«Ուզում ենք Նիկոլ Փաշինյանն ընդունի մեզ։ Վարչապետը պետք ա իջնի ու ասի, թե քանի օրում կբացահայտվի։ Արդեն 26-րդ օրն ա տեղեկություն չկա»,-Կառավարույթյան դիմաց բողոքի ակցիայի ժամանակ հուզված պահանջում էր Արցախում զոհված զինծառայող Արթուր Աջամյանի պապը՝ Խատիֆ Աջամյանը։
«Միայն վարչապետին ենք ուզում․ Հարկ լինի գիշերը այստեղ կքնեմ, ես պահանջում եմ վաշտի հրամանատարը գա, պատասխան տան՝ ինչո՞ւ է իմ երեխեն սպանվել»,-ասում էր զինծառայողի մայրը,-«Ես իմ բալին եմ ուզում, անմեղ երեխուն սպանում են տալիս ձեռներս»։
Արթուր Աջամյանի հորեղբայրը վրդովված շարունակեց՝ եթե իրենց բավարարող պատասխան չստանան, որոշակի քայլերի կդիմեն․
«Ես խոստանում եմ, որ եթե մեզ բավարարող որևէ պատասխան չտան, ես դին տեղափոխելու եմ այստեղ։ Դիակը հանելու եմ բեերեմ ստեղ, մենակ արդարություն եմ ուզում։ Մեր երեխեն կարար հանգիստ չծառայեր, ինքը 20 տարեկանում թղթերը դասավորեց ու գնաց ծառայելու, որ դիակը բերե՞ք»,-ասաց նա, պարբերաբար դիմելով ոստիկաններին, ովքեր Կառավարության մուտքը փակել էին, պահանջում էր թույլատրել մուտք գործել Կառավարության մասնաշենք և հանդիպել Նիկոլ Փաշինյանին։
Հարազատները պահանջում են բացահայտել, թե ի՞նչ հանգամանքներում
է զոհվել Արթուր Աջամյանը:
Նրանք պնդում են, թե վաշտի հրամանատարն է իրենց երեխային
սպանել։ Այնուհետև հարազատները ցանկացան մտնել Կառավարության շենք, ինչից հետո բախում
տեղի ունեցավ ոստիկանների և հարազատների միջև:
Նրանց հետ հանդիպման եկավ կառավարության ներկայացուցիչը
և ասաց, որ վարչապետը հիմա չի կարող իջնել քանի որ Կառավարության նիստ է: Հարազատները
որոշեցին սպասել վարչապետին և նրանց 10 րոպե ժամանակ տվեցին: «Եթե 10 րոպեից վարչապետը
չգա, մենք փակելու ենք ճանապարհներ, դին ենք բերելու այստեղ»։
Ոստիկաններից մեկը մոտեցավ հարազատներին և ասաց, որ Կառավարության նիստից հետո վարչապետը կիընդունի նրանց․
«Եթե մի ժամից Նիկոլ Փաշինյանը չիջավ, ապա մենք ճանապարհը կփակենք՝ ես կպառկեմ ասֆալտին»,-հայտարարեց հորեղբայրը։
Արթուրի մայրը պատմեց, որ վերջին անգամ դեկտեմբերի 1-ին է խոսել որդու հետ։ Այս անգամ ևս նա չի բողոքել ծառայությունից։ Ասել է, որ ամեն ինչ կարգին է, անհանգստանալու ոչինչ չկա․
«Միշտ ասել է՝ իր հետ ամեն ինչ լավ է, աֆիցերները լավ են իր հետ: Ինչու սպանեցին երեխայիս»,-հարցնում էր մայրը։
Ազգությամբ եզդի Արթուր Աջամյանի հարազատների հիշեցին իրենց ակցիան Ազգային Ժողովի դիաց, որի ժամանակ հանդիպեցին ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հետ, ով էլ նշել էր, որ չնայած հասցեատերն ինքը չէ, սակայն խոստացել էր՝ ամեն ինչ անել, որ բացահայտվի ճշմարտությունը, սակայն մինչ օրս ոչ մի արձագանք։
Հարազատների հետ հանդիպել էր նաև ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, ով էլ հայտարարել էր, որ զբաղվելու է այդ հարցով․
«Ո՞ւր են, խոստացան, որ կբացահայտեն, բայց ո՞ւր են՝ խաբեցի՞ն։ Անդրանիկ Քոչարյանը փափուկ բարձ դրեց գլխիս տակ, իսկ հիմա չի պատասխանում զանգերիս»»,-վրդովված ասաց Արթուր Աջամյանի մայրը։
Զոհված զինծառայող Արթուր Աջամյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Հայարփի Սարգսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ զինծառայողը վնասվածք է ունեցել ճակատային մասում, և գնդակը դուրս է եկել ծոծրակից՝ այսինքն` վերևից ներքև ուղղությամբ: «Այսինքն՝ տրամաբանությունից զուրկ է, որ ինքն իրեն կարող էր կրակել։ Նրան գտել են վիրավոր զինծառայողից 740 մետր հեռավորության վրա՝ փոսի մեջ»,- ասաց նա:
