Դատախազությունը համարում է, որ Սահմանադրական դատարանի սեպտեմբերի 4-ի որոշման ուժով Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու, նրան ազատ արձակելու հիմքեր չկան: Այդ մասին ասված է Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի այսօր տարածած պարզաբանման մեջ:
Նշելով, որ ՍԴ հիշյալ որոշմանը «տրվել են մեկնաբանություններ, որոնք հիմնված են դրա առանձին պարբերությունների մեկուսի դիտարկումների վրա և չեն բխում որոշման իմաստից», Դատախազությունը, մասնավորապես, ընդգծում է․ — «Ինչպես արձանագրել է Սահմանադրական դատարանը, գործառութային անձեռնմխելիությունը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածում որպես քրեական վարույթը բացառող հանգամանք նախատեսված չէ: Հետևաբար, բոլոր այն դեպքերում, երբ կպարզվի, որ քրեական հետապնդումն անհամատեղելի է անձի գործառութային անձեռնմխելիության հետ, իրավասու մարմինն օբյեկտիվորեն զրկված կլինի այդ հիմքով տվյալ անձի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու կամ արդեն իսկ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու, ինչպես նաև կալանք չկիրառելու վերաբերյալ օրինական որոշում կայացնելու իրավական հնարավորությունից, քանի որ բացակայում է նման որոշում կայացնելու դատավարական հիմքը: Ավելի պարզ՝ ՀՀ Սահմանադրական դատարանը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածը խնդրահարույց է համարել այնքանով, որքանով այն չի նախատեսում քրեական գործի վարույթը կարճելու հիմք այն դեպքում, երբ կպարզվի, որ անձն օգտվում է գործառութային անձեռնմխելիությունից և այն չի հաղթահարվել»:
«Կրկնելով, որ վերոգրյալը վերաբերում է բացառապես այն դեպքերին, երբ պաշտոնաթող նախագահին մեղսագրվում են գործողություններ, որոնք բխում են նրա կարգավիճակից, անհրաժեշտ ենք համարում ընդգծել, որ ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանին չեն մեղսագրվում այնպիսի գործողություններ, որոնք բխում են նրա կարգավիճակից: Այդ հանգամանքը գնահատվել է վարույթն իրականացնող քննիչի, դատախազի և դատարանների կողմից՝ իրենց իրավասության շրջանակներում», — ասված է հաղորդագրությունում:
«Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքը բավարարում է իրավաչափության լրացուցիչ և նախնական պարտադիր պահանջը. վերջինիս առաջադրված մեղադրանքը չի առնչվում նրա գործառութային անձեռնմխելիությանը, այն է՝ նրան մեղսագրվող արարքները չեն կարող դիտվել որպես վերջինիս կարգավիճակից բխող», — շեշտում է Դատախազությունը:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: