«2026-ի հունվարի 1-ից մինչև սեպտեմբերի 22-ն ընկած ժամանակահատվածում մեր արձանագրած տեղեկությունների համաձայն՝ Զինված ուժերում մահացության 34 դեպք է եղել, որից 19 դեպք՝ զինծառայության հետ չկապված, 14 -ը զինծառայության հետ կապված։ Մեկի հանգամանքները դեռ չենք պարզել, բայց պատճառն ինքնասպանությունն է։ Զինծառայության հետ չկապված մահվան դեպքերից 9-ը առողջական խնդիրներով է, 6-ը՝ դժբախտ պատահար, 1-ը՝ սպանություն, 2-ը՝ ինքնասպանություն»,- «Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի» նախաձեռնությամբ անցկացված ՀՀ Զինված ուժերում խաղաղ պայմաններում մահվան դեպքերի թեմայով քննարկման ժամանակ այսպիսի վիճակագրություն ներկայացրեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը։

Նա համամիտ չէ պետական այն մեթոդաբանության հետ, համաձայն որի մահվան դեպքերի վիճակագրությունը կազմվում է առանձնացնելով այն դեպքերը, երբ անձը զորամասում չի գտնվել, զինծառայության ընթացքում չի գտնվել․ «Պետական մարմինները գտնում են, որ պետք է դիտարկել միայն զինծառայության պայմաններում, զինծառայության ընթացքում հանձնարարությունների կատարման ժամանակ մահացության դեպքերը։ Մենք գտնում ենք, որ անձը՝ անկախ նրանից, թե զինվորական պարտականությունների կատարման ժամանակ է մահացել, թե ոչ, ինքը հաշվարկի մեջ է։ Զինծառայության հետ կապված մահացության 14 դեպքերից 7-ն ինքնասպանություն է, ինչը լուրջ և մտահոգիչ ցուցանիշ է»։ Արթուր Սաքունցի փաստմամբ՝ ամեն կոնկրետ դեպք, մարդ, նրա մահը ողբերգություն է․ «Վերջին դեպքը, որով զբաղվում ենք՝ 19 տարեկան Սլավոնական համալսարանի լրագրության բաժնի ուսանողի դեպքն է։ Զինծառայության ընթացքում հերթապահության ժամանակ ինքնասպանություն է գործել»։

Արթուր Սաքունցը մտահոգություն հայտնեց, որ մահացության դեպքերի բացահայտման հետ կապված չկա օբյեկտիվ քննության փաստը․ «Կան թեմաներ, որոնք տաբու են մնում։ Պաշտպանության գերատեսչությունն օբյեկտիվորեն ունի գաղտնիության բաղադրիչը, բայց գաղտնիությամբ չի կարող պատսպարվել այնպիսի հարցերից, որոնք զինված ուժերում ազդում են ոլորտի վրա»։ Ըստ Արթուր Սաքունցի՝ թաքցնելը համընդհանուր խնդիր է դարձել։ Անդրադառնալով Սուրեն Պապիկյանի անակնկալ ստուգայցերին՝ ասաց․ «Ուշագրավ էր ՊՆ նախարարի հայտարարությունը․ այդպիսի բան ոչ մի անգամ չեմ տեսել։ Նախարարը, որ հիմա գնում է անակնկալ այցերի, ասում է՝ արձանագրում եմ խնդիրներ, որոնց մասին չեն զեկուցում։ Սա արդեն ամենաբարձր մակարդակով արձանագրվում է։ Եթե որևէ խնդիր թաքցնում ես, դա նշանակում է ենթադրյալ, պոտենցիալ ռիսկերն ես թաքցնում, իսկ դա զինծառայության նկատմամբ պարտականության թերացում է համարվում։ Եթե ունես խնդիր զինծառայության հետ կապված, դա պետք է բարձրաձայնես, այդ աջակցության մեխանիզմը պետք է լինի գերակա»։

Pin It on Pinterest