«Մենք կորցրել ենք գանձ ու երբեք ոչ մեկն իրա տեղը չի կարա լրացնի: Ամբողջ Նոր Հաճընը սգում էր` մինչև էսօր: Նրա կորուստը, ցավն ուրիշ ա, դուք չեք պատկերացնի… ասե՛ք, ես էլ ո՞նց ապրեմ»,- աղիողորմ սգացող կինը Մարինե Գասպարյանն է:
Մայիսի 4-ի գիշերը, ժամը 01:10-ի սահմաններում մարտական հենակետում հայտնաբերվել է որդու` Արթուր Գասպարյանի անշնչացած մարմինը: 20-ամյա զինծառայողը հրազենային գնդակային մահացու վիրավորում է ստացել բերանի խոռոչում` երկու կրակոցից: Նախաքննական մարմինը հենց սկզբից գործը քննում է ինքնասպանության հասցնելու հատկանիշներով: Քննիչները մորն ու քրոջն ասել են` դա չի նշանակում, որ ինքնասպանությունը հաստատված վարկած է`ավելի շուտ 50/50 է:
Ինքնասպանության վարկածն ընտանիքը կտրականապես մերժում է.«Ինքը մեկ կամ վեց ամսվա ծառայող չէր, որ ասեինք` դե չդիմացավ, ինքնասպան եղավ: Ո՞նց չէր դիմանա, երկու մետր հասակով թիկնեղ տղա էր, ի՞նչ պիտի լիներ, որ չդիմանար… Ինքնասպան եղողը ո՞նց կարար երեկոյան 11-ին քրոջ ու հոր հետ խոսեր կիրակի օրը մեր զորամաս գնալուց: Ծնողներին սպասողը ինքն իրեն խփո՞ւմ ա»,-տարակուսած հարց է բարձրացնում Մարինե Գասպարյանը:
Արթուրն արդեն 1 տարի 4 ամիս ծառայության մեջ էր ու վաղուց էր անցել բանակային կյանքին հարմարվելու բարդ շրջանը: Որդու մահը գուժել են ոչ միանգամից, հիշում է իր ու ամուսնու եղբոր զրույցը. «Ասում եմ` Արո, ճիշտն ասա, երդվի՛, հո Արթուրին բան չի եղել: Ասում ա` չէ, Արթուրը վիրավոր ա: Բայց ի՞նչ վիրավոր, թող Աստված տար, վիրավոր լիներ… ու ամեն Աստծո առավոտ վերքը խորանում ա… Ապրում եմ, բայց Աստծու ամեն օր ես քայքայվում եմ… Ինչ նպատակներ ու երազանքներ ուներ,- Լիլիթը հանգստացնում է արտասունքների մեջ խեղդվող մորը, խոսում իր սրտից,- ու ցավը գիտե՞ք որն ա, որ ասում են ինքնասպան ա եղել, ու ամեն ապուշի բերանը լեզու են դնում, որ կանգնի մեզ հարցնի` բա ինչի՞ ա ինքնասպան եղել»:
Հայրը՝ Արտյոմ Գասպարյանը Ռուսաստանից հատուկ էր եկել որդուն տեսակցելու: Դեպքի առավոտ հերթափողը պիտի դիրքերից իջներ զորամաս, իսկ կիրակի Արթուրը տեսակցելու էր ծնողներին: «Ես դեպքից երկու ժամ առաջ հետը խոսել, տրամադրությունը շատ ավելի լավ էր, քան նախկինում, քանի որ գիտեր` երկու օրից գնալու ենք իրեն տեսնելու»,- ասում է Արթուրի քույրը:
Նախորդ անգամ քննությունների պատճառով Լիլիթը չէր կարողացել տեսակցել եղբորը: Արթուրը հատուկ խնդրել է` այս անգամ այնպես անի, որ ինքն էլ հոր ու մոր հետ զորամաս, կարոտել էր քրոջը: Ուսուցչուհիները, հարևաններն վկայում են, ճիշտ է` շրջապատում Արթուրը լիդեր չէր, բայց երբ սկսեիր հարցեր տալ, իր խելացիությամբ ու հասունությամբ կտարբերվեր ընկերներից:
«Ամենալավն էր, ամենահարգվածն էր, մեծերի հետ` մեծ, փոքրերի հետ` փոքր, ծնողների հետ` որպես երեխա, քրոջ հետ` որպես եղբայր, ինքը իդեալական էր ամեն ինչում, ինքը թերի կողմ չուներ»,- Արթուրին այսպես են բնութագրում ճանաչողները: «Արթուրը գիշերը երազիս գալիս ասում է` դուք հո հիմար չեք, ես ո՞նց կարայի իմ վրա զենք բարձրացնեի»,- պատմում է տիկին Մարինեն:
Արթուրը Գասպարյանը բանակ է զորակոչվել 2017 թվականի հունվարի 23-ին: Նրա մահից 21 օր անց Քննչական կոմիտեն հաղորդեց, որ մեղադրանք է առաջադրվել մարտական դիրքի ավագ պայմանագրային սերժանտին.
«Քննության արդյունքում բացահայտվել են զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ շարքային Արթուր Գասպարյանին անպարկեշտ ձևով ստորացնելու՝ վիրավորանք հասցնելու, ինչպես նաև մարտական հերթապահության կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելու դեպքեր»,- ասված է ՔԿ հաղորդագրությունում:
Դիրքի ավագը կասկածվում է երկու դրվագով հանցագործություն կատարելու մեջ`ՀՀ Քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մաս` Մարտական հերթապահության կանոնները խախտելը, եթե այդ արարքը վնաս է պատճառել՝ պատժվում է առավելագույնը 3 տարի ժամկետով ազատազրկմամբ, և 360-րդ հոդվածի 2-րդ մաս` Զինծառայողին վիրավորանք հասցնելը, որը կատարվել է պետի կողմից ստորադասի նկատմամբ զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ: Արարքը պատժվում է առավելագույնը 1 տարի ժամկետով ազատազրկմամբ:
Եթե դատարանը առաջադրված 2 մեղադրանքն էլ համարի հաստատված, հենակետի ավագին կսպառնա առավելագույնը 4 տարվա ազատազրկում: Արթուրի հարազատների տվյալներով` դիրքում գտնված 5 զինծառայողները շարունակում են ծառայությունը: Կասկածյալը ևս ազատության մեջ է:
Ինչո՞ւ են իրենց տղային սպանել, և ով է կատարողը, այս հարցով Գասպարյանների ընտանիքը դիմել է Պաշտպանության նախարարություն: Որևէ բացատրություն չտալով`այնտեղից նրանց ուղարկել են Դատախազություն: Դեռևս չի ստացվել նաև վարչապետին ուղարկված նամակի պատասխանը.
«Խնդրել ենք, որ գործն անուշադրության չմատնեն, ու մեզ չխաբեն, թե Արթուրն ինքնասպան ա եղել»: Գասպարյանները ճանաչվել են տուժողի իրավահաջորդներ: Ընտանիքը դժգոհ է ընթացող քննության ընթացքից. «Ոչ մի բան չեն անում: Երբ զանգում ես, ասում են` դեռ նորություն չկա, լինելու դեպքում ձեզ կասենք»,- բողոքում է Լիլիթ Գասպարյանը:
«Ով որդուս կյանքից զրկել ա, ով դրա մեջ մի փոքր մեղք ունի, պիտի պատասխան տա: Կարող ա` ես չեմ կարա էնպես անեմ, որ պատասխան տա, բայց Աստված կարա: Հավի ճուտ չէր, որ կորավ գնաց, ես քննիչներին էլ եմ ասել` 6-ն էլ թող դատվեն, ո՞նց կարար 6 հոգուց մեկը չիմանար, թե ոնց եղավ… ասում են` մենք չգիտենք: Եթե ինքնասպանություն ա, ուրեմն ղեկավարության մատը խառն ա»,- համոզված է Մարինեն:
Դիրքում գտնված 5 զինծառայողներն ասել են`դեպքի պահին իրենք բլինդաժում են եղել, Արթուրը`խրամաբջիջում: Մահվանից առաջ` 01:00-ին նա արդեն հանձնել էր հերթափոխը: Ընտանիքին ասել են, թե կրակած զենքի վրա մատնահետք չի հայտնաբերվել, ինչը տարօրինակ է` անհավատալի:
Ծառայությունից Արթուրը երբեք չի բողոքել: Մայրը վստահ է` եթե իր տղային նեղացնող լիներ, կկիսվեր իր հետ, ցավը չէր պահի մեջը: Տիկին Մարինեին մնում է միայն մխիթարվել որդու սիրառատ խոսքերը վերհիշելով. «Ամեն զանգելիս ոչ թե մամ էր ասում, այլ` սրբությունս, ասում էր` պապան համ իմ ընկերն ա, համ ախպերն ա, բայց դու իմ միակն ես, իմ սրբությունն ես…»։
Ռոբերտ Անանյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: