Օրերս Արցախի ՊԲ Մատաղիսի զորամասի Թալիշի գումարտակում հրամանատար է փոխվել: Փոփոխության պատճառը սեպտեմբերի 28-ին Թալիշի գումարտակում տեղի ունեցած ժամկետային զինծառայող Արման Լևոնյանի սպանությունն էր: Ժամկետային զինծառայող, Օհանավան գյուղի բնակիչ, 20 տարեկան Արման Լևոնյանը Մատաղիսի զորամասում տեղի ունեցած հերթական զարհուրելի հանցագործության զոհն է:
Նրան հայտնաբերել էին կրծքավանդակի շրջանում հրազենային վերքով: Դատաբժշկական փորձաքննությունը ցույց է տվել, որ տղային սպանելուց առաջ բռնությնան են ենթարկվել:
Արման Լևոնյանի Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով` «Սպանություն»: Կալանավորված են երկու անձ: Կրակոցը արձակված է եղել կրծքավանդակի շրջանում և ուղղված է եղել վերևից ներքև, բացառել է այդ վարկածը:
Ահա այս դեպքից հետո Արցախի ՊԲ-ում հավանաբար, որոշել են իջեցնել Թալիշի «կամբատ» Վազգեն Նիկողոսյանի պաշտոնը, նրան նշանակել են հրամանատարի տեղակալ, իսկ գումարտակի հրամանատարի պաշտոնում նշանակվել է Մատաղիսի ուսումնական գումարտակի հրամանատարի թիկունքի գծով տեղակալ, մայոր Ալբերտ Խաչատրյանը:
Թալիշի զորամասում այս նշանակումը զարմացրել և զայրացրել է շատերին: Բանն այն է, որ Ալբերտ Խաչատրյանը դատվածություն ունի: Այս պահին նա պայմանական ազատազրկման է դատապարտված և նյութական վնասի փոխհատուցում է իրականացնում: «Դատավճռով ամեն աշխատավարձից փող են պահում, որպես վնասի փոխհատուցում», — ասում է զորամասի ծառայողներից մեկը:
Բացի այդ, մայոր Ալբերտ Խաչատրյանին որպես ուսումնական գումարտակի զորամասի տեղակալ, մեղադրանք է առաջադրվել զինծառայողին ծեծի ենթարկելու գործով: Այս պահին ծեծի դեպքրով նախաքննություն է իրականացվում:
Ալբերտ Խաչատրյանը մեկն է եղել այն 4 սպաներից, որոնք այս տարվա փետրվարին գետնին են գցել շարքային զինծառայող Ա․ Խ-ին և ոտքերով ծեծի են ենթարկել նրան։
Forrights.am-ին դատախազությունից հայտնել էին, որ և շարքային Ա.Խ-ն, և 4 սպաները՝ Էրիկ Խամփերյանը, Գառնիկ Խաչատրյանը, Հարություն Մինասյանը և Ալբերտ Խաչատրյանը, այս գործով ունեն մեղադրյալի կարգավիճակ:
Այս արտառոց ինքնադատաստանը սպաները, ըստ գործի նյութերի, իրականացրել էին այն բանից հետո, երբ ուսումնական գումարտակի շտաբի պետ Էրիկ Խամփերյանը բռնացրել էր շարքայինին ծխելուց:
Մեր տեղեկություններով, Ա.Խ-ն չի հրաժարվում իր ցուցմունքներից, իսկ օրեր առաջ այս գործով հայտնվել է վկա՝ մարդ, որը տեսել է, թե ինչպես ես սպաները, և նրանց թվում ՝ Ալբերտ Խաչատրյանը, ծեծում զինծառայողին:
Փաստորեն, զինծառայող Արման Լևոնյանի սպանությունը կադրային փոփոխության առիթ է դարձել: Հավանաբար, Արցախի ՊԲ-ում ինչ-ինչ եզրակացություններ են արել այս դեպքից հետո: Սակայն անհասկանալի է, թե ինչ տրամաբանությամբ են առաջնորդվում գումարտակի հրամանատար դարձնելով մի անձնավորության, որը հայտնի զինվոր ծեծող է: Ինչպես՞ պետք է նման անձնավորությունը բարելավի գումարտակում տիրող հանցածին մթնոլորտը:
«Զինված ուժերում շատ են հրամանատարները, որոնք գոնե մեկ անգամ դատվել են զինվորի պատճառով: Դա չի նշանակում, որ նրանք վատ սպաներ են», — մեկնաբանում է ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Սյուզան Սիմոնյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: