Մայր Աթոռն արձագանքել է Քննչական կոմիտեի՝ վեց եպիսկոպոսի մեղադրանքի առաջադրման որոշմանը՝ կոչ անելով ՀՀ իշխանությանը և իրավապահ համակարգին հարգել Եկեղեցու ինքնավարության իրավունքը։

Մայր Աթոռը hունվարի 31-ին տեղի ունեցած հոգևորականների նկատմամբ իրականացվող գործողությունները բռնաճնշումներ է որակում․ «Մայր Աթոռը խստորեն դատապարտում է ՀՀ Սահմանադրության և օրենքների բացահայտ խախտումներով իշխանությունների հերթական միջամտությունը Եկեղեցու ներքին գործերին, որով քրեական վարույթ է նախաձեռնվել և քրեական հետապնդում է հարուցվել Գերագույն Հոգևոր Խորհրդի հոգևորական անդամների նկատմամբ՝ դատական ակտի կատարմանը խոչընդոտելու մեղադրանքով»։

Հունվարի 31-ին Քննչական կոմիտե էին հրավիրվել Մակար, Հովնան, Նաթան, Հայկազուն, Մուշեղ և Վահան սրբազանները, տեր Մովսես քահանան: Նրանք բոլորը մեղադրյալներ են, նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։ Քրեական հետապնդման շրջանակներում արգելափակվել է Գերագույն Հոգևոր Խորհրդի եպիսկոպոս անդամների ելքը երկրից։

«Այս դատապարտելի գործընթացը մեր պետության օրենքներով և միջազգային պայմանագրերով ամրագրված մարդու հիմնարար իրավունքների կոպտագույն խախտում է, որի նպատակն է խաթարել Հայ Առաքելական Եկեղեցու բնականոն գործունեությունը, մասնավորաբար առաջիկայում Ավստրիայում գումարվելիք եպիսկոպոսական ժողովի աշխատանքները»,- նշված է հաղորդագրության մեջ։

Մայր Աթոռը կոչ է անում ՀՀ իշխանությանը և իրավապահ համակարգին գործել բացառապես ՀՀ Սահմանադրության և օրենքի շրջանակներում և հարգել Եկեղեցու ինքնավարության իրավունքը։

Pin It on Pinterest