2019 թվականի սեպտեմբերի 19-ին Քրեակատարողական ծառայությունը ցմահ դատապարտյալ Նաիրի Հունանյանին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ ներկայացրել է բացասական զեկույց: 2019 թվականի հոկտեմբերի 23-ին Պրոբացիայի ծառայությունը ևս ներկայացրել է բացասական զեկույց:
Հաշվի առնելով 2 ծառայությունների ներկայացրած զեկույցների բացասական լինելու հանգամանքը՝ քրեակատարողական հիմնարկի վարչակազմը 2019 թվականի հոկտեմբերի 28-ին ընդունել է Ն. Հունանյանի՝ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցը դատարան չներկայացնելու մասին որոշում: Այն կարող է բողոքարկվել առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան որոշումն ստանալուց հետո՝ տասնօրյա ժամկետում:
*Ծանուցում. Քրեակատարողական հիմնարկի վարչակազմի որոշումը չբողոքարկելու դեպքում հարցը կարող է կրկին քննարկվել համապատասխան որոշման ընդունումից հետո՝ մեկուկես տարի անց, եթե դատապարտյալը նշված ժամկետը լրանալուց ոչ շուտ, քան 40 օր առաջ ներկայացնի դիմում: Քրեակատարողական հիմնարկի վարչակազմի որոշումը բողոքարկելու դեպքում, եթե դատարանը մերժի պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատումը, հարցը կարող է կրկին քննարկվել վերջնական դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք տարի անց, եթե դատապարտյալը նշված ժամկետը լրանալուց ոչ շուտ, քան 40 օր առաջ ներկայացնի դիմում:
Ավելի վաղ Forrights-ը հրապարակում էր կատարել, որտեղ խոսել էր Անահիտ Բախշյանի՝ 1999 թվականի, հոկտեմբերի 27-ին, Հայաստանի խորհրդարանում տեղի ունեցած ահաբեկչության զոհ դարձած խորհրդարանի փոխխոսնակ Յուրի Բախշյանի կինոջ հետ․
«Ես դեմ եմ և ամեն ինչ կանեմ, որ վաղաժամկետի ինստիտուտը չտարածվի իր վրա, քանի դեռ ՀՀ-ում Արդարադատություն չկա»,-ասել էր նա։
Ազնիվ Սիրադեղյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: