«Դեպք ունեցանք 2018-ին արձանագրված, երբ սեռական կողմնորոշում ունեցող անձին ՔԿՀ-ի աշխատակիցներն անընդհատ ոտքին թուք էին ներարկել և, պարբերաբար վատ վերաբերմունքի ենթարկել նրան։ Մենք հետևեցինք այդ գործի ընթացքին, սակայն, այդպես էլ քրեական գործ չհարուցվեց։ Այսքան տարիների ընթացքում ինքնասպանության որևէ դեպք չի բացահայտվել քրեակատարողական հիմնարկներում»,- ՀՀ Ան քրեակատարողական հիմնարկներում առկա խնդիրների մասին ամփոփիչ քննարկման ժամանակ բարձրաձայնեց ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամ Արա Ղարագյոզյանը։
Դիտորդական խումբն արձանագրել է՝ 2018-2019 թվականների ընթացքում հայաստանյանյան բանտերում չի նվազել ինքնավնասման և մահվան դեպքերը։ Խումբը մտահոգիչ թվեր է հրապարակում՝ ինքնավնասումների 612 դեպք՝ միայն նախորդ տարվա ընթացքում, 18 մահվան դեպք՝ 2019 թվականին, որոնցից երեքը՝ ինքնասպանություն․
«Ինքնավնասումները լինում են տարբեր բնույթի՝ երակներ են կտրում, մեխ են կուլ տալիս, ոտքերն են գամում հատակին և այլն։ Մահվան դեպքեր արձագրվել են առողջական խնդիրների պատճառով, երբ դատապարտյալները մահացել են նույնիսկ քաղաքացիական հիվանդանոցներում»,- նշում է Ղարագյոզյանը։
ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայության շտաբի պետ Ռուբեն Դարբինյանը պարզաբանեց՝ այդ հարցը գտնվում է իրենց ուշադրության կենտրում, սակայն խնդրի առկայությունը պայմանավորված է անվտանգության համակարգում կադրերի սակավությամբ, ինչպես նաև սոցիալ-հոգեբանական ոլորտում՝ հոգեբանների թվի պակասությամբ։
Քննարկման ընթացքում ՀՀ ԱՆ հակակոռուպցիոն և քրեակատարողական քաղաքականության մշակման վարչության պետ Արփի Սարգսյանը տեղեկացրեց, որ առաջիկայում ունենալու են համալիր ծրագիր, որը միտված կլինի ինքնասպանությունների, մահվան դեպքերի, ինքնավնասումների դեպքերի բացահայտմանը և հետագայում նաև կանխարգելմանը:
Դիտորդական խումբը, շարունակելով ներկայացնել առկա խնդիրները, արձանագրեց՝ 2018 և 2019 թվականների համար խնդրահարույց է մնում բուժսպասարկման ոլորտը, թեև այս տարի որոշակի դրական փոփոխություններ արձանագրվել են։ Հունիս ամսից արդեն գործում է ԱՆ «Քրեակատարողական օրակարգի բժշկական կենտրոն» ՊՈԱԿ-ը, որը միտված է ավելի արդյունավետ դարձնելու բժշկական օգնության որակը։
ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Հովհաննիսյանի խոսքով՝ իրենք հասցրել են քրեակատարողական հիմնարկների բուժանձնակազմը համալրել մի շարք առաջատար մասնագետներով․
«Կատարվել են հաստիքների օպտիմալացում և խմբագրում, և այսօր բոլոր քրեակատարողական հիմնարկներում իրականացվում է շուրջօրյա բժշկական ծառայություններ»,- նշում է նա։
Անդրադառնալով քրեակատարողական հիմնարկներում առկա կոռուպցիոն դրսևորումներին, փոխնախարար Սրբուհի Գալյանը նշեց՝ չի կարող ասել, որ կոռուպցիան առհասարակ արմատախիլ է արվել, բայց վստահ է՝ համակարգային բնույթ չի կրում: Որպեսզի կոռուպցիան արմատախիլ արվի, դիտարկում են բանտի աշխատողների աշխատավարձի բարձրացումը։
«Ներկայումս քրեակատարողական ծառայությունում և քրեակատարողական հիմնարկներում համակարգային կոռուպցիայի մասին խոսել չենք կարող։ Այս հարցում կարող են ինձ հետ իմ գործընկերները համաձայնել, չեմ բացառում առանձին անհատների կողմից կոռուպցիոն բնույթի գործարքների իրականացում, կոռուպցիոն երևույթների դրսևորում, բայց նախկինում գոյություն ունեցած կոռումպացված համակարգն այլևս գոյություն չունի։ Քրեակատարողական ծառայության ոլորտի աշխատակիցների աշխատավարձը բարձրացվելու է 30 տոկոսով»։
Թեև Արդարադատության նախարարության ներկայացուցիչներն ասում են, որ անազատության մեջ գտնվողներից ոչ ոք մյուսից առավել չի իրենց համար, բայց դիտորդական խմբի անդամները պնդում են՝ այսպես կոչվող «զոն նայողները» դեռ մնում են իրենց դոմինանտ դիրքում: Դիտորդական խմբի անդամներից Զարուհի Հովհաննիսյանն ասաց՝ հենց նրանք են հաճախ ազդում անազատության մեջ գտնվող անձանց վրա, որպեսզի գիտակրթական ծրագրերից վերջիններս հեռու մնան:
«Քրեական ենթամշակույթին այնքան էլ հարիր չէ թույլ տալ իր ազդեցության տակ գտնվող անձանց մասնակցել այդ միջոցառումներին, և շատ հաճախ, երբ կրթական միջոցառումներ են լինում, ավելի քիչ թվով մարդիկ են ներգրավվում։ Իհարկե, էս 1 տարվա ընթացքում դինամիկան մի փոքր փոխվել է, ցանկությունն ավելացել է, բայց այնուամենայնիվ կա այդ խնդիրը», — նկատեց Հովհաննիսյանը։
Դիտորդական խմբի անդամ Ռոբերտ Ռևազյանն էլ հավելում է՝ անգամ եթե օրենքով պատժելի է դառնում քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելը կամ դրան հարելը՝ հատկապես փակ հաստատություններում, միայն օրենքի ընդումամբ խնդիրը չի լուծվելու.
«Այնպես չէ, որ այդ ենթամշակույթը կարելի է 1 օրում օրենքով փոխել, դա տասնամյակների արմատացած հսկա համակարգ է՝ շատ լուրջ ներուժով, ֆինանսական ռեսուրսներով, մինչև ձենը դուրս չգա, ուրեմն իրական պայքար չի տարվում», — շեշտում է նա։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: