Ամեն ինչ կարվի, որպեսզի զինվորների ճաշացանկում միայն թարմ ու համեղ ուտելիք լինի։ Բանակի սննդակարգում փոփոխություններ են սպասվում: Այս խոստումները արդեն մի քանի ամիս է, լսվում են կառավարական ատյաններում: Վարչապետ Փաշինյանն ու պաշտպանության նախարար Տոնոյանն էլ տեսախցիկների առաջ ցուցադրական ճաշեր են կազմակերպում, զինվորների հետ նույն սեղանների շուրջ:
Սակայն զինծառայողները, որոնք նոր են զորացրվել բանակից, նրանց ծնողները, որոնց հետ Forrights.am-ը հաճախ շփվում է, հակառակն են փաստում՝ որ սննդի որակը չի փոխվել, կամ էլ փոխվել է, բայց մի քանի առանձին վերցված զորամասերում, և ընդհանուր առմամբ ժամկետային զինծառայողներին մատուցվող սնունդը դեռ հեռու է կատարելությունից:
Ֆինանսների նախարարության գնումների պաշտոնական կայքէջում հրապարակած տվյալները փաստում են, որ 2019 թվականին սննդի մատակարարումների գծով պայմանագրերը թերի են կատարվել, և պաշտպանության նախարարությունը միակողմանիորեն պայմանագրեր է խզել մրցույթներում հաղթած գործարարների հետ:
Սեպտեմբերին ֆինանսների նախարարությունը հայտնաբերել է, որ բանակի մատակարարներից մի քանիսը թերի են կատարել իրենց պարտավորությունները: ՀՀ պաշտպանության նախարարությունը միակողմանիորեն բանակի մատակարարների հետ 4 պայմանագիր է լուծել:
Պատճառը՝ ընկերությունների մատուցած անորակ ծառայություններն են:
Այսպես, ապրիլին ՊՆ-ն մասնակիորեն վերացրեց պայմանավորվածությունները Երևանում գրանցված «Էրիզ» ՍՊԸ-ի հետ, որը ամառային ամիսներին պետք է մոտ 108 հազար կիլոգրամ վաղահաս կարտոֆիլ ու մոտ 11 հազար կիլոգրամ գազար մատակարարեր, սակայն չի կարողացել ապահովել պահանջված քանակը և մատակարարել է համապատասխանաբար 61 հազար ու 7300 կգ բանջարեղեն:
Որպես տուգանք այս ընկերությունը պետք է վճարի մոտ 3,5 մլն դրամ՝ պայմանագրի ընդհանուր գումարի 10 տոկոսը:
Գեղարքունիքի մարզից անհատ ձեռներեց Արայիկ Աբրահամյանը պարտավորվել էր հուլիսին մոտ 10 հազար կիլոգրամ բազուկ մատակարարեր բանակին, բայց ապահովել է ընդամենը 6 հազար կիլոգրամ: Որպես տույժ չկատարված պայմանագրի համար նա պետք է մոտ 250 հազար դրամ վճարի ֆինանսների նախարարությանը:
Իր պարտավորույթյունները չի կատարել «Սիսիանի հաց» ՍՊԸ-ն, որը պետք է սխտոր մատակարարեր:
Հետաքրքիր է, բայց մինչ օրս ՊՆ-ն նաև ֆիզիկական անձանց հետ է պայմանագրեր կնքում: Նրանց թվում է եղել Սիսիանի բնակիչ Իշխան Միրզոյանը: Նա նախարարության գործընկերն էր 2018 թվականի դեկտեմբերից:
Ըստ ՊՆ-ի հետ կնքած պայմանագրի, քաղաքացին պետք է հունիս-հուլիս ամիսներին մոտ 45 տոննա մաքրած կաղամբ ապահովեր, բայց կարողացել է տալ այս քանակության մոտ կեսը, ինչի համար ֆինանսների նախարարության կողմից տուգանվելու է մոտ 650 հազար դրամի չափով:
Այնուամենայնիվ, բերված տվյալները համեմատելով նախկին տարիների ցուցանիշերի հետ, համոզվում ենք, որ ՊՆ-ն նախկինում հազվադեպ էր հրաժարվում իր գործընկեր-կազմակերպություններից: Սա նշանակում է, որ նոր իշխանության օրոք էապես խստացվել է վերահսկողությունը բանակի մատակարարների նկատմամբ:
Ընդհանուր առմամբ, 2019 թվականին պաշտպանության նախարարությունը տարբեր ապրանքների ու ծառայությունների մատակարարման 28 պայմանագրեր է խզել, ինչը աննախադեպ թիվ է:
Սյուզան Սիմոնյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: