Հայտարարություն Գոհար Ղումաշյանի դեպքի վերաբերյալ

Յուրաքանչյուր երեխա իրավունք ունի ստանալու կրծքով կերակրում՝ որպես օպտիմալ և այլընտրանք չունեցող միջոց անվտանգ և համապատասխան (համարժեք) սնուցում ստանալու համար

Կինը կրծքով կերակրելու համար իրավունք ունի ունենալու համապատասխան պայմաններ աշխատավայրերում, քրեակատարողական հիմնարկներում, առողջապահական կազմակերպություններում և այլ հասարակական վայրերում։

Պետությունը միջոցներ է ձեռնարկում կրծքով կերակրումը խրախուսելու, կրծքով կերակրող կանանց և երեխաների իրավունքները պաշտպանելու համար:

«Երեխաներին կրծքով կերակրման խրախուսման և մանկական սննդի շրջանառության մասին»

       ՀՀ օրենք

Դեպքի նկարագրություն 

Ապրիլի 14-ին «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանը Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից ձերբակալվել էր՝ բարեգործություն իրականացնելու օրենսդրական արգելքի խախտման կասկածանքով։ Ավելի ուշ նրան մեղադրանք առաջադրվեց և դատարանի կողմից նրա հանդեպ կիրառվեց վարչական հսկողություն խափանման միջոցը։

Ձերբակալությունից որոշ ժամանակ անց հայտնի դարձավ, որ 36-ամյա Գոհար Ղումաշյանը երեք երեխայի մայր է, իսկ ամենափոքրը շուրջ 2 ամսական է և կերակրվում է կրծքի կաթով։

Մեզ հետ զրույցում նա պատմում է, որ իրեն ձերբակալել են կուսակցության գրասենյակից 16:36-ին և այդ ժամից ի վեր փաստացի 12 ժամ գտնվել է անազատության մեջ։ Հակակոռուպցիոն կոմիտեում հարցաքննությունից հետո նրան տեղափոխել են դատարան՝ խափանման միջոցի քննության համար։

Երեխաներն այս ընթացքում գտնվել են Գոհարի ծնողների մոտ։ Ամենափոքրը մեկ անգամ կերակրվել է նախապես պահեստավորված կրծքի կաթով։ Գոհար Ղումաշյանի խոսքով, սովորաբար, երեխան կրծքով կերակրվում է նվազագույնը երեք ժամը մեկ անգամ։ Առավոտյան կերակրելուց հետո նա կթիչով հավաքում է կաթը, թողնում տանը և կարողանում է մոտ վեց ժամ աշխատանքի գնալ։ Սակայն, քանի որ այս շրջանում ունի լակտոստազ (կաթնածորանի խցանում), օրական մեկ-երկու անգամ այցելում է կրծով կերակրելու մասնագետի՝ կրծքի կաթը դատարկելու համար։

Ձերբակալության օրը նա մի քանի անգամ իրավապահ մարմիններին տեղեկացրել է երեխային կրծքով կերակրելու անհրաժեշտության մասին․

«Ես քննիչներին տեղեկացրել էի, որ ժամը 7-ին պետք է երեխային կերակրեմ, բայց ոչ մի բան չկարողացան անել։  Այնուհետև, երբ ես տեղափոխվել էի դատարանի շենք ( 2.5 ժամից ավել գտնվել եմ դատարանի շենքում, բանտախուցում), քննիչներին տեղեկացրեցի` քանի որ երեխային չեմ կերակրել, կրծքի կաթը լցվել է, եթե չդատարկեմ, տաքությունս կբարձրանա։

Ինձ ընդառաջեցին, կրծքի կաթ հավաքելու ապարատ բերեցին, և ես բանտախցում այդ դատարկումը իրականացրեցի, կաթը փոխանցեցին երեխային։ Դա մոտավորապես ժամը երեկոյան 10-ն էր։  Բայց հավաքված կաթը շատ քիչ էր եղել՝ մոտ 20-30 գրամ, երեխան լացել էր, անհանգիստ էր եղել։ Արդեն դատական նիստին երեխային բերեցին դատարան և դատական նիստը ընդհատել ենք, որպեսզի կարողանամ երեխային կերակրել»։

Գոհար Ղումաշյանը նշում է նաև, որ ձերբակալությունն ու երկարատև անազատության մեջ մնալը բացասական հետևանք են ունեցել իր և իր երեխայի համար․

«Քանի որ այդ օրը չեմ կարողացել այցելել բժշկի՝ կաթը դատարկելու համար,  գիշերը ջերմություն ու դող եմ ունեցել։ Եվ կրծքի կաթի քանակը, ցավոք սրտի,  նվազել է։ Երևի, սթրեսային վիճակից»։

Կրծքով կերակրելու և մայրության իրավունքի պաշտպանությունը

Գոհար Ղումաշյանի՝ շուրջ 12 ժամ անազատության մեջ գտնվելու ընթացքում խախտվել են նրա կրծքով կերակրելու և երեխայի կրծքով կերակրվելու իրավունքը, ինչը խստորեն դատապարտելի է։ Շուրջ 6 ժամ նա չի կարողացել կրծքի կաթը դատարկել, իսկ ավելի քան 10 ժամ չի տեսել երեխային։ Նման դեպքերում իրավապահ մարմինները պարտավոր են առաջնորդվել համաչափության սկզբունքով և կիրառել այնպիսի միջոցներ, որոնք չեն խաթարում երեխայի կենսական կարիքները, այդ թվում՝ կրծքով կերակրումը։

Հայաստանի Հանրապետությունը, որպես իրավական պետություն, պարտավոր է ապահովել մարդու հիմնարար իրավունքների պաշտպանությունը՝ անկախ անձի քաղաքական հայացքներից։ Պետությունը օրենսդրական մակարդակով խրախուսում է կրծքով կերակրումը, ճանաչում է գենդերային հավասարությունն ու ընտանիքամետ միջավայրերի ձևավորումը առաջնահերթություն՝ կառավարության կողմից ընդունված մի շարք ռազմավարություններով։

Միևնույն ժամանակ,

  • ՀՀ Սահմանադրության 14-րդ հոդվածը ամրագրում է մարդու արժանապատվությունը հարգելու պետության հանձնառությունը, իսկ 35-րդ հոդվածը երաշխավորում է մայրության և մանկության պաշտպանությունը,
  • ՄԱԿ-ի Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիան (CEDAW) ամրագրում է մայրության պաշտպանության և մայրության հիմքով խտրականության կանխման պայմանը (Հոդված 4, 11)։
  • Երեխայի իրավունքների մասին կոնվենցիան (CRC) պարտադրում է հաշվի առնել երեխայի լավագույն շահը, կարևորում երեխայի առողջության իրավունքը, այդ թվում՝ կրծքով կերակրման միջոցով (Հոդված 3, 24)։
  • Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն ու ՄԱԿ-ի մանկական հիմնադրամն իրենց ուղեցույցներում հստակ շեշտում են կրծքով կերակրման խրախուսման կարևորությունը և դրա համար բարենպաստ միջավայրերի ստեղծման անհրաժեշտությունը։

Այսպիսով, պետությունը, որը օրենսդրական մակարդակով խրախուսում է կրծքով կերակրումը և ստանձնել է պաշտպանել կնոջ ու երեխայի իրավունքները, չի կարող գործնականում ստեղծել իրավիճակ, երբ այդ իրավունքները փաստացի ոտնահարվում են իր իսկ գործողությունների հետևանքով։

Դատապարտելի հանրային խոսք և շահարկումներ

Միևնույն ժամանակ, դեպքի վերաբերյալ հանրային ու քաղաքական դաշտում եղել են մի շարք կնոջը որպես մայր նսեմացնող, պիտակավարող, կնոջ կրծքով կերակրումը սեքսուալիզացնող արտահայտություններ, որոնք խստորեն դատապարտելի են։ Մասնավորապես, արձանագրել ենք դեպքեր, երբ Գոհար Ղումաշյանի կրծքով կերակրող մայր լինելու մասին նշումները պիտակավորվել են որպես «շահարկում», ակնարկներ, թե «կրծքով կերակրող մայրը տանը նստած երեխա է պահում և չի զբաղվում քաղաքականությամբ», և այլն։

Առանձնապես դատապարտելի է ԱԺ պատգամավոր, իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Արուսյակ Ջուլհակյանի արտահայտությունը․ «Անկախ կրծքերի զբաղվածությունից, եթե քրեորեն պատժելի արարք է արել, պետք է պատասխան տա»։

Չկենտրոնանալով այն հանգամանքի վրա, որ Գոհար Ղումաշյանի մեղավորությունն ապացուցված չէ («… եթե քրեորեն պատժելի արարք է արել, պետք է պատասխան տա»)` անդրադառնանք այս հայտարարության առաջին մասին։

«Անկախ կրծքերի զբաղվածությունից…» ձևակերպումը

  • սեքսուալիզացնում է կրծքով կերակրումը,
  • նվաստացնում է կնոջ արժանապատվությունը,
  • ստեղծում է վտանգավոր նախադեպ՝ կրծքով կերակրող մայրերին թիրախավորելու, և նպաստում է ծաղրող, կրծքով կերակրելու համար ամոթ առաջացնող քննարկումներին,
  • հակասում է պետության իսկ կողմից միջազգային փաստաթղթերով և ներպետական օրենսդրությամբ, ռազմավարություններով ստանձնած պարտավորություններին, հանրային առողջապահական և սոցիալական քաղաքականություններին։

Կրծքով կերակրումը չի կարող ներկայացվել որպես ամոթալի, երկրորդական կամ սահմանափակող գործոն կնոջ իրավունքների իրականացման համար։

Ընդգծենք նաև, որ կինն իրավունք ունի միաժամանակ լինել թե՛ մայր, թե՛ ակտիվ քաղաքացի։ Ներկայումս պետությունները ձգտում են և ստանձնում են պարտավորություն ապահովել ընտանիքամետ միջավայրեր, որպեսզի կանայք կարողանան սահուն կերպով համատեղել ընտանեկան հոգսերը, երեխայի խնամքն ու աշխատանքը, կարիերան։

Մենք կոչ ենք անում՝

  • իրավապահ մարմիններին՝ առաջնորդվել երեխայի լավագույն շահի առաջնահերթությամբ և պետության ստանձնած պարտավորություններով,
  • քաղաքական և հանրային գործիչներին՝ զերծ մնալ սեքսուալիզացնող, նվաստացնող և խտրական արտահայտություններից,
  • պետական մարմիններին՝ ապահովել օրենսդրական դրությների իրական կիրառումը բոլոր ոլորտներում։

Մարդու արժանապատվությունը, մայրության պաշտպանությունը և երեխայի իրավունքները չպետք է դառնան քաղաքական հռետորաբանության և շահարկման առարկա։

«Կետ 33» հասարակական կազմակերպություն

Pin It on Pinterest