«Տղուս «Սասնա Ծռեր»-ը չեն սպանել, ոստիկաններն են սպանել։ Ճիշտը տենց ա, վերջում հենց տենց էլ բացվելու ա»,- Forrights-ի հետ զրույցում անսպասելի հայտարարեց ՊՊԾ գնդի տարածքում զոհված ոստիկան Յուրի Տեփանոսյանի հայրը՝ Վահրամ Տեփանոսյանը։
Նա հստակ համոզմունք հայտնեց, որ «Սասնա Ծռեր» խմբի անդամներից եւ ոչ ոք չէր կարող նշանառության տակ վերցնել ոստիկանական մեքենայի մեջ գտնվող որդու եւ մահացու կրակոց արձակել նրա ծոծորակին.
«Ոչ մեկս էլ էդքան միամիտ չենք։ Նայում ես «կռիշն» էն կողմ, իմ տղեն՝ «պլյոնկած» ապակիներով մեքենայում, ո՞վ տեսավ տղուս գլուխը, որ եկավ ու ծոծորակից կրակեց։ Էնքան ուղիղ, որ տղես տեղում մնաց»,- նշեց Վահրամ Տեփանոսյանը։
Forrights-ի այն հարցին, թե ինչ նպատակ էր հետապնդում ոստիկանների կողմից Յուրայի սպանությունը, պարոն Տեփանոսյանը հայտարարեց՝ որդին չի ենթարկվել վերադասի կողմի տրված անօրինական հրամաններին։
Հիշեցնենք, որ 30-ամյա Յուրի Տեփանոսյանը սպանվեց ՊՊԾ գնդի գրավման 13-րդ օրը՝ հուլիսի 30-ին։ Յուրիի երրորդ երեխան՝ Կարենը, հոր սպանվելու ժամանակ ընդամենը վեց ամսական էր։ Տեփանոսյանի սպանության համար մեղադրանք է առաջադրվել Սմբատ Բարսեղյանին։
Ռոզա Վարդանյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: