Այսօր Քննչական կոմիտե են հրավիրվել Հայ Առաքելական եկեղեցու 7 եպիսկոպոսներ՝ Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, Հովնան եպիսկոպոս Հակոբյանը, Մակար եպիսկոպոս Հակոբյանը, Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը, Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանը, Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը և Մովսես քահանա Սահակյանը։
Այսօր ավելի վաղ փաստաբան Արա Զոհրաբյանը հայտնել էր, որ «առավոտից ոստիկանության միջոցով ծանուցագրեր են հանձնվում Գերագույն Հոգևոր Խորհրդի եպիսկոպոս անդամներին, որպես մեղադրյալ այսօր Քննչական կոմիտե ներկայանալու համար»:
Փաստաբանի տեղեկացմամբ՝ եպիսկոպոսները մեղադրվում են դատական ակտի կատարմանը խոչընդոտելու արարքի կատարման մեջ: «Ակնհայտ է, որ սա հերթական միջամտությունն է Եկեղեցու ներքին գործերին, որի հիմնական նպատակն է խոչընդոտել Եպիսկոպոսաց ժողովի անցկացմանը»,- գրել է փաստաբան Արա Զոհրաբյանը:
Ավելի ուշ, եպիսկոպոսների շահերը ներկայացնող մեկ այլ փաստաբան Արմինե Ֆանյանը Քննչական կոմիտեի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց. «Կարծում ենք՝ նպատակը եպիսկոպոսաց ժողովը տապալելն է, որովհետև հոգևոր խորհրդի անդամները ծանուցվել են միանգամից մեղադրյալի դատավարական կարգավիճակով: Սա էլ է եզակի բան: Նշանակում է՝ արդեն քրեական հետապնդում հարուցելու որոշում կա, կընտրվեն խափանման միջոցներ»,- լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբանը:
Իրադարձությունների կիզակետում Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանի պաշտոնանկությունն է, որի դեմ նա հայց էր ներկայացրել: Արմավիրի դատարանն արգելել էր եկեղեցուն իրականացնել քայլեր, որոնք կարող են խոչընդոտել եպիսկոպոս Սարոյանին իրականացնել թեմի առաջնորդի պարտականությունները: Մայր Աթոռի գերագույն հոգևոր խորհուրդը դրանից հետո կարգալույծ էր արել եպիսկոպոսին: Քննչականը սրա հետքերով քրեական գործ է հարուցել՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտը չկատարելու համար: Այժմ, փաստորեն քննչական են կանչվել Գևորգ Սարոյանին կարգալույծ արած հոգևոր խորհրդի եպիսկոպոս անդամները:
Ամենայն Հայոց կաթողիկոսի հրավերով Եպիսկոպոսաց ժողովը տեղի կունենա Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում՝ փետրվարի 16-19-ին։ Ավելի վաղ կաթողիկոսը դեկտեմբերի 10-12-ը եպիսկոպոսաց ժողով էր հրավիրել՝ «քննության առնելու Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու շուրջ վերջին զարգացումները և ներեկեղեցական կյանքին առնչվող հարցեր»:
Մայր Աթոռը, սակայն, հայտարարեց, որ Եպիսկոպոսաց ժողովը ժամանակավորապես հետաձգվում է՝ պայմանավորված բռնաճնշումներով:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: