Կառավարության այսօր ընդունած որոշմամբ վերանայվեց կարգը, որը սահմանում է, թե առողջական ինչ խնդիրների դեպքում զինծառայողները կարող են տարկետում ստանալ կամ ի վերջո ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից։

«Նախատեսվում է քաղաքացու կամ զինծառայողի պիտանելիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկում մի շարք հիվանդությունների արտահայտման վիճակները մեկ անգամ տրված տարեկետման ժամկետի ավարտից և առողջական վիճակի վատթարացում չարձանագրվելուց հետո ճանաչել զինվորական ծառայության համար սահմանափակումով պիտանի, ինչպես նաև հստակեցնել այդպիսի առողջական վիճակին հակացուցված զինվորական ծառայության պայմանները և մի շարք հիվանդությունների նկարագրությունները», — պարզաբանեց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

Այսպիսով «կնվազեն բուժման նպատակով քաղաքացիներին տրված տարկետումների քանակները», հիմնավորել է Պաշտպանության նախարարությունը, իսկ նախարարն ասաց՝ տարկետման ընթացքում, եղած փորձի համաձայն, զինծառայողները հիմնականում ոչ թե բուժվում ու վերադառնում են ծառայության, այլ կրկին դիմում տարկետման՝ ի վերջո ծառայությունից ազատվելու նպատակով։ Պապիկյանն այս մեխանիզմն անվանեց ծառայությունից խուսափելու սողանցք։

«Ենթադրվում է, որ այդ ընթացքում պիտի տեսանելի դառնա, թե արդյոք տվյալ զինակոչիկի հիվանդությունը զարգանում, բարդանում է, որը կտանի ազատման, թե ոչ։ Իհարկե, լինում են նաև հիվանդություններ, որոնք հնարավոր է այդ 1 տարվա ընթացքում բժշկական միջամտության միջոցով չեզոքացնել, սակայն փորձը ցույց է տալիս, որ հանրության շրջանում չկա այդ շահագրգռվածությունը՝ բժշկական միջամտության միջոցով առողջությունը վերականգնելու ուղղությամբ աշխատանք կատարել», — նշեց նա։

Պաշտպանության նախարարը վստահեցրեց՝ այս փոփոխությամբ կվերանա զինվորական ծառայությունից խուսափելու ևս մի սողանցք։ Օրինակ հեռացված լեղապարկն այսուհետ պատճառ չի լինի ծառայությունից հեռանալու համար, ինֆեկցիոն մոնոնուկլեոզը տարկետման պատճառ կդառնա միայն սրված փուլում և այլն։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest