Չնայած վերջին շրջանում հաճախ է խոսվում խոշտանգումների դեմ պայքարի, դրանց զոհերի պաշտպանության մասին, պարզվում է, Հայաստանում հատկապես իրավապահների կողմից խոշտանգումները շարունակում են անպատիժ մնալ: Իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում վերջին հարցուպատասխանի ժամանակ զարմանքով արձագանքեց հեղափոխությունից հետո ոստիկանական խոշտանգումների մասին հարցին՝ հակադարձելով. «Հեղափոխությունից հետո Ոստիկանությունում մարդ են խոշտանգե՞լ, ո՞վ, որտեղ, երբ։ Կարելի է ասել չեն խոշտանգում մենակ, նաև ուտում են»։
Այս տարվա ապրիլի 7-ին Նոր Նորքի ոստիկանություն տարված, խոշտանգված և ապրիլի 8-ին «Արմենիա» բժշկական կենտրոնում մահացած 36-ամյա Էդգար Ծատինյանի սպանության գործով 9 ամիս անց էլ որևէ կասկածյալ կամ մեղադրյալ չկա: Այն դեպքում, երբ հայտնի է, թե մահացած քաղաքացին ում հետ է առնչվել թե ոստիկանությունում, թե հիվանդանոցում:
Հիշեցնենք, որ 2 քրգործ է հարուցվել ապրիլի 8-ին «Արմենիա» բժշկական կենտրոնում մահացած 36-ամյա Էդգար Ծատինյանի դեպքով, որը հարազատների պնդմամբ, մահացել է ոստիկանության բաժանմունքում դաժանորեն ծեծվելու, ահաբեկվելու, այնուհետև սպառնալիքի պատճառով վտանգավոր թմրանյութ կուլ տալու ու բժիշկների անտարբերության պատճառով:
Ապրիլի 15-ին ՀՔԾ-ում հարուցվել է՝ ոստիկանների կողմից խոշտանգման հիմքով քրգործ (ՀՀ քրեական օրենսգրքի 309․1 հոդվածի 2-րդ մասի 4-րդ և 7-րդ կետեր): Ավելի ուշ Քրօրի 130 հոդվածի 2-րդ մասով ՀՀ Քննչական կոմիտեում քրգործ հարուցվեց նաև բժիշկների կողմից ոչ պատշաճ բուժօգնություն տրամադրելու հոդվածով:
Դեպքից 8 ամիս անց, նախօրեին ՀՔԾ-ն Նոր Նորքի ոստիկանության տեսախցիկների փորձաքննություն է կատարել և պարզել է, որ ոչ մի ձայնագրություն էլ չկա, ոստիկանության տեսախցիկների ձայնագրությունը չի պահպանվել: Ասել է թե՝ գործի համար նման կարևոր հանգամանքը, որով պարզ կդառնար, թե ովքեր և ինչ հանգամանքներում են մասնակցել քաղաքացի Էդգար Ծատինյանին մահվան հասցնելուն, 8-9 ամիս նախաքննությանը չի հետաքրքրել: Սա ևս փաստում է, որ նախաքննական մարմինը նպատակադրված չէ եղել թարմ հետքերով բացահայտել գործը:
Էդգար Ծատինյանի իրավահաջորդի շահերի պաշտպան Արայիկ Զալյանը, որը միջնորդել էր առգրավվել տեսախցիկները և դրանք ուղարկել փորձաքննության, Forrighs.am-ի հետ զրույցում տարակուսանք հայտնեց. «Փորձագետի բացատրությունից էն հասկացանք, որ տեսախցիկը հիշողության քարտ չունի: Ինձ համար տարօրինակ է, որ պետբյուջեի հաշվին ոստիկանությանը՝ կոնկրետ Նոր Նորքի բաժնին հատկացրել են տեսախցիկներ, որ ընդամենը մի պետ իր կաբինետում օնլայն տեսնի միջանցքներում ինչ է կատարվում ու վե՞րջ: Նպատակը պիտի լիներ՝ ոստիկանությունում կատարվածը ձայնագրել ու պահպանել որոշ ժամանակ, քանի որ դրանք շատ կարևոր ապացույցներ կարող են լինել»: Որոշ տեղեկություններով՝ ոստիկանության տեսախցիկների ինֆորմացին մեկ օր պահպանվում է:
Նախօրեին ստացվել են նաև Ծատինյանի հագուստների փորձաքննության արդյունքները, որոնցով հագուստների պատռվածքները կարող էին առաջանալ քաշքշելու հետևանքով: Ըստ փորձագետի՝ հագուստի վրա կան նաև շփման հետքեր, որոնք կարող են նաև գետնի հետ փոխազդեցության հետևանք լինել: Ասել է թե՝ Էդգարին հնարավոր է՝ քարշ են տվել գետնին:
ՀՔԾ-ից մեր հարցմանն ի պատասխան փոխանցեցին, որ Ծատինյանի մահվան գործով մեղադրյալ-կասկածյալ չկա, այս պահին քննությունը շարունակվում է. «Քրգործի շրջանակում նշանակվել են քննչական ու այլ գործողություններ, նշանակվել են փորձաքննություններ՝ դատաբժշկական, դատահետքաբանական, դատակենսաբանական: Փորձաքննություններով էլ պայմանավորված է նախաքննության ժամկետների երկարաձգումը»:
Քննչական կոմիտեից, որտեղ քննվում է բժիշկների մասով գործը, ասացին, որ քրգործը դեռ փորձաքննության փուլում է, դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննություն է նշանակված: Նույն պատասխանը ՔԿ-ից ստացել էինք նաև օգոստոսին:
Մահացած քաղաքացու փաստաբանը «շատ վատ» է գնահատում գործի քննությունը:
«Որևիցե արդյունավետություն չկա կյանքի իրավունքի հետ կապված տարվող գործի շրջանակում և խոշտանգումների հետ կապված արվող գործի շրջանակում արդյունավետություն չկա»,-ասաց նա՝ հավելելով, թե գործը կոծկելու միտում է տեսնում: «ԹԵ ՀՔԾ-ում, թե ՔԿ-ում գրեթե ոչինչ չի արվում գործը բացահայտելու համար: ՔԿ-ում բժիշկների գործով նշանակված է մի փորձաքննություն, և նույնիսկ բժիշկներին չեն հարցաքննել: Միանշանակ տեսնում եմ կոծկելու միտում», -նշեց նա՝ հավելելով. «Այդ փորձաքննությունները պետք է կատարվեին շատ արագ: Փաստ ունենք, որ մարդուն ոստիկանության բաժին բերման են ենթարկել ողջ-առողջ, հետո էդ մարդը տեղափոխվել է հիվանդանոց ու ընտանիքի անդամներին տվել են էդ մարդու դին»:
Այժմ տուժող կողմը պատրաստվում է Եվրոպական դատարան գանգատ ներկայացնել՝ հիմնավորելով, որ պետության կողմից տարվող քննությունն արդյունավետ չէ: «Քանի որ երկու գործով էլ արդյունավետ քննություն չկա»,-հավելեց փաստաբանը:
Էդգարի մայրը նույնպես կարծում է, որ քննչական մարմինները կոծկում են տղայի սպանության գործը՝ քանի որ դա ոստիկաններին ու բժիշկներին է վերաբերվում: «Բոլոր փաստերը կան, անուն-ազգանուններով բոլորը կան, բայց կասկածյալ չկա, դատախազից, միլպետից բռնած կոծկում են: Սա խայտառակություն է, խայտառակ ձևով կոծկում են իմ տղայի սպանության գործը»,-մեզ հետ զրույցում դժգոհեց մահացածի մայրը՝ հավելելով. «Փաստորեն, իմ տղային իրավունք չեն ունեցել տանելու բաժին, գողացել, տարել ու սպանել են իմ տղային»:
Ի դեպ, քրեական գործերով անկախ փորձագետ Ռուբեն Մարտիրոսյանը ժամանակ առաջ ուսումնասիրելով Էդգարի դատաբժշկական եզրակացությունը՝ եզրահանգել էր, որ դիակի դատաբժշկական փորձաքննությունը փաստում է, որ երիտասարդը ոստիկանների ու բժիշկների գործողությունների զոհ է դարձել:
«Խոսքը սպանության մասին է, որին մասնակցել են ինչպես ոստիկանները, այնպես էլ բժիշկները»,- դատաբժշկական փորձաքննության առթիվ Forrights.am-ին ասել էր փորձագետը՝ շարունակելով. «Դատաբժշկական եզրակացությունը ստանալուց հետո պարտավոր էին մեղադրանք ներկայացնել»:
Մահացածի մայրը՝ Լարիսա Եփարյանը ավելի վաղ մեզ պատմել էր, որ տղային ոստիկանությունում խոշտանգել են՝ փորձելով հարևանի դեմ ծեր կնոջ սպանության գործով ցուցմունք կորզել: Մոր խոսքով՝ ծեծված վիճակում ոստիկանները փորձել են Էդգարի գրպանը «Կրիստալ» թմրանյութ գցել՝ ստիպելու, որ գրի իրենց ուզած ցուցունքը, իսկ վերջինս ընդդիմացել է, բայց քանի որ նախկինում դատվածություն է ունեցել, վախեցել է, որ կնստեցնեն, կուլ է տվել թմրանյութը:
Դեպքից հետո ոստիկանները նրան տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոց: Մոր խոսքով՝ այնտեղ հրաժարվել են ընդունել, բուժօգնություն չեն ցուցաբերել: Այնտեղից տեղափոխել են «Արմենիա» ԲԿ: Այդտեղ էլ ոստիկանությունից տարված Էդգարը անուշադրության էր մատնվել, ըստ ծնողի, ու մահացել:
Մարինե Խառատյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: