Աշխարհում մարդու իրավունքների կացությանը նվիրված ամենամյա զեկույցում, արևմտյան ամենահեղինակավոր իրավապաշտպան կառույցներից մեկը` Human Rights Watch -ը նշում է, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը ձեռնամուխ է եղել բարեփոխումների հավակնոտ ծրագրի իրագործմանը` այդ թվում կոռուպցիայի դեմ պայքարի, տնտեսական և արդարադատության ոլորտներում։
Զեկույցի հեղինակները մեկ անգամ ևս ընդգծում են, որ 2018-ի դեկտեմբերին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունները, ըստ միջազգային դիտորդների գնահատականի, համապատասխանել են միջազգային չափանիշներին և անցել են իրապես մրցակցային մթնոլորտում:
Դրա հետ մեկտեղ, Human Rights Watch-ի ներկայացուցիչները նշում են, որ մարդու իրավունքների պաշտպանության ասպարեզում խնդիրներ և թերություններ Հայաստանում դեռևս առկա են: Խոսքը մասնավորաբար նախորդ վարչակազմի օրոք կատարված բռնության և իրավապահների կողմից ուժի անհամաչափ կիրառման դեպքերի քննության «սահմանափակ բնույթի մասին է»:
«Հայաստանի ոստիկանությունը առավելապես խաղաղ ցույցերը ցրելու ընթացքում անհամաչափ ուժի կիրառման հարուստ պատմության ունի», — գրում են Human Rights Watch-ի փորձագետները` հիշեցնելով, որ 2008-ի մարտի 1-ին կատարված ցուցարարի սպանության համար 2019-ի հունիսին ոստիկանության բարձրաստիճան մի պաշտոնյայի մեղադրանք էր առաջադրվել:
«Դրա հետ մեկտեղ, 2016 և 2015 թվականներին խաղաղ ցուցարարների և լրագրողների դեմ ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառման դեպքերի քննությունները շարունակում են կասեցված մնալ: Իշխանությունները պնդում են, որ չեն կարողանում բացահայտել բռնության հեղինակների ինքնությունը», — նշում են իրավապաշտպանները:
Հայաստանում մարդու իրավունքների ոլորտում առկա խնդիրների թվում Human Rights Watch-ի փորձագետները նաև մատնանշում են ընտանեկան բռնության դեպքերը և իրավապահների կողմից դրանց ցուցաբերվող արձագանքը:
«Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ 2019 թվականի առաջին կիսամյակում հայաստանցի իրավապահներն ընտանեկան բռնության հետքերով հարուցված 331 քրեական գործ էին հետաքննում, որոնցից 176-ը նորաբաց էին», — նշում են զեկույցի հեղինակները` հավելելով. — «Այս գործերով 209 պաշտոնական մեղադրանք է առաջադրվել, դատարան է հասել ընդամենը 45-ը»:
Human Rights Watch-ը չի շրջանցում նաև սեռական փոքրամասնությունների և նրանց իրավունքները պաշտպանող ակտիվիստների դեմ բռնությունների դեպքերը:
«2019-ի հունվարից օգոստոսն ընկած ժամանակահատվածում Pink Armenia կազմակերպությունը և LGBT համայնքի շահերը պաշտպանող մյուս կառույցները Հայաստանում սեռական կողմնորոշմամբ և գենդերային ինքնությամբ պայմանավորված 17 ֆիզիկական հարձակման դեպք են արձանագրել», — նշում են զեկույցի հեղինակները:
Human Rights Watch-ը Չինաստանը անվանել է 2019-ին մարդու իրավունքները խախտող հիմնական երկիր՝ նշելով իշխանությունների կողմից տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործումը քաղաքացիների նկատմամբ հսկողություն սահմանելու համար:
Ըստ իրավապաշտպան կազմակերպության զեկույցի՝ Ռուսաստանը բացասական դինամիկա է արձանագրել մարդու իրավունքների հետ կապված: Մասնավորապես նշվում են բողոքի խաղաղ ցույցերի ցրումը, խոշտանգումները ազատազրկման վայրերում, լրագրողների, «օտարերկրյա գործակալների», «Եհովայի վկաների», Ղրիմի թաթարների նկատմամբ հետապնդումները:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: