Սյունիքի մարզի ընհանուր իրավասության դատարանի որոշմամբ՝ Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը մեղավոր է ճանաչվել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց նրա փաստաբան Արսեն Սարդարյանը։ «Մեզ համար շատ անսպասելի էր, բայց այսօր մեղադրական վերդիկտ է հրապարակվել»,- ասաց փատաբանը։

Խոսելով պաշտպանական կողմի հետագա գործողությունների մասին՝ Սարդարյանը նշեց՝ նախ պետք է դատական ակտը ստանան, ծանոթանան, դրանից հետո կխոսեն քայլերի մասին։

«Անմեղ մարդու նկատմամբ մեղադրական վերդիկտ է կայացվել, այն, բնականաբար, պետք է բողոքարկել»,- ասաց Սարդարյանը։

Նշենք, որ մեղադրանքը վերաբերում է 2020թ․ հոկտեմբերի 12-ի Ցորի զորամասի Դ-20 դիվիզիոնի վրա հակառակորդի հարձակման հետևանքով ունեցած կորուստներին։

Ջալալ Հարությունյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասով՝ «զինվորական պաշտոնեական անփութություն, որը կատարվել է ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում, կամ որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով»։

Sputnik Արմենիայի հետ զրույցում տուժող կողմի (զոհված զինծառայողների ծնողների) ներկայացուցիչ Լիպարիտ Սիմոնյանը մանրամասնեց՝ ըստ ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի՝ Ջալալ Հարությունյանի պատժի հարցը դատարանը կորոշի լրացուցիչ դատալսումների ընթացքում։

«Ջալալ Հարությունյանն արդարացիորեն մեղավոր է ճանաչվել իր կատարած արարքի համար»,- նշեց փաստաբանը։ Նա շեշտեց՝ որպես տուժողների ներկայացուցիչ միջնորդելու է խիստ պատժի համար։

Pin It on Pinterest