Հայարփի Սարգսյանը նշեց. «Ես այս պահի դրությամբ տեսնում եմ, որ պաշտպանության նախարարը թելադրում է Քննչական կոմիտեին: Նույնիսկ վիրավորի հարազատներին տրամադրել են մահացած զինծառայողի հարազատների դեմ: Ես այս պահին չեմ կարողանում մտնել հոսպիտալ և հարցնել, թե ինչպես է վիրավորը, որովհետև հրաժարվում են պատասխանել»:
Որոշ ժամանակ անց՝ Աջամյանի հարազատներից 4-ը ներս մտան, որպեսզի հանդիպեն Կառավարության ներկայացուցչի հետ։
Զոհված զինծառայող Արթուր Աջամյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Հայարփի Սարգսյանը Քննչական խմբի հետ հանդիպումից հետո ասաց, որ «ըստ էության նոր բան չհայտնեցին»։
Այնուհետև Աջամյանի հարազատները փակեցի Տիգրան Մեծ փողոցը, կոչերով, որ մինչև վարչապետը չիջնի, չեն շարժվի․
«Աղաչում եմ ձեզ՝ սպանողին գտեք, բերեք։ Արյուն էլ թափվի, ես պետք է վարչապետի հետ խոսեմ, պետք լինի էստեղ էլ կպառկեմ»,- փողոցի կենտորում նստելով ասաց մայրը՝ տիկին Գոհարը։
Պապն էլ իր հերթին ասաց․ «Այստեղ կսպասենք մինչև վարչապետը
կգա: Քննիչի հետ մենք ամեն օր էլ հանդիպում ենք: Վարչապետը չկարողացավ նիստը դադարեցնել
մի 15 րոպեով, մենք էստեղ 15 օր կսպասենք մինչև վարչապետը գա»։
Նա նշեց՝ թող գա ներկայանա վարչապետը. «Տղամարդ չե՞ն,
ինձ ի վերջո ասելո՞ւ են, ով է սպանել տղայիս: Եթե չասեն, ես էստեղ բենզին կլցնեմ վրաս,
կվառեմ ինձ, թող երկրորդ զոհի համար պատասխան տան»:
Վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը մոտեցավ փողոցը փակած մահազած զինծառայողի հարազատներին, և խնդրեց բացել այն, ապա նշեց, որ խնդիրն իրեն ներկայացնեն, ինքը Նիկոլ Փաշինյանին կտեղեկացնի՝ օր, ժամ կպայմանավորվեն և հանդիպում կունենան վարչապետի հետ։
Նաիրի Սարգսյանը հետագայում, տեղեկացրեց, որ վարչապետը պատրաստվում էր իջնել և խոսել հարազտների հետ, սակայն քանի որ վերջիններս դիմել էին փողոց փակելու եղանակին, ուստի Նիկոլ Փաշինյանը ետ է դարձել։
Հարազատները վրդովվեցին և հայտարարեցին, որ շուտով նաև գնացքի գիծն էլ կփակեն․
«Ես սաղ գյուղին հավաքել եմ, փողոց եմ փակել, որ Նիկոլը վարչապետ դառնա՝ լայաղ չի անում մեզ ընդոնի»,-վրդովվեց հորեղբայրը։
Որոշ ժամանակ անց վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը նորից իջավ ցուցարարների մոտ, ինչից հետո զոհված զինծառայողի պապը, հորեղբայրը, մայրը և իրավահաջորդի ներկայացուցիչ Հայարփի Սարգսյանը բարձրացան վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ հանդիպման:
Նիկոլ Փաշինյանը հանդիպման ընթացքում վստահեցրեց, որ խնդրին լուծում է տալու և անձամբ հետևելու է գործի ընթացիքն․
«Մենք բավարարված ենք և վստահ ենք, որ հարցին օբյեկտիվ լուծում է տալու»,-ասաց հորեղբայրը, հավելելով, որ Նիկոլ Փաշինյանը խոստացել է գործի նյութերը՝ նախաքննական գաղտնիք չպարոնակող, հարազատներին տալ։
Նշենք, որ այսօր մամուլի ասուլիսի ժամանակ խոսելով եզդի զինծառայողի մահվան հանգամանքների մասին ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանն ասաց․
«Քրեական գործ է հարուցվել, ընթանում է նախաքննություն և որևէ բան ասելուց հիմա ձեռնպահ կմնամ: Մենք ծառայողական քննություն իրականացրել ենք, բայց քանի որ նախաքննություն է ընթանում,նյութերը փոխանցել ենք վարույթ իրականացնող մարմնին։ Սպասենք իրավապահ մարմինների աշխատանքին, որպեսզի հասկանանք սպանությո՞ւն էր, թե՝ ինքնաապանություն»։
Հիշեցնենք, որ 11 ամսվա զինծառայող Արթուր Աջամյանին սպանել են դեկտեմբերի 2-ին՝ իր ծննդյան օրը: Նույն դեռևս չպարզաբանված միջադեպի արդյունքում վիրավորում է ստացել զինծառայող, 1999թ. ծնված Դավիթ Մելիքբեկյանը: Նա Երևանի բնակիչ է: Նա գլխի ծանր վնասվածք ունի և ներկայում վերակենդանացման բաժանմունքում է։
Ազնիվ Սիրադեղյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: