Շուրջ 50 հազար արցախցիներ զրկված են ընտրելու իրավունքից, քանի որ նրանց հնարավորություն չեն տվել մասնակցել ընտրություններին՝ հիմնավորելով, թե իբր ՀՀ քաղաքացի չեն։ Սա բավական մեծ ուժ է, որը կարող էր վճռորոշ նշանակություն ունենալ ընտրությունների արդյունքի վրա։ Այս մասին step1․am-ի հետ զրույցում ասաց «ՀայաՔվե» նախաձեռնության անդամ Սայիդա Պողոսյանը։
Նշենք, որ 070 կոդով անձնագրեր ունեցող արցախցիները չեն կարողցել դատական կարգով վերականգնել իրենց իրավունքը եւ մասնակցել ընտրություններին։ Ավելի վաղ Քաղաքացիական դատարանը որոշումներ էր ընդունել՝ հաստատելով, որ 070 կոդով անձնագրով արցախցիները ՀՀ քաղաքացի են եւ պետք է մասնակցկել քվեարկությանը։ Սակայն Ներքին գործերի նախարարությունը բողոքարկել էր Քաղաքացիական դատարանի որոշումները, որոնք ուժի մեջ էին մտել։ Վերաքննիչ դատարանը որոշել էր, որ նման գործերը գտնվում են Վարչական դատարանի, այլ ոչ թե Քաղաքացիական դատարանի իրավասության ներքո։
Սայիդա Պողոսյանն ասաց, որ Վերաքննիչ դատարանի այդ որոշումից հետո Քաղաքացիական դատարանը վերջին օրերին մերժել է արցախցիների դիմումները։ Արցախցիները դիմել են նորից Քաղաքացիական դատարան, քանի որ, Սայիդա Պողոսյանի խոսքով, Վարչական դատարան դիմելու դեպքում մոտ 7 ամիս մարդիկ պետք է սպասեին։
«Քաղաքացիական դատարանը վերջին օրերին դիմումներն ընդունում էր, բայց ասում էր, որ՝ սխալ դատարան եք դիմել, հիմքերը ճիշտ չեն։ Մենք էլ բողոքարկեցինք, փոխեցինք դիմումի բովանդակությունն ու հիքմերը, բայց էլի մերժումները եկան»,- ասաց Սայիդա Պողոսյանը։
Նա նշեց, որ հավաքագրում են այս մերժումները, որպեսզի ընտրություններից հետո զբաղվեն հարցով եւ վերականգնեն արցախցիների ընտրելու իրավունքը։ Մեր հարցին, թե սա կարո՞ղ է ընտրությունների արդյունքները բողոքարկելու հիմք լինել, այդ հարցը բարձրաձայնելո՞ւ են, Սայիդա Պողոսյանը պատասխանեց, որ սպասում են ընտրության արդյունքներին, որից հետո կորոշեն անելիքները։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: