Հոկտեմբերի 11-ին Վանաձորի դատարանը վերջապես սկսեց հարցաքննել Կամո Փիրուզյանի սպանության աղմկահարույց գործով առանցքայիn վկային՝ Արթուր Մնացականանին: Արթուր Մնացականյանը Ալավերդու հեղինակություն Վահագն Աբգարյանի դեմ ցուցմունքներ էր գրել, պատմելով քննչական մարմնին, որ Աբգարյանն է նախապատրաստել Կամո Փիրուզյանի սպանությունը:
Վերջին դատական նիստի ժամանակ սպանության գործով գլխավոր վկա Մնացականյանը, փաստորեն, հրաժարվեց իր նախաքննական ցուցմունքներից, պնդելով, որ դրանք տվել է Քննչական կոմիտեի նախագահի նախկին տեղակալ, հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ Վահագն Հարությունյանի ճնշումների ներքո: Վերջինս Մարտի 1-ի գործով մեղադրյալ է և գտնվում է հետախուզման մեջ:
Կամո Փիրուզյանը Ալավերդի քաղաքի բնակիչ է եղել, գործազուրկ, կրկնակի դատված թմրամիջոցների պատրաստման համար: Նրա սպանությունը 2017 թվականի հունիսի 13-ին՝ Ալավերդու «Կատա» սուպերմարկետի մոտ և ամիսներ առաջ սկսված դատավարությունը մեծ հետաքրքրություն են առաջացնում Լոռիում և Հայաստանով մեկ, քանի որ առնչվում են Ալավերդու հայտնի հեղինակություն Վահագն Աբգարյանին և ընկալվում է այդ քաղաքը վերջին մի քանի տարիներին ցնցող արյան վրեժի շղթայի մի օղակը:
Կամո Փիրուզյանի եղբայրը՝ Վարդան Փիրուզյանը, որը մինչ օրս հետախուզման մեջ է, մեղադրվում է 2016թ.-ի մայիսի 19-ին Աբգարյանի թիկնապահներին՝ Վարդան Ավագյանին և Երևան քաղաքի բնակիչ Էդուարդ Պողոսյանին սպանելու համար: Աբգարյանը այժմ ամբաստանյալի աթոռին է և մեղադրվում է Կամո Փիրուզյանի սպանությունը իր սանիկին՝ Վլադ Դավթյանին պատվիրելու և քննչական կոմիտեի աշխատակիցներին գործ կոծկելոը համար կաշառք տալու համար:
Արթուր Մնացականյանի հարցաքննությունը Վանաձորի դատարանում անցավ լարված մթնոլորտում: Լոռու ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սուսաննա Գզոգյանին ոչ մի կերպ չէր հաջողվում փոխել իր իսկ հաստատած ապացույցների հետազոտման կարգը և սկսել վկայի հարցաքննությունը:
Հիշեցնենք, Մնացականյանը նախորդ նիստին
հայտարարել էր, որ կարճ ժաանակով է Հայաստանում և խնդրել էր իրեն լսել արտահերթ, իսկ նրա ներկայացուցիչ Մարինա Պողոսյանը հայտարարել էր, որ նրա կյանքին վտանգ է սպառնում:
Հոկտեմբերի 11-ի նիստը անցնում էր ձգձգումներով, կրքերը շիկանում էին, իրավիճակը դառնում էր անկառավարելի: Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչներն առարկում էին վկայի հարցաքննությանն անցնելու որոշման դեմ, քանի որ հարցեր կարող էին տրվել դեռևս չհետազոտված ապացույցների վերաբերյալ։
Սակայն դատարանը չէր ընդունում առարկությունները:
Տուժողի փաստաբանները երկու անգամ դատավորից ինքանաբացարկ պահանջեցին: Կամո Փիրուզյանի այրին՝ Հռիփսիմե Քոչինյանը, հայտարարություններ արեց, որոնք վերածվում էին անըմբռնելի գոռոցների: Նա դատարանի ու մյուս կողմի հասցեին վիրավորական արտահայտություններ էր անում «ոչխար», «անասուններ» ասելով, իսկ երբ դատավորը որոշում ընդունեց նրան հեռացնել դահլիճից, չէր ենթարկվում կարգադրիչներին:
Վերջապես կարգադրիչներին հաջողվեց դուրս բելեր կնոջը և դատարանը լսեց Արթուր Մնացականյանի ցուցմունքները: Նիստը տևեց մինչև 21.30:
Արթուր Մնացականյանը՝ Արկոն, Վահագն Աբգարյանի մանկության ընկերն է եղել, իսկ «հասուն կյանքում» ալավերդցի հեղինակության աջ ձեռքը, նրան պատկանող հյուրանոցի ու դեղատան տնօրենը, որին Աբգարյանը անվերապահորեն վստահել է:
Մնացականյանը դատարանում հայտնեց, որ Աբգարյանի դեմ ցուցմունքներ է տվել, քանի որ քննիչներն իրեն ահակեբել են, խոստանալով, որ հակառակ դեպքում ինքը կդատապարտվի ցմահ ազատազրկման:
«Նա հայտարարեց, որ ամեն ինչ սուտ է ասել: Ասաց, որ զրպարտել է իր ընկերոջը իր ազատության մեջ մնալու համար: Նրա վրա նույն հոդվածները կարող էին դնել, ինչ դրված են եղել Վահագն Աբգարյանի վրա», — հայտնեց Forrights.am-ին Վահագն Աբգարյանի փաստաբան Ինեսսա Պետրոսյանը:
Արթուր Մնացականյանը դատարանին հայտնել է, որ քննիչները բերել են հարցաքննության իր հորը, որը սրտի հիվանդ է:
«Հորը տարել են հարցաքննության և Արթուրին հոգեբանական ճնշման տակ են պահել, ու իրոք, հայրը դուրս է եկել այնտեղից ու մահացել է», — ասում է Պետրոսյանը:
Նա նաև անդրադարձավ վերջին դատական նիստի արտառոց ընթացքին: «Մյուս կողմը ամեն ինչ անում էր, որ վկան ցուցմունք չտա: 3,5 ժամ տևեց նրա հարցաքննությունը: Այնուհետև որոշվեց հրապարակել իր նախաքննական ցուցմունքները, և քանի որ դրանք ծավալուն էին, դատարանը հետաձգեց նիստը մինչև հոկտեմբերի 23»:
«Ես քուն ու հանգիտս չունեմ, մարդկանց զրպարտել եմ, գիշերները քնել չեմ կարողանում», — ասել է Արկոն դատարանում:
Հիշեցնենք, նա քննիչներին պատմել էր, ինքը Վահագն Աբգարյանի հանձնարարությամբ Վլադիմիր Դավթյանին սովորեցրել կրակել, կազմակերպել է նրան զենքի փոխանցումն ու բուն սպանությունը:
Վլադ Դավթյանը և նախաքննության մարմնին, և դատարանին բազմիցս հայտարարել է, որ գործել է ինքնուրույն, քանի որ Փիրուզյանի հետ լարված հարաբերություններ է ունեցել և վերջինս սպառնացել է, որ կսպանի իրեն:
Սյուզան Սիմոնյան
Լուսանկարում՝ վկա Արթուր Մնացականյանը և Վահագն Աբգարյանը
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: