նրանք չեն կարողանում գործել որպես ինքնուրույն ինստիտուտ»,- ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահը:
Նա ասաց, որ կոմիտեն 2019 թվականի ընթացքում շարունակել է դիտարկե «Էլեկտրիկ Երևանի» և Սարի թաղի իրադարձություններով քրեական գործերի ընթացքին, ավելի քան 40 լրագրող և օպերատոր տուծաժ են ճանաչվել:
«Մեզ մտահոգում է այն հանգամանքը, որ Հատուկ քննչական ծառայությունը կասեցնում է այդ գործերը, հետո մենք բողոքարկում ենք, գնում է դատական ատյանները, այնտեղից նորից վերադառնում է ՀՔԾ, բայց որևէ առաջընթաց, նոր կասկածյալ, մեղադրյալներ գործում չկան: Սարի թաղի գործի նախաքնությունը վերսկսվել է, «Էլեկտրիկ Երևանի» առումով երկու օր առաջ այդ գործը վերաքննիչ դատարանում կարճվել է այն պատճառաբանությամբ, որ ՀՔԾ-ն վերացրել է իր իսկ որոշումը և վերսկսել է նախաքննությունը»,- տեղեկացրեց Աշոտ Մելիքյանը:
Աղբյուր` Panorama.am
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: