ՀՀ կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա են իրականացնում ցմահ դատապարտալ, արդեն 23 տարի 8 ամիս պատիժը կրող Աշոտ Մանուկյանի հարազատները:
Նրա եղբայրը լրագրողերի հետ զրույցում ասաց, որ Աշոտը 24 տարի ամեն ինչ արել է, որ դուրս գա բանտից՝ մեղադրանքն ընդունել է, զղջացել է ․
«Ինքն ունի 32 բալ, սովորում է երրորդ կուրսում։ Նա 24 տարվա մեջ, բացի մարդկանց օգնելուց ոչ մի վնաս չի տվել։ Նույնիսկ մահացացների ծնողներն են ուզում, որ էդ մարդը դուրս գա»,-ասաց եղբայրը, մանրամասնելով, որ խնդրանք պահանջ են ներկայացրել նամակով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ինչպես նաև Արդարադատության նախարարին, որպեսզի Աշոտ Մանուկյանն ազատ արձակվի։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 3-ին Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Էջմիածնի նստավայրում քննում էին 23 տարի անազատության մեջ գտվող ցմահ դատապարտյալ Աշոտ Մանուկյանի վաղաժամկետ ազատ արձակման բողոքի քննությունը: Դատարանը՝ դատավոր Վահե Խալաթյանի նախագահությամբ, մերժեց պայմանական վաղաժամկետ ազատ արձակել ցմահին:
«Վերաքննիչ ենք բողոքելու, մինչև Եվրոդատարան հասնելու ենք»,- դատարանում ասել էր դատապարտյալի մայրը։
Պետությունը չներեց ցմահ դատապարտյալին, այնինչ տուժող կողմի ծնողները Աշոտին վաղուց են ներել: Չնայած նախորդող նիստերին դատական նիստին չէին ներկայացել, սակայն նոտարական հայտարարություն էին ներկայացրել դատարան, որտեղ նշել էին՝ դեմ չեն, որ Աշոտ Մանուկյանը պայմանական վաղաժամկետ ազատ արձակվի.
«Թող կյանքի մնացած մասը դրսում անցկացնի»,- ամիսներ առաջ իր խոսքում ասել էր սպանված զինծառայողներից մեկի մայրը՝ տիկին Օսիպյանը:
Նշենք, որ Աշոտ Մանուկյանի ազատության մեջ նոր հանցանք չկատարելու մասով երաշխավորել էին ԱԺ պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Շաքե Իսայանը, Թագուհի Թովմասյանը, հասարակական-քաղաքական գործիչ Անդրիաս Ղուկասյանը և այլ հանրային գործիչներ:
Աշոտ Մանուկյանն անազատության մեջ է գտնվում 1996 թվականից: Մեղադրվել և դատապարտվել էր երեք զինծառայողի սպանության համար, որոնցից երկուսը հարազատ եղբայրներ են եղել: Թե՛ նախաքննության, թե՛ դատավարության ժամանակ ցուցմունքներ է տվել, որ ինքն է կրակել երեք զինվորների վրա, իսկ պատճառը եղել է պարտքի շուրջ եղած վեճը։ Մանուկյանին դատապարտել էին մահապատժի՝ գնդակահարության ձևով, պատժի նմանատիպ կիրառումը, սակայն, 2003 թվականին՝ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով, մահապատիժը փոխարիվեց ցմահ ազատազրկմամբ։
Անազատության մեջ գտնվող դատապարտյալը ձեռքերը ծալած չի նստել։ Այսօր Մանուկյանը գերազանցությամբ ավարտել է «Ուրարտու» համալսարանի հոգեբանության և մանկավարժության ֆակուլտետի երկրորդ կուրսն ու փոխադրվել երրորդ կուրս։ Ազատ արձակվելուց հետո նա ապահովվելու է աշխատանքով։ Պատժի կրման տարիներին ամուսնացել է:
Ազնիվ Սիրադեղյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: