Հայաստանի և Արցախի միջև զանգերն իրականացվում են ռոմինգ ծառայության միջոցով, մեկ րոպե խոսելու համար վճարելով 45 դրամ:
Զինվորի հեռախոս լիցքավորելը մեծ գումարներ է տանում ընտանեկան բյուջեից: Ըստ
Forrights.am-ի հարցման արդյունքների, միջին եկամուտ ունեցող ընտանիքները զինծառայող զավակի հետ բջջային հեռախոսով խոսելու համար ամսական ծախսում են միջինը 10 հազար դրամ:
Այս խնդրին Forrights.am-ը անդրադարձել էր «Արցախի բջջային օպերատորները թալանում են հայաստանցի զինծառայողների ընտանիքներին» վերնագրով հոդվածում:
Մեր հրապարակմանը կոշտ արձագանքել է «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերությունը, մեզ մեղադրելով պրոֆեսիոնալիզմի բացակայության ու սուտ տեղեկություններ տարածելու համար: Ընկերությունն այս , որը նույն «ՎիվաՍել» ապրանքանիշի տերն է, սովորաբար հերքում է իր առնչությունը «ՎիվաՍել» ընկերության հետ, ինչը արել է նաև մեր հրապարակման վերաբերյալ տարածած պարզաբանմամբ: Ընկերությունը նաև հայտնում է, որ զինծառայողների համար գործում է «Հզոր Բանակ» փաթեթը, որտեղ ՀՀ և Արցախ զանգերի համար սահմանված է մոտ 11դր/ր հատուկ սակագին:
Իրականում այս փաթեթի մասին ոչ միայն մենք, այլ որևէ զինծառայող տեղյակ չէ: Այս ծառայությունը պարզապես բլեֆ է:
Արցախում մի ամբողջ շարժում է ձևավորվել «Ալօ» /«Աշխարհի լավագույն օպերատոր»/, որը պայքարում է ընդդեմ «Ղարաբաղ-Տելեկոմ» ընկերության թալանի: Այս խմբին բազմաթիվ արցախցիներ են դիմում և իրենց դժգոհությունն են հայտնում կապի ու ինտերնետ ծառայությունների որակի, գների կապակցությամբ: Խումբը ունի նաև ֆեյսբուքյան էջ, որտեղ կարելի է գտնել արցախցիների հազարավոր մեկնաբանություններ կապի օպերատորի վատ աշխատանքի վերաբերյալ:
Խմբի համակարգող Մհեր Պողոսյանը կապ հաստատեց Forrights.am-ի հետ և մեզ տրամադրեց տեսանյութեր, որոնցում մարդիկ դժգոհություններ են հայտնում «Ղարաբաղ Տելեկոմից»:
Այսպես, տեսանյութերից մեկում զինծառայողը խոսում է այն մասին, որ Արցախում ծառայող զինվորները մի քանի անգամ շատ են վճարում բջջային կապի համար, քան նրանք, ովքեր ծառայում են Հայաստանի զորամասերում /կից ներկայացվում է/:
Ստեփանակերտում բնակվող ուսուցչուհին, օրինակ, ասում է, որ այն շենքում, որտեղ ինքը բնակվում է՝ Մաշտոցի 4 հասցեում, իրեն չեն տրամադրում ինտերնետ ծառայություն, ասելով, որ «տեղ չկա», արդյունքում նա չի կարողանում համացանց մտնել և կատարել իր աշխատանքային պարտականությունները, օրինակ, տեղեկացնել երեխաների ծնողներին, թե ինչ հանձնարարություններ է տվել աշակերտներին:
Մեկ այլ տեսանյութում «Ղ-Տելեկոմի» նախկին աշխատակիցը պատմում է, որ իրեն ազատել են աշխատանքից միայն այն բանի համար, որ չի խաբել հաճախորդին ու պարզ բացատրել է, որ մալուխային ինտերնետ-կապը ավելի էժան է ու որակով:
Մեկ այլ տեսանյութում Կարմիր Շուկա համայնքի բնակիչներն են բողոքում, որ «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերությունը պարտադրում է մարդկանց ամսական 3000 դրամի լիցքավորում կատարել, և եթե նրանք չլիցքավորեն քարտը, ապա համարը անջատում են, կամ, ինչպես Երևանում են ասում ՝ քարտը «վառվում» է:
«Մենք` ԱԼՕ նախաձեռնող խմբի անդամներս, մտահոգ ենք Արցախի կապի ոլորտում տիրող իրավիճակով, մատուցվող ծառայությունների որակով և սակագներով, ինչպես նաև այն հանգամանքով, որ 2002թ-ից «Ղարաբաղ -Տելեկոմ» ընկերությունը գործունեություն սկսելով մեր հանրապետությունում չհիմնավորված գնային քաղաքականություն է վարել տարիներ շարունակ, ինչը պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից անտեսվել է: Քաղաքացիներին մատակարարելով ոչ պատշաճ և անորակ կապ, ՂՏ ՓԲԸ-ը` ստացել է գերշահույթներ՝ դիմելով տարբեր տեսակի մեքենայությունների:
Վերլուծելով նախորդ տարիների փորձը մենք նախաձեռնել ենք շարժում, որը պայքարում է կապի ոլորտում մենաշնորհի վերացման, մրցակցության պայմանների ստեղծման համար, կապի և համացանցի որակի բարելավման և սակագների իջեցման ուղղությամբ: Նաև նպատակ ունենք ստեղծել հանրային վերահսկողության մեխանիզմներ կապի որակը բարձրացնելու վերաբերյալ: Մարդիկ մեզ հրավիրում են գյուղեր, համայնքներ են հրավիրում, որ գնանք լուսաբանենք, լսենք իրենց: Նրանք չգիտեն, թե ինչ անեն», — ասում է Մհեր Պողոսյանը:
«Ալօ» նախաձեռնութունը ստորագրահավաք է կազմակերպել «բջջային» թալանը դադարեցնելու պահանջով:
«Հազարավոր մարդիկ իրենց դժգոհորթյորններն են հայտնում, պաստառներն են կպցնում իրենց խանութներին, ավտոմեքենաների վրա, ուրիշ էլ ո՞նց արտահայտվեն», — հարցնում է Մհեր Պողոսյանը: Նրա ղեկավարած «Ալօ» խումբը պահանջում է, որ զինծառայողների համար կապի ծառայությունն անվճար լինի: Հարցին, թե արդյոք նա հանդիպել է «ՎիվաՍել»-ի տնօրեն Ռալֆ Յիրիկյանի և «Ղարաբաղ Տելեկոմի» գլխավոր տնօրեն Գարեգին Օդաբաշյանի հետ, նա պատասխանեց. «Մենք ոչ մեկի հետ էլ ցանկություն չունենք շփվելու, մենք պահանջում ենք արդարացի գին և որակյալ կապ»:
Մհեր Պողոսյանը արցախցիներից շատերի նման չի հավատում կապի ոլորտում մենաշնորհը վերացնելու մասին կառավարական խոստումներին, դրանք համարելով նախընտրական հնարքներ: Նա հիշեցնում է, որ դեռ 2018 թվականին հայտարարում էին, որ «Ղարաբաղ Տելեկոմ»-ի մենաշնորհը վերացվում է, և Հայաստանի օպերատորներին հրավիրել են Արցախ: Սակայն խոստումները չիրականացան:
Սյուզան Սիմոնյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: