2021 թվականի օգոստոսի 19-ին Կոռնիձորի դիրքերում մահացած երեք զինծառայողների գործով դատական քննությունը դեռ չի ավարտվել, թեեւ դեպքից անցել է արդեն 5 տարի: Փետրվարի 26-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը այս գործով վճիռ է կայացրել, ճանաչելով, որ խախտվել է ամբաստանյալ, նախկին զինծառայող Սամվել Գրիգորյանի անձնական ազատության ու անձեռնմխելիության իրավունքը /Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետ/:

Գրիգորյանին մեղադրում են սպանության դրդելու համար: Հիշեցնենք՝ սպանության գիշերը Գրիգորյանը զանգել էր հորը եւ ասել էր, որ թշնամու կողմից ներթափանցման փորձ է եղել: Սակայն քննչական մարմինը հրաժարվել է դիվերսիայի վարկածից: Թեման նուրբ էր, պատերազմի հիշողությունը դեռ թարմ: Գործը «կոտրեցին» երկու զինծառայողների վրա: Կան վկաների ցուցմունքներ, որոնց համաձայն քննիչները ծեծելով են ցուցմունքներ կորզել զինծառայողներից:

Այսօր Գորիսի մոտակայքում գտնվող Կոռնիձորի դիրքից մերոնք արդեն մի կես կիլոմետր հետ են նահանջել: Այնտեղ հիմա ադրբեջանակնա դիրք է: Բայց երեք զինծառայողների սպանությունը դեռ չի բացահայտվել: Դատաքննությունն այս գործով շարունակվում է, իսկ Սամվել Գրիգորյանը դեռ կալանքի տակ է:

Գրիգորյանի շահերի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը չի զարմանում: «Ինչո՞ւ նորությո՞ւն է, որ այս երկրում 5 տարի գործեն քննում: Ապացույցներ համարյա չունեն, եղած ապացույցներն էլ դատարանում վերանում են: Կալանքը փետրվարի 26-ի այդ վճռով ճանաչվել է ոչ իրավաչափ, ՄԻԵԴ-ը գտել է, որ իմ պաշտպանյալի նկատմամբ շարունակական կալանքը ապօրինի է եղել», — ասում է փաստաբանը: Սա նրա՝ այս օրերի երրորդ հաղթանակն է ՄԻԵԴ-ում: Երեք գործերն էլ վերաբերում են անձնական ազատության ու անձեռնմխելիության իրավունքի խախտումներին, երեքով էլ ՄԻԵԴ -ը փոխհատուցումներ է սահմանել: «Մարդկանց ապօրինի մի կալանավորեք», — գրել է փաստաբանը իր ՖԲ էջում:

Սյուզան Սիմոնյան

Hraparak/am

 

 

 

Pin It on Pinterest