Ավստրիայում կայանալիք Եպիսկոպոսաց ժողովից երկու օր առաջ դատախազությունը քրեական գործ է հարուցել Հայ առաքելական եկեղեցու հովվապետի նկատմամբ և արգելել Գարեգին երկրորդին լքել երկիրը:
«Դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն հայոց կաթողիկոսի նկատմամբ և քննիչն էլ փորձել է հարցաքննել Վեհափառ Հայրապետին», — նշեց փաստաբան Արա Զոհրաբյանը:
Փաստաբան Արա Զոհրաբյանը մանրամասնում է, որ կաթողիկոսը մեղադրվում է դատական ակտի կատարմանը խոչընդոտելու համար, մի գործով որով շաբաթներ առաջ մեղադրվեցին եկեղեցու վեց բարձրաստիճան հոգևորականներ՝ այդպիսով անհնար դարձնելով նաև նրանց մասնակցությունը Ավստրիայի ժողովին:
«Սա ուղիղ միջամտություն է եկեղեցու ներքին գործերին: Ավստրիայում փետրվարի 16-19-ը տեղի էր ունենալու Եպիսկոպոսաց ժողով, ու այս գործողությամբ, ինչպես նաև Վեհափառ Հայրապետի ելքի արգելք դնելով, որպես խափանման միջոց, խոչընդոտնում է Եպիսկոպոսաց ժողովի անցկացումը», — նշեց փաստաբանը:
Այս գործը վերաբերում է վարչապետի հակակաթողիկոսական արշավին միացած 10 եպիսկոպոսներից Գևորգ սրբազանին: Կաթողիկոսը պաշտոնանկ էր արել նրան, իսկ դատարանը պարտավորեցրել վերականգնել հոգևորականին իր պաշտոնին: Մայր Աթոռը սակայն, չվերականգնեց ու կարգալույծ արեց նրան՝ հայտարարելով, որ այս հարցերը դատարանի տիրույթում չեն, սա միջամտություն է եկեղեցու ինքնավարությանը:
Ազատություն Ռ/Կ
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: