Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ շարունակվում է ցմահ դատապարտյալ Արթուր Մկրտչյանի բողոքի քննությունը։
Դեռևս 2018-ի օգոստոսի 1-ին դատարանը՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ Արթուր Մկրտչյանի գործով աննախադեպ որոշում էր կայացրել՝ ապօրինի ճանաչելով ՔԿՀ ծառայության Տեղաբաշխման հանձնաժողովի այն որոշումը, որով մերժվել էր փոխել ցմահ դատապարտյալի պատժի կրման ռեժիմը՝ փակից դարձնելով կիսափակ:
Դատարանը պարտավորեցրել էր վերոնշյալ ծառայությանը վերականգնել Արթուր Մկրտչյանի խախտված իրավունքները, սակայն, ինչպես Արթուրը դատարանում հայտարարեց՝ դա միայն թղթի վրա է, և ոչ մի էական փոփոխություն չկա։
Դեկտեմբերի 5-ին, վերջին դատական նիստի օրը պետք է ներկայանային գործով տուժողի իրավահաջորդները, սակայն ներկայացել էր միայն նրանցից մեկը՝ Ռաֆիկ Մարտոյանը: Նրա որդին՝ Վարդան Մարտոյանը սպանվել էր այն ողբերգական օրը՝ 23 տարի առաջ։
Դատարանը տուժողի ներկայացուցչից ճշտեց, արդյոք Արթուր Մկրտչյանը քաղաքացիական հայցով նախատեսված տույժը վճարել է և պարտք ու պահանջ չունի, ինչին Ռաֆիկ Մարտոյանն արձագանքեց, որ վճարվել է.«Ես ի՞նչ պարտք ու պահանջ պետք ա ունենամ, չունեմ»։
Դատավոր Արտուշ Գաբրիելյանը տուժողի իրավահաջորդին ներկայացրեց Արթուր Մկրտչյանի պայմանական վաղաժամկետ ազատման մերժման դեմ բողոքը.
«Իմ երեխան չկա, էս մարդն էլ անմեղ մարդ ա՝ 23 տարի նստել ա: Ես բողոք չունեմ»,-հայտարարեց նա։ «Ընդունում եք, որ ձեր որդուն սպանողը Արթուրը չէ՞», հարցը հստակեցրեց դատավորը․ «Արթուրը չէ սպանողը» ևս մեկ անգամ հայտարարեց Մարտոյանը՝ հավելելով,- եթե Արթուրը իմանալով հանդերձ հստակ ասի թե ո՞վ է մարդասպանը, ապա ինքը դեմ չէ Արթուրի պայմանական վաղաժակետ ազատմանը:
Փոքրիկ հարց ու պատասխանից հետո ցմահ դատապարտյալ Արթուր Մկրտչյանն արձագանքեց. «Ես իրոք չգիտեմ՝ ով է»:
«23 տարի է իմ երեխան չկա, ես իրանից ի՞նչ պահանջեմ, ասենք թե 2 տարի էլ նստեց, ես ի՞նչ օգուտ ունեմ»,-դատարանին դիմելով ասաց սպանված զինվորի հայրը, ապա հայացքն ուղղելով Արթուրին ասաց. «Աստված տա՝ ազատվես»:
Դատախազ Զաքարյանը դատարանին միջնորդություն ներկայացրեց, որպեսզի նիստը հետաձգվի և մյուս տուժողներն էլ պատշաճ ծանուցման պարագայում ներկայանան դատարան:
Հաջորդ դատական նիստը կկայանա հունվարի 21-ին։
Հիշեցնենք, որ Արթուր Մկրտյանին 1996թ-ին մեղադրել էին հինգ ծառայակիցների սպանության մեջ, սակայն նա մեղադրանքը չի ընդունել։
Ազնիվ Սիրադեղյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: