Հուլիսի 24-ին Արցախի պաշտպանության նախարարությունը գուժեց բանակում կատարված հերթական մութ հանցագործության մասին՝ որ նախօրեին զորամասերից մեկի պահպանության տեղամասում չպարզված հանգամանքներում մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 2000թ. ծնված Վոլոդյա Գալոյանը:
Քննչական կոմիտեն նույն օրը դեպքից ընդամենը մի քանի ժամ անց հաղորդեց, որ շարքային Վոլոդյա Գալոյանը մարտական դիրքի գետնատնակի հարակից տարածքում իրեն ամրակցված ԱԿ-74 տեսակի ինքնաձիգից կրակահերթ է արձակել մարտական դիրքի ավագի ուղղությամբ, ապա հեռացել է դիրքից ու ինքնասպան եղել: «Կրակահերթ արձակելուց անմիջապես հետո, Վ.Գալոյանն իրեն ամրակցված ԱԿ-74 տեսակի ինքնաձիգով թողել է դիրքի տարածքը, որից հետո՝ 2019թ. հուլիսի 24-ին՝ ժամը 04:20-ի սահմաններում, մարտական դիրքի դիտակետից շուրջ 50 մետր հեռավորությամբ, հայտնաբերվել են վերջինիս դին՝ ծնոտի ստորին շրջանում հրազենային վնասվածքով, և կողքին ընկած նրա ինքնաձիգը», — ասված է կոմիտեի տարածած տեքստում:
Փաստորեն, դեպքը նկարագրելու համար ՔԿ երկրորդ կայազորային վարչությանը պետք չի եղել նախաքննություն իրականացնել:
Քրեական գործը հարուցվեց ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին և ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասերով` սպանություն փորձ և ինքնասպանության հասցնելը սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով:
Երկրորդ կայազորային զինդատախազության քննիչները անցած երկու ամսում մի ամբողջ ֆիլմի սցենար են գրել: Սա առաջին մի քանի ժամվա ընթացքում մոգոնած վարկածը հիմնավորելու փորձ է: Ըստ այդ սցենարի, Վոլոդյա Գալոյանը բջջային հեռախոսը թաքուն իր հետ մարտական դիրք է տարել, ինչն էլ նրա և դիրքի ավագ Ռոնալդ Ստեփանյանի միջև վիճաբանության առիթ է դարձել: Հուլիսի 23-ին արդեն դիրքի տարածքում Ռոլանդ Ստեփանյանը նկատել է, որ Գալոյանի գրպանն ուռած է, հարցրել է, թե ինչ կա գրպանում: Վերջինս ասել է՝ «բիլետ ա ու մի քանի բան»:
Ստեփանյանը հանձնարարել է գնալ գետնատնակ ու դատարկել գրպանները, ինչը Գալոյանը կատարել է: Տեսնելով հեռախոսը, Ստեփանյանը նրան հարցրել է, թե խի ես խաբում, որ հեռախոս չկա մոտդ, նա էլ պատասխանել է, որ հեռախոսի մասին իրեն Ստեփանյանը բան չի ասել, որից հետո Ստեփանյանը Գալոյանի հետ «արա»-ով է խոսել, նա էլ , թե «արա»-ով հետս չխոսաս, սկսել են բարձր տոնով վիճել, ընթացքում Ստեփանյանը ձեռքի ափով հարվածել է Գալոյանի դեմքին, վերջինս գլխի սաղավարտը հանել է ու նետել է Ստեփանյանի կողմ, սակայն նրան չի դիպչել, մոտեցել ու հրել է նրան կրծքավանդակից: Ըստ քննիչների գրության, Գալոյանի վրա այս միջադեպը շատ է ազդել:
Ժոռա Խաչատրյանը, որի հետ Գալոյանը հերթապահում էր դիտակետում, խնդրել է Գալոյանին ուշադիր լինել, ինքը հեռախոսով խոսի մի քանի րոպե ու գա: Եկել է, տեսել է Գալոյանը տեղում չի: Մոտ 20 րոպե անց Գալոյանը վերադարձել է լարված ու անտրամադիր վիճակում, իսկ ևս 2 ժամ անց ակետում հանդիպել է իրեն հարվածող ավագին՝ Ստեփանյանին և լիցքավորելով ինքնաձիգը, կրակահերթ է արձակել նրա ուղղությամբ:
Վերջինս կռացել է ու նրան չի կպել: Նա չորեքթաթ մտել է գետնատնակ ու փակել է դուռը: Մի հինգ րոպե անց տղաները դուրս են եկել գետնատնակից, բայց Գալոյանին չեն հանդիպել, որոնել են նրան և նրա մարմինը հայտնաբերել են դիրքի դիտակետից մոտ 50 մետրի վրա ընկած, չեզոք գոտում, ծնոտի ստորին շրջանում հրազենային վիրավորումով և կողքին ընկած նրա ինքնաձիգը:
Ինչպես պարզեցինք «Լրագրողներ հանուն մարդու իրավուքների» ՀԿ փաստաբան Հայարփի Սարգսյանից, քննիչները նույնիսկ փորձաքննություններ չեն նշանակել գործով: Բացառապես տեղազննության ու անհայտ անձանց ցուցմունքների հիման վրա նրանք որոշել են, որ քրեական գործը պետք է կարճվի:
Մահացած զինծառայող Գալոյանը նույնիսկ տուժող չի ճանաչվել և կատարվածի ողջ պատասխանատվությունը քննիչները դրել են նրա վրա:
Հայարփի Սարգսյանը առարկել է նրանց գործողութունների դեմ: Սեպտեմբերի 10-ին նա, պաշտպանելով Վոլոդյա Գալոյանի ծնողներին, առարկության տեսքով դիրքորոշում է հայտնել քրեական գործը կարճելու որոշման կապակցությամբ:
«Քրեական գործի վարույթը կարող է կարճվել ոչ թե մահվան հիմքով, այլ միմիայն հանցակազմի բացակայության պատճառով, — ասում է փաստաբանը, — բազմակողմանի քննություն չի իրականացվել: Ընդամենը կատարել են դեպքի վայրի զննություն ու ցուցմունքներ են վերցրել, որոնք չեն համադրվել այլ ապացույցների հետ: Ստացվում է, որ միակողմանի քննություն է իրականացվել»: Փաստաբանը նաև բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին առ այն, որ զոհված զինծառայող Վոլոդյա Գալոյանին գործով չի տրվել դատավարական կարգավիճակ:
Առարկություններն ու բողոքը հաշվի են առնվել: «Առաջիկայում նախատեսվում է, որ Գալոյանը կներգրավվի որպես մեղադրյալ»:
Այսպես, զինվորը մահանում է, չի բացառվում, որ նրան սպանել են, սակայն ներգրավվում է որպես մեղադրյալ:
Այն, ինչ նկարագրված է քննիչների՝ Գալոյանի ծնողներին ուղարկված գրություն մեջ, ըստ Վոլոդյայի հոր՝ Համլետ Գալոյանի աբսուրդ է: «Ոչ մի նյութ իրենք չունեն: Հենց դիրքի ավագն էլ խփել է իմ տղային: Երկրորդ անգամ, երբ նրան հանդիպել է, պատասխան է պահանջել: Բանակում էդ կարգն է, էդ ոճն է: Հեռախսը էսօր թույլատրվում է բոլորին: Ինքը ի՞նչ իրավուքն ունի իմ երեխուն հասարակ հեռախոսի համար ապտակի», — հարցնում է Վոլոդյայի հայրը:
Երեկ Գալոյանի ծնողներին կանչել են հարցաքննության, սակայն նրանք հրաժարվել են քննչական այդ գործողությանը մասնակցելուց: «Ես կասկածներ շատ ունեմ: Իմ երեխուն անմեղ չեն ճանաչում, իմ երեխուն կարգավիճակ չեն տալիս, երկու ամիս անցել է, բայց կարգավիճակ չեն տալիս: Ինչ՞ի համար գնամ», — ասոում է որդեկորույս հայրը: նա չի հասկանում, թե ինչու են քննչական կոմտեի ստացված գրության մեջ ընդամենը երկու անուն նշվում՝ դիրքի ավագի և Ժոռա Խաչատրյանի:
«Էս պոստում երեք հոգ՞ի են եղել: Բա մնացածը ո՞ւր են: Ինչո՞ւ չեն հարցաքննել նրանց: Քննիչին հարցնում եմ, բ ա ուր են մնացածի անուն ազգանունները, կմկմում, ասում է՝ դեռ քննություն է գնում: Ես քո քննությանը չեմ հավատում, քո նյութերը չեմ ընդունում, դուք ճշմարտությունը չեք ուզում ասել», -Forrights.am-ի հետ զրույցում վրդովվում էր սպանված զինվորի հայրը: Ինչպես բոլոր սպանված զինվորների ծնողները նա էլ վստահեցնում է, որ սուրբ երեխա է կորցրել:
Սյուզան Սիմոնյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: